HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանից 5 ամիս կպահանջվի՝ Սիլվա Համբարձումյանին Քոչարյանի հայցի մասին պատշաճ ծանուցելու համար

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Էդիկ Ավետիսյանի, այսօր մեկնարկեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ գործարար Սիլվա Համբարձումյանի գործով առաջին դատական նիստը, որը, սակայն, րոպեներ տևեց: Գործարար Սիլվա Համբարձումյանը նիստի մասին պատշաճ ծանուցված չէր:

Նիստերի քարտուղարը նշեց, որ Համբարձումյանի ծանուցումն իրականացվել է նրա հաշվառման հասցեի վարչական ղեկավարի միջոցով, որտեղից մինչ օրս պատասխան չի ստացվել: Հայցվոր Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը դատարանին տրամադրեց Համբարձումյանի երկու հասցե՝ վերջինիս պատշաճ ծանուցելու համար՝ միաժամանակ նշելով, որ Համբարձումյանն առնվազն լրատվամիջոցներից հստակ տեղեկացվել է այսօրվա նիստի մասին:

Դատավոր Էդիկ Ավետիսյանը դատական նիստը հետաձգեց մինչև սեպտեմբերի 26-ը՝ պատճառաբանելով, որ նշված ժամանակահատվածն անհրաժեշտ է Սիլվա Համբարձումյանի պատշաճ ծանուցումն ապահովելու համար:

Այսօր ապրիլի 16-ն է, այսինքն՝ ստացվում է, որ դատարանին հինգ ամիս է անհրաժեշտ՝ Համբարձումյանի պատշաճ ծանուցումն ապահովելու համար:

Հիշեցնենք, որ հայցի համար հիմք է հանդիսացել Սիլվա Համբարձումյանի՝ 2018 թվականի նոյեմբերի 2-ի ասուլիսի ժամանակ հնչեցրած արտահայտությունները:

«Ես 2008 թվականին խոշոր գործարք եմ արել արաբների հետ և ինձ չխանգարելու համար վճարել եմ հանրապետության նախագահին՝ Քոչարյան Ռոբերտին»,- ասել է Սիլվա Համբարձումյանը:

Հայցվոր կողմն այժմ պահանջում է զրպարտություն համարվող փաստացի տվյալների հերքում և 2 մլն դրամ փոխհատուցում:

Լրագրողների հետ զրույցում Արամ Օրբելյանն ասաց, որ եթե Սիլվա Համբարձումյանը դատարանում հերքի իր արած արտահայտությունները, ապա հայցվոր կողմը, հնարավոր է, հրաժարվի դրամական փոխհատուցման պահանջից:

Նշենք, որ Քոչարյանին այժմ Համբարձումյանի հայտնած տեղեկությունների հիման վրա կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրված, որը կքննվի Մարտի 1-ի գործի հետ մեկ վարույթում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter