HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զարթոնք համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Զարթոնք համայնքի ղեկավարի կողմից առերևույթ յուրացումներ կատարելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել:

Կոմիտեն հայտնում է, որ 2019թ. մարտի 11-ին Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի թվով 6 բնակիչներ դիմում են ներկայացրել ոստիկանության Մեծամորի բաժին այն մասին, որ Զարթոնք համայնքի ղեկավարը թույլ է տվել մի շարք չարաշահումներ, մասնավորապես՝ յուրացրել է սոցիալական օգնության նպատակով համայնքի բյուջեից դուրս գրված գումարները:

Դիմումի կապակցությամբ ոստիկանության Մեծամորի բաժնում նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում Զարթոնք համայնքի նշված բնակիչները, ովքեր 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներ են, հաղորդումներ և բացատրություններ են տվել այն մասին, որ համայնքի ղեկավարն իրենց անուններով համայնքի բյուջեից ընդհանուրը 1 100 000 դրամ գումարի չափով օգնություն է դուրս գրել, սակայն իրենցից մեկն ընդհանրապես գումար չի ստացել, իսկ մյուսներն ստացել են ընդհանուրը 300 000 դրամ գումար:

Տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ ART բարեգործական կազմակերպությունից Զարթոնքի համայնքապետարանին է փոխանցվել 400 ԱՄՆ դոլար գումար՝ քառօրյա պատերազմին մասնակցած և վիրավորված երկու զինծառայողների բուժման և հանգստի նպատակով, որը, սակայն, չի փոխանցվել նրանց:

Փաստի առթիվ ոստիկանության Մեծամորի բաժնում 2019թ. մարտի 21-ին հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի և 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որն ըստ ենթակայության ուղարկվել է քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ:

Իրականացվել են մի շարք քննչական գործողություններ՝ հարցաքննվել են վկաներ, առերևույթ հանցագործության մասին հաղորդում տված անձինք, կատարվել դիմումատուների կողմից ներկայացված փաստաթղթերի զննություն:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 2019թ. ապրիլի 15-ին համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter