HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրիում ծառերն էտում են մինչեւ «պորտը»՝ քաղաքաշինական կարիքների համար զոհելով կանաչ տարածքները

Գյումրի քաղաքի օդային ավազանի աղտոտվածության վերաբերյալ բնապահպանների ու մտահոգ քաղաքացիների ահազանգերին անտարբեր՝ քաղաքային իշխանությունները շարունակում են կառուցապատման նպատակով զոհել կանաչ տարածքները: «Բիոսոֆիա» բնապահպանական ՀԿ-ի ղեկավար Գեւորգ Պետրոսյանի կարծիքով քաղաքաշինական եւ բնապահպանական ոլորտները Գյումրիում կանոնակարգված չեն՝ երկուսն էլ կառավարվում են տարերայնորեն:

«Կետային կառուցապատումները քաղաքում իրականացվել եւ իշխանությունների փոփոխությունից հետո էլ շարունակում են իրականացվել նույն տրամաբանությամբ՝ կանաչ տարածքների հաշվին, որովհետեւ մնացած տարածքներն արդեն վաճառված են,-ասում է Գեւորգ Պետրոսյանը,- կանաչ տարածքները քաղաքային իշխանությունների կողմից չգիտես ինչու ընկալվում են որպես քաղաքի համար ավելորդ գործոն, ու տարիներ շարունակ կատարվող ծառերի խորը էտը դրա դրսեւորումներից մեկն է: Կանաչ հատվածների ոչնչացման հաշվին, մենք այսօր Գյումրու կենտրոնում չունենք ճեմափողոց: Արագած եւ Ռիժկովի ճեմափողոցներին կարելի է վերաբերվել խիստ վերապահումով, քանի որ առաջինն ընդամենը չկարգավորված ավտոկայանատեղիի է վերածված, իսկ մյուսը՝ բացօթյա սրճարանների ցանցի»:

«Գեոֆոն» ՀԿ-ի ղեկավար Լեւոն Մարտիրոսյանի համոզմամբ, Գյումրու օդային ավազանի վիճակն ուղղակի ողբալի է: «Գյումրին, չլինելով արդյունաբերական քաղաք, ունի բարձր աղտոտվածության օդային ավազան,- ասում է Լեւոն Մարտիրոսյանը,- այս մասին պարբերաբար բարձրաձայնվում է, սակայն վիճակը բարելավելու ուղղությամբ շատ քիչ բան է արվում: Ասեմ, որ Գյումրու օդային ավազանի վիճակը կարգավորելու համար կա երկու ճանապարհ՝ փոշու սկզբնաղբյուր հանդիսացող տարածքների վերացում եւ կանաչապատ տարածքների ավելացում: Իմ նշած գործընթացների առումով, ցավոք, ես հետընթաց եմ արձանագրում»:

Լեւոն Մարտիրոսյանին հատկապես մտահոգում է ծառերի ամեն տարի կատարվող խորը էտը: Տարածված թյուր կարծիք կա, թե ծառը փոշին «կուլ է տալիս», այնինչ փոշին պարզապես նստում է տերեւների վրա, իսկ անձրեւը լվանում է այն. կանաչ սաղարթը յուրատեսակ փոշեկուլի դեր է կատարում, իսկ նման բնական փոշեկուլ ունենալու համար հարկ է, որ ծառն էլ սաղարթ ունենա:

«Իսկ մեր քաղաքում ամեն գարուն ու աշուն կատարվում է ծառերի խորը էտ՝ դրանք վերածելով սյուների: Հիմնական պատճառաբանությունն էլ այն է, որ ծառերը փակում են շենքերի ճարտարապետական տեսքը, շատ տերեւ է թափվում, որ պետք է մաքրել, ագռավները բույն են դնում, խանգարում են էլեկտրալարերին եւ այլն,- նկատում է Լեւոն Մարտիրոսյանը,- եթե մենք պետք է անընդհատ ծառերը էտենք, մենք նախ չենք ապահովում այդ ծառերի նորմալ վեգետացիան եւ բնապահպանական ազդեցությունը, որ ծառն ունենում է քաղաքի օդային ավազանի վրա: Քաղաքի ծառերի տեսականու մեջ բավական մեծ տոկոս է զբաղեցնում թեղին, տարածված են մանրատերեւ եւ խոշորատերեւ տեսակները: Երբ թեղին խորը էտի են ենթարկում, վարակվում է «հոլանդական» կոչվող հիվանդությամբ: Ամեն անգամ թարմ մակերես բացելով ծառի վրա՝ մենք խորացնում ենք հիվանդությունը՝ թույլ տալով մանրէներին ավելի խորը թափանցել եւ մի քանի տարի անց ծառը կտրում ենք հիմքից՝ հայտարարելով, որ հիվանդ էր»:

Գյումրիում ծառերի էտով զբաղվում են քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցները: Բնապահպանների համոզմամբ դա ոչ թե էտ է, այլ՝ գլխատում: «Ժողովրդի խոսքով ասած՝ կկտրեն մինչեւ պորտը,- նկատում է Գեւորգ Պետրոսյանը,- հաշվի չի առնվում նաեւ այն, որ ոչ բոլոր ծառատեսակներն են ենթակա էտի, օրինակ՝ սլացիկ բարդիները: Մյուս կողմից էլ բիզնես շահն է առավել կարեւորվում, եթե տվյալ շենքի առաջին հարկի խանութի կամ սրճարանի վերածված տարածքում ծառեր կան, դրանք անպայման կտրվում են՝ պատճառաբանությամբ, թե խանգարում են»:

Գեւորգ Պետրոսյանը ցավով է արձանագրում, որ տուրիզմի զարգացման անվան տակ սեփականեցվում են հանրային կանաչ տարածքները եւ կրկին՝ սխալ տրամաբանությամբ: «Արտերկրում, եթե թույլատրվում են կանաչ տարածքներում սրճարաններ կամ այլ սպասարկման օբյեկտներ տեղադրել, ապա դրանց համար սահմանվում են մի քանի անգամ ավելի բարձր վճարներ։ Բացի այդ, Գյումրի քաղաքի գոտիավորման նախագծով սահմանված է, որ կանաչ տարածքներում անջրաթափանց հատվածներ չպետք է գերազանցեն դրանց մակերեսի 30 տոկոսից ավելին, բայց Գյումրու գրեթե բոլոր կանաչ տարածքներում այս նորմը խախտված է։ Նշեմ նաեւ, որ կանաչ տարածքները սեփականության իրավուքով ձեռք բերել չի թույլատրվում, բայց մեր քաղաքում տարբեր տեղերում դա արդեն արվել է և նախկինում ԱԺ-ի կողմից էլ հաստատվել, որպես ապօրինի շինությունների օրինականացում ու այդ արատավոր պրակտիկան շարունակվում է: Իսկ մարդիկ շարժվում են հետեւյալ տրամաբանությամբ՝ եթե մեկ հոգու կարելի է, ուրեմն կարելի է շատերին»:

Գյումրեցի Վաղարշակ Ասատրյանը դեմ չէ ոչ տուրիզմի զարգացմանը, ոչ էլ մի քանի տարին մեկ կատարվող ծառերի էտին, սակայն ոչ մի կերպ չի համակերպվում մեկը մյուսով կտրուկ փոխարինելու մարդկանց մոլուցքի հետ՝ ծառը լաթի կտորով, կանաչ թուփը՝ քարե սալիկով: «Կիրովի, ներկայիս Ռիժկովի ճեմափողոցը, քիչ-քիչ վերածվում է Երեւանի Օպերայի մինի տարածքի՝ քիչ ծառեր, շատ սրճարաններ,- ասում է Վաղարշակ Ասատրյանը,- խորհրդային տարիներին այստեղ ի սկզբանե ճեմափողոց չի եղել, այլ երթեւեկելի փողոց էր՝ երկու կողմից ծառերով երիզված: Հետո, որ դարձավ ճեմափողոց, ասեմ, որ մեծ դժգոհություն չեղավ, ընդհակառակը՝ մարդիկ արդեն ունեին ճեմելու տեղ, որտեղ եւ ծառեր կային, եւ նստարաններ: Մինչեւ էս վերջին «դիզայնի» սրճարանների հայտնվելը, ճեմափողոցի աջ ու ձախ կողմերում, դրսում մետաղական կլոր սեղաններ ու աթոռակներ էին դրած: Հիմա, որ նայեք, ծռմռված վիճակով դեռ մի քանիսը կհայտնաբերեք: Սա արված էր էն մարդկանց համար, որոնք չէին կարող, ասենք, ամեն օր իրենց թույլ տալ սրճարանում գումարներ ծախսել, բայց կարող էին ամեն օր երեկոյան դրսում նստել ընկերների հետ, կամ ասենք խանութից պաղպաղակ էին գնում, նստում այդտեղ ուտում էին: Իսկ հիմա տարբերակ չունես՝ ծարա՞վ ես, սովա՞ծ ես՝ ուղիղ սրճարան»:

Ռիժկովի ճեմափողոցում մեկ տարի առաջ բացված «Բույս եւ մեղր» թեյարանի սեփականատեր Արտուշ Եղիազարյանին եւս անհասկանալի է Գյումրիում բիզնես նպատակների համար կանաչ տարածքների զոհումը: «Մեկ տարի առաջ, երբ հաստատվեցինք այստեղ, պարզ էր, որ ամառը թեյարանի դիմացի հատվածը եւս օգտագործելու ենք, սակայն այդ նպատակով հստակ կարող եմ ասել, որ ոչ մի թուփ չի ոչնչացվել: Ինչ վիճակով, որ տարածքը հասել է մեզ՝ այդպես էլ պահպանվում է: Նախորդ տերերն այստեղ որեւէ ծառ կտրել են, թե ոչ՝ կդժվարանամ ասել, կարծեմ թե չի էլ կտրվել, որովհետեւ խանութ է եղել, ու տարածքը դիմացի չի օգտագործվել: Հիմա մենք ունենք 4 ծառ թեյարանի դիմաց, որից 2-ը լորենիներ են ու երբ գարնանը ծաղկում են՝ օդը լցվում է մի անպատմելի բույրով: Ես եթե հնարավորություն ունենայի, կավելացնեի ծառերի քանակն, ուղղակի տեղ չունենք»,- նշում է զրուցակիցս:

Ծնունդով գյումրեցի գործարարը 12 տարի ապրել է Շվեյցարիայում: Ասում է, որ եվրոպական երկրներում ծառը հարստություն է համարվում եւ չի դիտարկվում որպես ավելորդություն կամ քաղաքի ճարտարապետական տեսքին խանգարող հանգամանք: «Ծառ կտրելն ինձ համար հավասարազոր է կյանք կտրելուն,- ասում է Արտուշ Եղիազարյանը,- հիմա մարդիկ մտածել են, որ բացօթյա սրճարանի համար գերադասելին սալարկած հատակը, երկաթե սյուներն ու կտորով ծածկն է, ասեմ, որ նման ծածկերի տակ ամառն ավելի շոգ է, քան եթե եղած ծառերը մնային: Մեր բացվելու տարին դրսում՝ ծառերի տակ, ունեինք դրած աթոռ-սեղան, որ արեւի ժամանակ նորմալ էր, բայց այ անձրեւից մարդիկ պաշտպանված չէին: Մենք էլ ենք հիմա անցել կտորային ծածկի, բայց՝ պահպանելով ունեցած կանաչ հատվածը»:

Ռիժկովի ճեմափողոցում մարտի 20-ին հատված բարդիները դարձան բուռն քննարկման թեմա սոցցանցերում: Բնապահպանների, մտահոգ քաղաքացիների ու քաղաքի գլխավոր ճարտարապետի մասնակցությամբ մարտի 25-ին քննարկում եղավ նաեւ «Երկխոսություն» մեդիա կենտրոնում: Ներկաներին հետաքրքրում էր, արդյո՞ք Գյումրու քաղաքապետարանը, ճարտարապետական լուծումներին զուգահեռ՝ բնապահպանական խնդիրները չշրջանցելու հստակ քաղաքականություն ունի մշակած, ինչով է պայմանավորված Ռիժկովի փողոցում իրականացված ծառերի սպանդը, եւ արդյոք նույնը չի կրկնվի ճեմափողոցում դեռեւս կանգուն ծառերի հետ:

Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի փոխանցմամբ, հսկա բարդիները կտրվել են բնակիչներից ստացած գրավոր բողոքի հիման վրա: Բողոքի հիմնական հասցեատերը «Արզուն» խանութի սեփականատերն է եղել: Վերջինս դժգոհել է ագռավներից եւ հայտարարել, որ ծառի արմատները քանդում են շենքի հիմքերը: Մտավախությունը, թե հերթական բացօթյա սրճարանի համար տեղ է նախապատրաստվում, գլխավոր ճարտարապետը չհաստատեց, նշելով, որ կտրելու թույլտվություն տվել են՝ ելնելով անվտանգությունից, իսկ սրաճարան այդ հատվածում չի լինելու:

«Դուք ամեն ինչում միայն վատն եք տեսնում, բայց եկեք լավն էլ տեսնենք,- առաջարկում է գլխավոր ճարտարապետը,- չմոռանանք, որ Սամվել Բալասանյանի քաղաքապետ ընտրվելուց հետո տարատեսակ անհասկանլի օբյեկտներից մաքրվեց «Խաղաղության օղակի» այգին ու բերվեց ներկայիս տեսքին: Գյումրեցիներին ենք վերադարձնելու մասնավորի ծրագրով «Բարեկամության» այգին, այսինքն եւս մեկ կանաչ գոտի: Նախկին «Շիրակ» հյուրանոցի տեղը հիմա նոր շինարարություն է գնում, էլի հյուրանոց է կառուցվում ու դրա հետնամասում նույնպես պատրաստվում ենք կանաչ գոտին վերականգնել»:

«Գեոֆոն» ՀԿ-ի ղեկավար Լեւոն Մարտիրոսյանի կարծիքով, ծայրամասերում որոշ չափով կանաչ տարածքների վերականգնումը չի կարող փոխարինել քաղաքի կենտրոնում իրականացվող ծառահատումներին: Բնապահպան Գեւորգ Պետրոսյանն էլ նկատում է, որ մոդայիկ ինչ-ինչ տենդեցների հետեւող քաղաքային իշխանությունները, թույլատրելով բիզնեսի համար կանաչ տարածքների ոչնչացումը, միաժամանակ պետք է պարտադրեն տվյալ անձին մեկ այլ վայրում կանաչ տարածք հիմնել: Սակայն, ըստ երեւույթին, դժվար է դիմացինից պահանջել մի բան, որին ինքդ էլ հակված չես, նկատում են բնապահպանները՝ հիշեցնելով, որ արդեն իսկ ունենք ծառազուրկ Ռուսթավելի փողոց, եւ կունենանք նմանատիպ, նույն ձեռագրով վերականգնվող Շիրազի փողոց առաջիկայում:

«Նմանատիպ քաղաքականությունը խոսում է այն մասին, որ իշխանությունները չունեն իրենց համար հստակ մշակած, միմյանցից տարանջատած բնապահպանական եւ քաղաքաշինական ծրագրեր,- ասում է Գեւորգ Պետրոսյանը,- իրենք էլ չգիտեն, թե որտեղ ինչ ծառատեսակ կամ թուփ պետք է տնկվի, որ հետագայում չասեն՝ եկեք կտրենք, որովհետեւ խանգարում է խանութի տեսքին, որովհետեւ արեւի լույսը կփակե, վա՜յ ագռավը ծրտեց, վա՜յ էլեկտրական լարերը վնասեց եւ այլն: Ես ասեմ՝ շատ ուրախ եմ, որ փողոցաշինության այս նոր ծրագրով, գոնե քաղաքի կենտրոնական փողոցներում էլեկտրալարերը հողի տակ են լինելու: Հաջորդ տարի ծառերը խորը էտի ենթարկելու պատճառներից մեկը վերանում է, տեսնեմ՝ ինչ նոր բան պիտի հորինեն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter