HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Քարսիթ կիրառելու սկզբունք կարող էր լինել երեխայի քաշն ու հասակը, ոչ թե տարիքը․ Սերգեյ Ղահրամանյան

Այս օրերին մի շարք ծնողներ սոցիալական ցանցերում իրենց մտահոգությունն են հայտնում, որ օրեր առաջ ընդունված՝ մինչև 12 տարեկան երեխաների երթևեկությունը մանկական պահող համակարգերի միջոցով (car seat) կազմակերպելու որոշումը թերի է։ Նրանց դիտարկմամբ՝ որոշումում կարգավորում չկա, թե մինչ 12 տարեկան երեխաները ինչպես պետք է երթևեկեն հանրային տրանսպորտով և տաքսի ծառայության մեքենաներով։

Նշենք՝ Կառավարությունը նախորդ նիստին որոշեց, որ մինչև 7 տարեկան երեխաների փոխադրումը թեթև մարդատար և բեռնատար ավտոմոբիլի խցիկում պետք է իրականացվի երեխայի քաշին և հասակին համապատասխանող մանկական պահող սարքերի օգտագործմամբ, իսկ 7-ից մինչև 12 տարեկան երեխաների փոխադրումը՝ երեխայի քաշին և հասակին համապատասխանող մանկական պահող համակարգերի կամ անվտանգության ամրագոտիների օգտագործմամբ։ Այդ որոշմամբ նույն տարիքային խմբի երեխաները թեթև մարդատար ավտոմոբիլի առջևի նստատեղում պետք է երթևեկեն միայն երեխայի քաշին և հասակին համապատասխանող մանկական պահող սարքերով։

«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստանում թեև շատ չէ երեխաների մասնակցությամբ վթարների թիվը, սակայն այս որոշումով դրանց քանակը նվազեցնելու հնարավորություն կա։

Ղահրամանյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ նաև ծնողների՝ սոցիալական ցանցերում բարձրաձայնած հարցերին և ընդունված որոշման թերի կողմերին։

Ասաց՝ օտարերկրյա շատ երկրների հանրային տրանսպորտը ևս երեխայի երթևեկության հատուկ կահավորում և քարսիթ չունի. «Այնտեղ ևս հստակեցված չէ, թե ոնց պետք է երթևեկեն մինչ 12 տարեկան ուղևորները։ Եթե ասենք, որ միայն մեզ մոտ է այս կարգավորման հետ անորոշություն, սխալ կլինի, բայց դրա փոխարեն կարող ենք նշել, որ շատ երկրներում ծնողները, եթե չունեն իրենց սեփական ավտոմեքենան, իրենք իրենց հետ ունեն շարժական քարսիթ»։

Սերգեյ Ղահրամանյանն այս կարգավորման լուծում է համարում տաքսի ծառայությունների ավտոմեքենաները հատուկ սարքավորումներով կահավորումը։

Սերգեյ Ղահրամանյանի դիտարկմամբ՝ երեխաներին հատուկ միջոցներով տեղափոխելու կարգը ամրագրված էր դեռևս Կառավարության 2007 թվականի որոշմամբ։ Սակայն այս նոր լրամշակմամբ տարանջատվեցին 1-7 և 7-12 տարեկան երեխաների տեղափոխման առանձնահատկությունները։ Մանրամասնում է՝ նախկինում մինչ 12 տարեկան բոլոր երեխաների համար պարտադիր էր կահավորված անվտանգության գոտիների կիրառումը, իսկ այս որոշմամբ հստակեցվել է արդեն քարսիթների կիրառումը։

ՀԿ-ի համահիմնադիրը անդրադարձավ նաև ընտանիքում մանկահասակ մի քանի երեխաների առկայությանը։ Ասաց՝ ընտանիք կա, որում կան երեք-չորս երեխաներ, և դժվար է այս պարագայում մեքենայում այդքան քարսիթ տեղադրելը։ Նրա դիտարկմամբ՝ այլ երկրներում, օրինակ՝ ԱՄՆ-ում, քարսիթի կիրառումը կարգավորվում է երեխայի հասակի և քաշի չափանիշներով, ոչ թե տարիքով։

Ղահրամանյանը մինչ 12 տարեկան երեխաներին հատուկ կահավորմամբ տեղափոխելու որոշման թույլ կետ է համարում ապացուցողական գործառույթը։ Ասում է՝ եթե մեքենայի հետևի ապակիները մգեցված են, ՃՈ տեսուչը չի կարողանալու նկատել և ապացուցել, որ մեքենայի ներսում գտնվող երեխան ամրագոտի չունի, կամ քարսիթի մեջ է մանկահասակ երեխաներից մեկը, քանի որ ՃՈ մեքենաների ներսում տեղադրված տեսախցիկները իրավունք չունեն նկարահանել ավտոմեքենայի ներսը։

Նա ընդգծում է՝ ծնողները չպետք է մտահոգվեն քարսիթ գնելու ֆինանսական բեռից, քանի որ դրա գինը սկսվում է մոտավորապես 10 հազար դրամից և որոշումով տեխնիկական հատուկ պահանջներ չեն սահմանվել։ «Այսինքն՝ վարորդների հանդեպ այս հարցում որևէ ճնշում կամ հատուկ պահանջներ չեն դրվել։ Նրանք ազատ են իրենց ընտրությունում»,- ասաց Սերգեյ Ղահրամանյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter