HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Նիհարելու միջոցներ՝ արգելված դեղանյութով. ստվերային բիզնես՝ մարդկանց առողջության հաշվին

«Հետք»-ը մի քանի ամիս շարունակ ուսումնասիրել է նիհարեցնող միջոցների շուկան: Մենք պարզել ենք, որ, բացի գրանցված նիհարեցնող միջոցների շուկայից, Հայաստանում գործում է, այսպես կոչված, «սև շուկա». 100 % «բնական» կապսուլաների անվան տակ ազատորեն վաճառվում են Հայաստանում արգելված դեղանյութ պարունակող նիհարեցնող միջոցներ, դրանցից մեկն անգամ ունի պետական գրանցում:

Այս երկու շուկաների ուսումնասիրության արդյունքում հայտնաբերել ենք լուրջ բացթողումներ նաև օրենսդրական դաշտում, ավելին, Հայաստանում չեն պատրաստվում մասնագետներ, որոնք իրավասու են նշանակելու կենսաբանական ակտիվ հավելումներ:

 

Օրենսդրական թերություններն ու մասնագետների բացակայությունը

Ամբողջ աշխարհում բնակչության մահացության հիմնական պատճառների ցանկում 5 %-ը բաժին է հասնում ավելցուկային քաշին և ճարպակալմանը։

Ավելորդ քաշի դեմ պայքարում առավել ակտիվ են կանայք։ Սակայն «Առողջապահության համակարգի գործունեության գնահատման» 2017թ. և դեռևս վերջին զեկույցի տվյալներով՝ Հայաստանում ավելորդ քաշ կամ ճարպակալում ունեցողների թվում կանանց և տղամարդկանց թիվը գրեթե հավասար է:

Weight
Infogram

Ավելին, մինչև 40 տարեկան անձանց շրջանում առավել հաճախ ավելորդ քաշ և ճարպակալում գրանցված է տղամարդկանց մոտ։ Իսկ ահա 40-ից բարձր տարիքում կանանց թիվն արդեն սկսում է գերակշռել։ Սակայն միջին բաշխվածությունը շարունակում է մնալ հավասար։

Նիհարելու համար նախատեսված միջոցներն ամբողջ աշխարհում դարձել են բիզնեսի շահավետ միջոց. Հայաստանը ևս բացառություն չէ։ Ցանկալի քաշին հասնելու համար երբեմն մարդիկ պատրաստ են զոհասեղանին դնել նույնիսկ սեփական առողջությունը՝ օգտագործելով թե՛ դեղեր, թե՛ հավելումներ:

Հատկապես լայն տարածում ունեն նիհարեցնող կենսաբանական ակտիվ հավելումները. դրանք նույնականացվում են իբրև սնունդ և վերահսկվում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից: Այդ պատճառով էլ կենսաբանական ակտիվ հավելումների գրանցումը, ի տարբերություն նույն նպատակին ծառայող դեղամիջոցների, արագ և ոչ այնքան ծախսատար գործընթաց է։ Ի դեպ, մինչև Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելը, կենսաբանական ակտիվ հավելումների պետական գրանցումը պարտադիր չէր:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանն ասում է, որ դեռևս տարիներ առաջ չկար մի մարմին, որ գրանցեր կենսաբանական ակտիվ հավելումները:

«2016թ. մենք բոլոր խոշոր դեղատներում իրականացրինք մեր դիտարկումները և այդ ժամանակ մեզ համար պարզ դարձավ, որ կան մեծ քանակի կենսաբանական ակտիվ հավելումներ, որոնց վրա մեկի վրա մակնշումն է բացակայում, մյուսը պետական գրանցման վկայական չունի, բայց կար նաև կազուս. Հայաստանի Հանրապետությունում չկար մարմին, որը պետական գրանցում կկատարեր»:

Այսօր Հայաստանում կա գրանցման վկայական տրամադրելու իրավասություն ունեցող 8 սերտիֆիկացման մարմին: Պարտադիր պետական գրանցումը, սակայն, միայն փաստաթղթային տեսք ունի. կենսաբանական ակտիվ հավելումները ոչ թե փորձաքննվում են, այլ ընդամենը ստուգվում է դրանց վերաբերյալ արտադրողի ներկայացրած փաստաթղթային փաթեթը, ինչի հիման վրա և տրվում է շրջանառության և վաճառքի թույլտվություն։ Ընդ որում՝ ԵԱՏՄ մի երկրում տրված պետական գրանցման վկայականը փոխադարձ ընդունելի է միության անդամ բոլոր երկրներում։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այս ամբողջ գործընթացում ունի ընդամենը մեկ գործառույթ՝ ռեեստրում մուտքագրել այդ ապրանքի պետական գրանցման վկայականի համարը։

«Չկա ոչ մի հստակեցում, թե պետական գրանցման ընթացակարգում ինչ պետք է անեն, և դրանից շատ դեպքերում օգտվում են։ Այսպես ասած, սոցիալական պատասխանատվություն չունեցող տնտեսվարողները փորձում են օգտվել»,- ասում է Վ. Դանիելյանը:

Մինչ օրս ՍԱՏՄ-ի հայտնաբերած խախտումների մեծ մասը վերաբերել է մակնշմանը կամ պետական գրանցման վկայականի բացակայությանը: Վահե Դանիելյանը հաստատում է՝ «Սննդային արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության 021/2011 տեխնիկական կանոնակարգը, որով կարգավորվում են կենսաբանական ակտիվ հավելումները, շատ մեղմ է գրված։

«Դաշտի հստակեցման խնդիր կա. դա մեզնով պայմանավորված չէ։ Բազմիցս հենց մեկը ես հարցը բարձրացրել եմ Եվրասիական տնտեսական միության տարբեր շրջանակներում։ Մենք ունենք օրենսդրական լուրջ հակասություններ»։

Այս կարծիքին են նաև առողջապահության ոլորտի մասնագետները: Մասնավորապես, Երևանի պետական բժշկական համալսարանի Ֆարմակոգնոզիայի ամբիոնի վարիչ Նաիրա Չիչոյանն ասում է, որ կենսաբանական ակտիվ հավելումները պետք է լինեն նաև առողջապահական ոլորտի տիրույթում:

«Եվրասիական միության շրջանակներում ձևավորված այդ տեխնիկական չափորոշիչները, որոնք ընդամենը հսկում են կենսաակտիվ հավելումների անվտանգությունը՝ ծանր մետաղներ, ռադիոնուկլիդներ, միկրոբիոլոգիական աղտոտվածություն, բավարար չէ, և միանշանակ, կենսաակտիվ հավելումները պետք է գտնվեն նաև առողջապահության ոլորտի փորձագետների հսկողության ներքո»,- ասում է Ն. Չիչոյանը:

Բացի օրենսդրական թերություններից, լուրջ բաց կա նաև մասնագետների ոլորտում. Երևանի պետական բժշկական համալսարանը չի պատրաստում սննդաբանների, որոնք իրավասու կլինեն նշանակելու կենսաբանական ակտիվ հավելումներ։

«Էկոկենտրոն»-ի սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանն ասում է, որ Հայաստանում սննդաբաններ չեն պատրաստվում, և պարզ չէ՝ ով է հավելումներ նշանակողը:

«Կոնկրետ որպես ինստիտուտ՝ սննդաբան մենք չունենք. դու չես կարող գնալ և վերապատրաստվել այդ ուղղությամբ։ Ես բազմիցս ականատես եմ եղել դեպքերի, երբ որ մարդն իրեն կոչում է դիետոլոգ կամ կոչում է սննդաբան, և նա գաղափար չունի նուտրիգենոմիկա առարկայից»:

Դավիթ Պիպոյանը նշում է, որ մարդիկ շատ հաճախ ուշադրություն չեն էլ դարձնում կենսաբանական ակտիվ հավելման ազդող նյութի վրա, որի գերդոզավորումը կարող է բացասական ազդեցություն ունենալ:

«Բնության մեջ գոյություն չունեն բուժանյութեր և թունանյութեր. դոզան է տարբերակում թույնը դեղամիջոցից կամ բուժող նյութից։ Դոզավորումն է խնդիրը, քանի որ անգամ մեկ սննդամթերքի սպառման արդյունքում այնտեղ պարունակվող ակտիվ տարրի գերազանցում է հնարավոր ապահովել»:

 

Նիհարեցնող միջոցների «սև շուկան» 

Վերջին 4 տարիներին Հայաստանում կենսաբանական ակտիվ հավելումների տեսակների թիվը կրկնակի աճել է։ 2018թ. տվյալներով՝ պետական գրանցում ունի և դեղատներում վաճառվում է 396 անուն կենսաբանական ակտիվ հավելում, որոնցից ամենաշատը բերված է ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ռուսաստանից, Սլովենիայից և Իտալիայից։

Սակայն նիհարելու համար նախատեսված միջոցների շուկան չի եզրափակվում միայն օրինական ճանապարհով ներկրված և մաքսային հսկողություն անցած ապրանքներով։ Միանգամայն «բնական» և «անվտանգ» նիհարելու միջոցներ է մեզ առաջարկում նաև համացանցը.

«Նիհարելն այլևս երազանք չէ», «նիհարեք 9-15 կգ մեկ ամսում՝ առանց վնասի», «100 % երաշխիք, 10 տարվա փորձ, առանց դիետաների և մարզումների, բնական ու անվտանգ»:

Այսպիսի գովազդների սոցիալական ցանցերում կարելի է հանդիպել գրեթե ամեն օր։ Այդ գրառումներն ունենում են հետաքրքրվողների մեծ բանակ և բազմաթիվ գնումներ։

Եվ քանի որ նիհարելու այդ միջոցները սպառողին ներկայացվում են որպես միանգամայն բնական և անվտանգ միջոցներ, այլ ոչ թե դեղեր, որոնց վաճառքի համար հատուկ լիցենզիա է հարկավոր, մենք որոշեցինք ուսումնասիրել նաև այս շուկան։

Առանձնացրինք «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ակտիվ վաճառք իրականացնող 3 հոգու և փորձեցինք կապ հաստատել նրանց հետ՝ այդ «հրաշք» միջոցները ձեռք բերելու համար։

Առաջինը դիմեցինք An Darya անունով գրանցված (իրական անունը՝ Անի, հեղ.) ֆեյսբուքյան օգտատիրոջը։ Նա խոստանում է «1 ամսում 15 կգ քաշի կորուստ» և հավաստիացնում, որ իր ապրանքը բուսական ծագում ունի և միանգամայն անվնաս է։

«1 ամսում 15 կգ քաշի կորուստը ոչ թե երազանք է, այլ ռեալ արդյունք»

Բացի այդ, Անին խոստանում է «օրգանիզմի ճարպային պաշարների ոչնչացում» և «ախորժակի բացակայություն»։ Զանգահարում ենք իրեն։ Պարզվում է՝ դրանք ամերիկյան «Garcinia 3000 Etxreme» նիհարելու կենսաբանական ակտիվ հավելումներն են։ Ազդող նյութը՝ կամբոջական գարցինիա բույսի փոշու էքստրակտ:


Հատված՝ Անիի հետ մեր հեռախոսազրույցից

-Կուրսը տևում ա 20 օր, խմում են օրական 3 հատ ուտելուց 20 րոպե կամ կես ժամ առաջ, դա արվում ա էն նպատակով, որպեսզի նաև ախորժակը փակի, ինքը շատ լավ ախորժակ փակելու հատկություն ունի:

-Ես ստամոքսի հետ կապված խնդիր ունեմ,  էս դեպքում էդ դեղերը նորմա՞լ են, թե՞ չէ:

-Մենք ունեցել ենք ստամոքսի հիվանդներ՝ գաստրիտով, էրոզիայով ստամոքսի, որ խմել են ու իրանք, ընդհանրապես, մտավախություններով են վերցրել, ճիշտն ասած, հետո ինձ էլ ա հետաքրքիր եղել: Ինքը ընդհանրապես հակացուցված ա միայն հղիներին և կերակրող մամաներին, մեկ էլ՝ անչափահասներին խորհուրդ չի տրվում... Մարդիկ կան, որ մտավախությունով, ստամոքսի խնդիր ունենալով հանդերձ՝ վերցրել են, հետո ինձ հետաքրքրել ա, ճշտել եմ՝ ասել են՝ նորմալ ա եղել:

Անիի խոսքերով՝ հիմնական ապրանքը գտնվում է Վանաձորում, սակայն վաճառք իրականացնում են նաև Երևանում։ Այսպիսով, մեզ հաջողվում է 16 500 դրամով ձեռք բերել իրականում մոտ 6000 դրամ արժողությամբ այս հավելումը։

Թեև գարցինիա պարունակող ԿԱՀ-եր Հայաստանում գրանցված են և վաճառվում են, սակայն կոնկրետ այս ապրանքը չունի պետական գրանցում. այն ներկրվում և իրացվում է առանց մաքսային հսկողության, վաճառվում՝ ապօրինի և չունի հայերեն մակնշում։

Նաիրա Չիչոյանն ընդգծում է, որ գարցինիայի կիրառման ժամանակ արձանագրվել են մի շարք կողմնակի ազդեցություններ. «Այսօր, երբ որ թերթում ես եվրոպական տեղեկատվական տվյալները կենսաակտիվ հավելումների վերաբերյալ, այնտեղ նշվում է, որ գարցինիայի դեպքում են եղել, կողմնակի ազդեցություններ են գրանցվել։ Ուրեմն, միանշանակ այստեղից պետք է բարձրաձայնել, որ որակը պետք է հսկվի, բաղադրության վրա պետք է ուշադրություն դարձվի»:

Հաջորդը դիմում ենք Վիկտորյա Խաչատրյանին, որը խոստանում է «բուսական կապսուլաներով» 1 ամսում մեզ նիհարեցնել 9-15 կգ-ով։ «Երաշխավորում ենք անվտանգությունը և արդյունքը»,- հայտնում է նա:

Վիկտորյա Խաչատրյանը, ավելի ճիշտ՝ կապիտան Վիկտորյա Խաչատրյանն աշխատում է Արտակարգ իրավիճակների նախարարությունում՝ հատուկ փրկարարական ջոկատում։ Նիհարեցնող միջոցների վաճառքով, իր ասելով, զբաղվում է արդեն 7 տարի։

Նրա հետ մեր առաջին շփումը չստացվեց. երբ հետաքրքրվեցինք այդ ապրանքների լիցենզիայից, վերջինս ուղղակի անջատեց հեռախոսը:

Հատված՝ Վիկտորյա Խաչատրյանի հետ մեր հեռախոսազրույցից

- Իսկ ինքը նորմալ լիցենզիա ունի՞:

- Այո՛, ասեցի, արդեն ասեցի:

-Իսկ դուք, որ պետք լինի, կարո՞ղ եք էդ թղթերը բերել, ես էլ նայեմ վերցնելիս:

- Ինչպե՞ս:

- Էդ թղթերը, լիցենզիան, բան, բերեք, ես առնելու ժամանակ...

- Չէ՛, հարգելի՛ս, դրա համար գոյություն ունի ինտերնետ, կարող եմ ինտերնետով փոխանցել, հիմա պետք ա լիցենզիան բերեմ, ձեզ տա՞մ: Ուզում եք՝ մի հատ էլ քսերոքս անեմ ձեզ բերեմ, մի քանի հոգու էլ տաք, էհ՜ (անջատում է հեռախոսը, հեղ.):

Սակայն մենք չհանձնվեցինք և որոշ ժամանակ անց նորից փորձեցինք կապ հաստատել Վիկտորյայի հետ: Մինչ այդ հասցրինք պարզել, որ նա վաճառում է երկու տեսակի «բուսական կապսուլաներ»՝ իր ասելով՝ ռուսական «Нормомасс»՝ իրականում չինական, և այսպես ասած՝ «դրա ուժեղ դոզայովը». դարձյալ իր ասելով՝ արտասահմանյան, ապա՝ ամերիկյան և որակով ավելի բարձր, իրականում՝ ռուսական:

Մեր խնդրանքները՝ հայտնել «ուժեղ միջոցի» անվանումը կամ գնելուց առաջ ցույց տալ դրա տուփը կամ գոնե տուփի նկարը, մերժվեցին:

Հատված՝ Վիկտորյա Խաչատրյանի հետ մեր հեռախոսազրույցից

- Ինտերնետում իրա մասին ինֆորմացիա չկա, նայեք՝ ուզում եք՝ հայերեն, ուզում եք՝ ֆրանսերեն, ինչ ուզում եք, գրեք, չի բերելու ոչ մի բան:

- Խի՞ բա, ինչ՞ դեղ ա որ, չի բերում ինֆորմացիա:

- Դե չէ, որ ինչ-որ բան բերեր, հենա ապտեկաներում էլ կվաճառեին, էլի:

Որոշում ենք ձեռք բերել այդ «բուսական կապսուլաներից» և՛ թույլ, և՛ ուժեղ դոզայով: Վերջինիս մեկ կապսուլան արժե 1500 դրամ, վաճառվում է նվազագույնը 10 հատով։ «Нормомасс»-ի մեկ կապսուլայի արժեքն է 500 դրամ։ Բայց, քանի որ գնորդները շատ են, ստիպված ենք լինում մի քանի օր սպասել մեր հերթին:

Հատված՝ Վիկտորյա Խաչատրյանի հետ մեր զրույցից, հաբերը գնելու ժամանակ

- Մի ամիս պետք ա խմի՞ (հեղ.):

Մի ամիս, 9 կգ մի ամսում ամենաքիչը, մինչև 15-17 կիլո ունեմ նիհարող։ Քաշից ա կախված, տարիքից էլ, վոբշըմ, օրգանիզմից ա կախված։ Բայց էն, որ 10 կիլո էսքանով չի իջնի, էդ վստահ։ Մի խոսքով, թող ինքը ինձ զանգի, ես կասեմ խմելու ձևը։

- Սրանից շա՞տ են տանում, է՞ս ա լավը, էս վերցնե՞նք:

- Կապո՞ւյտը, հա, միանշանակ կապույտը։ Իրանից դոզայով ավելի բարձր ա ու որակով ավելի բարձր ա։ Ես համարյա սրանից (կանաչն է ցույց տալիս) ոչ մեկին չեմ էլ առաջարկում։ Էն որ ինքը ասեց, դրա համար ես տվեցի։ Ինձ համար լրիվ մեկ ա։ Ուղղակի դոզայով ու որակով ինքը ավելի լավն ա (կապույտը նկատի ունի, հեղ

Երրորդ անձը, ով խոստանում է «արագ և անվնաս նիհարում և 100 %  երաշխիք», Lilarm Gev անունը կրող ֆեյսբուքյան օգտատերն է, իրական կյանքում՝ Լիլիթ Եգանյան, որն անձնական զրույցում ներկայանում է որպես բժիշկ։ Եվ իսկապես, պարզում ենք, որ նա աշխատում է «Երևանի թիվ 8 պոլիկլինիկա»-ի քիթ-կոկորդ-ականջաբանական բաժնում, սակայն՝ որպես բուժքույր։ Իր խոսքերով՝ նիհարեցնող միջոցների վաճառքով զբաղվում է 10 տարի։

«Նիհարեք արագ և առողջ. 100 % արդյունք...բնական ու անվտանգ»,- ասում է նա:

Վիկտորյա Խաչատրյանի նման, Լիլիթ Եգանյանը ևս վաճառում է նիհարեցնող միջոցների 2 տեսակ՝ «Нормомасс»-ը, որն իր ասելով՝ նշանակում է նույնիսկ երեխաներին՝ սկսած 12 տարեկանից, և «դրա ուժեղ տեսակը», որի անունը դարձյալ հրաժարվում է հայտնել, սակայն, բազմաթիվ հարցերից հետո, ի վերջո, խոստովանում է, որ այն բերվել է Կիևից և քիմիական է:

Հատված՝ Լիլիթ Եգանյանի հետ հարցազրույցից.

- Ուրեմն, ձեզ ասեմ, իրանք 2 տեսակ են՝ քիմիական ու բուսական։ Բուսականները 12 տարեկանից նշանակվում ա, ուրեմն, ինքը ոչ մի հակացուցում չունի, նույնիսկ՝ տարիքային սահմանափակում չունի։ Ինքը համեմատած ավելի թույլ ա ազդում։ Ուրեմն, նույն բաներն են անում, էսպես ասած՝ ախորժակի կենտրոնի վրա ա ազդում, ախորժակն ա փակում, նյութափոխանակությունն ա արագացնում, ճարպ, խոլեստերին ա հանում:

- Բուսակա՞նը:

-«Նորմոմաս»-ն ա դա։ Ամսական մինչև 5 կիլո ես իրանով քաշ գցում։ Եթե դուք իրանով որոշեք, ասենք՝ սկսեք, ես ձեզ չեմ կարա ասեմ, որ դուք մի ամսում 10 կիլո պտի նիհարեք դրանով միանշանակ, որովհետև չի լինի էդ արդյունքը, մաքսիմում՝ 5 կիլո։ Ունեմ մարդիկ, որ չեն շտապում, իրանց հարմար ա, որ իրանք դանդաղ նիհարեն, առաջարկում եմ էդ։ Իսկ մյուս տարբերակը, ինքը քիմիական ա, այսինքն՝ դեղի տեսքով ա, պարունակությունը էլի... ասենք, մոտավորապես կարամ ասեմ ազդեցությունը նույնն ա, ուղղակի էս դեպքում ավելի արագ եք քաշ գցելու։ Ամսական 8-10 կիլոն հաստատ գցում եք։ Մարդ ունեմ, վաբշե 15 ա գցում, մարդ ունեմ 10 օրում 7 կգ ա գցում, պռոստը անհատական ա դա։ 10 օրում 3-4 կիլո, դա միանշանակ ա։

Հետաքրքվում ենք, թե որպես բժիշկ, որը խորհուրդ կտա։ Լիլիթ Եգանյանը նախ հարցնում է, թե ինչ առողջական խնդիրներ ունենք։ Հայտնում ենք, որ որևէ խնդիր չունենք։ Առաջարկում է վերցնել «ուժեղ դոզայովը», «մի հատ լավ էֆեկտ ունենալու» համար, հետո արդեն այն զուգակցել «թույլ»-ի հետ։
Լիլիթից մենք ձեռք ենք բերում միայն քիմիականը՝ հատը 1000 դրամով։

Հատված Լիլիթ Եգանյանի հետ զրույցից.

- Ինքը «Капсулы для похудения» ա, հատուկ ինչ-որ ըտենց անուն չունի, որ ես ձեզ ասեմ, արդեն 10 տարվա փորձ կա, անձամբ իմ վրա եմ փորձը սկսել։
- Ո՞ր երկրի արտադրանք ա:
- Կիևի:

Այս ընթացքում զուգահեռ այցելում ենք նաև դեղատներ, հետաքրքրվում, թե «նիհարեցնող ինչ ունեն» ու «որից են շատ տանում»։ Ձեռք ենք բերում դեղատան աշխատակիցների կողմից առավել շատ առաջարկվող նիհարեցնող կենսաբանական ակտիվ հավելումների 4 տեսակ։

Այս և մնացած բոլոր նիհարեցնող միջոցները, որոնք ձեռք են բերվել թե՛ դեղատներից, թե՛ մասնավոր անձանցից, տանում ենք փորձաքննության «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» պարզելու համար՝ արդյոք դրանք պարունակում են ախորժակն ընկճող սինթետիկ նյութեր։

Այսպիսով, մենք փորձաքննության ենք ներկայացրել նիհարելու համար նախատեսված միջոցներից  8 նմուշ՝ «Турбослим День», «Турбослим Ночь», «Apple Cider 600», «BioDrain», որոնք գրանցված են և գնել ենք դեղատներից, և «Garcinia 3000Extreme», «Нормомасс» և երկու տեսակի, այսպես ասած, «դրա ուժեղ դոզայովից»։

Փորձաքննության ներկայացրած նիհարելու միջոցները

Վերջին 10 տարիների ընթացքում «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն»-ը  սինթետիկ նյութեր հայտնաբերել է միայն տղամարդկանց պոտենցիայի համար նախատեսված և շուկայում վաճառվող կենսաբանական ակտիվ հավելումներում, մասնավորապես՝ հայտնաբերվել են սիլդենաֆիլ և տադալաֆիլ։

«Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն»-ի տնօրենի պաշտոնակատար Լևոն Մելիքյանն ասում է, որ իրենք նիհարեցնող հավելումներում մինչ օրս որևէ սինթետիկ նյութ չեն հայտնաբերել: 

«Կենսաբանական ակտիվ հավելումները սխալ է որակել որպես ֆարմակոլոգիական ակտիվություն ունեցող պրոդուկտներ։ Ուսումնասիրվել են նիհարեցմանը նպաստող կենսաբանական ակտիվ հավելումներ, որոնց մեջ նույնպես որևիցե օրլիստատ կամ սիբուտրամին չի հայտնաբերվել»։

 

Արգելված դեղանյութ՝ նիհարեցնող հավելումներում. փորձաքննության արդյունքները

«Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն»-ի իրականացրած լաբորատոր փորձաքննության արդյունքների համաձայն՝  1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ համարի նմուշներում սինթետիկ նյութեր չեն հայտնաբերվել: Իսկ ահա, 6-րդ, 7-րդ և 8-րդ համարի նմուշներում հայտնաբերվել է ախորժակն ընկճող և Հայաստանում արգելված սիբուտրամին հոգեմետ դեղանյութը (համապատասխանաբար՝ N6-ում՝ 14,95 մգ, N7-ում՝ 5,6մգ և N8-ում՝ 13,7 մգ):

Սիբուտրամին. ուժեղ ներգործության հոգեմետ դեղանյութ է, որն ազդում է կենտրոնական նյարդային համակարգի վրա, այսպես ասած՝ «միջամտում» ուղեղի աշխատանքին՝ արգելափակելով այն կենտրոնները, որոնք պատասխանատու են սովածություն զգալու համար:

Սիբուտրամինը բացասական ազդեցություն ունի հատկապես սրտի վրա. դրա օգտագործումը մեծացնում է սրտային հիվանդությունների առաջացման վտանգը, բացի այդ, կարող է դառնալ անքնության, սթրեսների և հոգեկան խանգարումների պատճառ. գրանցվել են նույնիսկ մահվան դեպքեր։

Այս և մի շարք այլ կողմնակի ազդեցությունների, ինչպես նաև՝ մեծ թվով հակացուցումների պատճառով 2010թ.-ից սիբուտրամին պարունակող դեղանյութերը հետ են կանչվել շուկայից, իսկ դրանց հետագա վաճառքն արգելվել է աշխարհի մի շարք երկրներում, ինչպես օրինակ՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Մեքսիկայում, եվրոպական երկրներում, Ավստրալիայում, Չինաստանում, Հոնկոնգում, Հնդկաստանում, Նոր Զելանդիայում, Ֆիլիպիններում և Թաիլանդում:

Ռուսաստանում սիբուտրամինը ներառված է ուժեղ ազդեցության դեղանյութերի ցանկում և բաց է թողնվում միայն հատուկ դեղատոմսով։

Սիբուտրամին պարունակող այս 3 նիհարելու միջոցներից կենսաբանական ակտիվ հավելում է միայն «Нормомасс»-ը, որը թեև ունի գործող պետական գրանցում և կարող է վաճառվել ԵԱՏՄ բոլոր երկրներում, սակայն տրվել է հին նորմատիվ փաստաթղթերով՝ 2011թ. սանիտարա-համաճարակային և հիգիենիկ նորմերով: Գրանցումն իրականացրել է Ղազախստանը:

«Нормомасс»-ը ոչ թե ռուսական է կամ ամերիկյան, ինչպես այն փորձում էին ներկայացնել վաճառողները, այլ Չինաստանում հիմնադրված «Green World» ցանցային ընկերության արտադրանքն է։ Որոշ դեղագետների գնահատմամբ՝ 6-րդ և 8-րդ նմուշները կարելի է նույնականացնել ռուսական «Редуксин» նիհարեցնող հաբերի հետ։ Լիցենզիայի մասին հարցերից առաջացող զայրույթը, հաբերի անունը չասելն ու տուփը ցույց տալուց հրաժարվելը թույլ են տալիս եզրակացնել, որ վաճառողները, այնուամենայնիվ, տեղյակ էին՝ ինչ են վաճառում։

 

30-ից ավելի քրեական գործ՝ մաքսանենգության դեպքերի առթիվ

«Դեղերի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ չգրանցված և որակի պահանջներին չհամապատասխանող դեղանյութերի վաճառքն արգելվում է, իսկ Քրեական օրենսգրքով՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով հոգեմետ դեղերի մաքսանենգությունը պատժվում է ազատազրկմամբ:

Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում 2018թ.-ին 30-ից ավելի քրեական գործ է հարուցվել թմրամիջոցների, հոգեմետ դեղերի ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ։ Դրանք հայտնաբերվել են արտերկրից, մասնավորապես՝ ԱՄՆ-ից և եվրոպական երկրներից ուղարկված փոստային ծանրոցներում։ Նշենք, որ Հայաստանում անձնական օգտագործման համար նախատեսված մինչև 5 կգ ծանրոցը ենթակա չէ մաքսազերծման։

«Պատկերացնո՞ւմ եք՝ հինգ կիլոգրամ պատիճավորված կենսաբանական ակտիվ հավելումը. դա կարող է լինել լուրջ քանակ, կարող է լինել, ասենք, 500 տուփ,-ասում է Վ. Դանիելյանը:- 500 տուփն արդեն իսկ առևտրային ծավալ է իրենից ներկայացնում և իրացվելու է շուկայում։ Մենք պետք է փորձենք կանոնակարգենք այ էդ փուլը, որպեսզի կանխենք դրանց մուտքը Հայաստանի Հանրապետություն»:

 

Գրանցված, բայց «կեղծված» կենսաբանական ակտիվ հավելումները. մակնշման խախտումներ

Լաբորատոր փորձաքննության ներկայացրած 8 նմուշներից որպես կենսաբանական ակտիվ հավելում պետական գրանցում ունեն 5-ը, սակայն միայն 4-ն են վաճառվում հայաստանյան դեղատներում: Այդ պատճառով ուսումնասիրել ենք միայն դրանց մակնշումները և հայտնաբերել խախտումներ N1, N2, N4 կենսաբանական ակտիվ հավելումներում:

Մասնավորապես, առաջին համարի տակ փորձաքննության է ներկայացվել ռուսական «Էվալար» (Эвалар) դեղագործական ընկերության արտադրության «Турбослим День» նիհարեցնող կենսաբանական ակտիվ հավելումը (խմբաքանակի համար՝ 111076)։  Ներմուծողն է հայկական «Սիա Ֆարմ» ընկերությունը։

Ըստ օրիգինալ ռուսերեն մակնշման՝ հավելումի ակտիվ ազդող նյութերն են՝ «L_ կարնիտինի տարտրատ, գուարանի էքստրակտ, ժելատին, երկաթի օքսիդ, տիտանի երկօքսիդ, ինուլին, քրոմի պիկոլինատ, կալցիումի ստերիատ՝ բուսական ծագման և կրեմնիումի երկօքսիդ՝ ամորֆ»։

Օրիգինալ մակնշման մեջ պահպանված է կենսաբանական ակտիվ հավելումների մակնշմանը վերաբերող պահանջը, այն է՝ ուղղակիորեն չնշել որևէ բուժիչ հատկության մասին, միայն նշել, որ «նպաստում է» կամ «օգնում է» ինչ-որ բանի:

Սակայն հայերեն մակնշումը չի համապատասխանում օրիգինալ մակնշմանը. դրա մեջ կան մի շարք խախտումներ. այն դժվարընթեռնելի է, թերի և օրիգինալ մակնշումից տարբերվում է, ինչն արդեն «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև ՄՄ ՏԿ 021/2011 խախտում է։

Մասնավորապես՝ հայերեն մակնշման մեջ որևէ տեղեկություն նշված չէ կենսաբանական ակտիվ հավելումի բաղադրության մասին. միայն ռուսերենն է։

Երկրորդ, եթե ռուսերեն տարբերակում նշված է, որ «Турбослим День»-ը նպաստում է

  • ակտիվ նիհարելուն ցերեկվա ժամերին
  • ճարպերի այրմանը
  • օրվա ընթացքում ախորժակի նվազեցմանը

ապա հայերեն մակնշումում արդեն գրված է օրիգինալ մակնշման մեջ որևէ տեղ չնշված նրա ուղղակի բուժիչ հատկությունների մասին՝

  • իջեցնում է օրգանիզմում խոլեստերինի մակարդակը
  • լավացնում է աղեստամոքսային տրակտի ֆունկցիոնալ վիճակը

Կենսաբանական ակտիվ հավելումի հակացուցումները ևս իրարից տարբերվում են։ Միայն մակնշման խախտումները, ըստ ԿԱՀ-երի ներկայացվող պահանջների, բավարար էին, որպեսզի ապրանքի իրացումը Հայաստանում չթույլատրվեր և «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքով՝ այն համարվեր կեղծված (մակնշումը փոփոխվել է, առանց բաղադրության համապատասխան փոփոխության):

Մակնշման մյուս խախտումը երկրորդ համարի տակ փորձաքննության ներկայացված նույն ռուսական «Էվալար» (Эвалар) ընկերության արտադրության «Турбослим Ночь» նիհարեցնող կենսաբանական ակտիվ հավելումներում էր (խմբաքանակի համար՝ 112089)։ Ապրանքն ունի պետական գրանցում։ Հայաստան է ներմուծում դարձյալ հայկական «Սիա Ֆարմ» ընկերությունը։ «Турбослим Ночь»-ը դեղատներում խորհուրդ են տալիս խմել երեկոյան՝  «Турбослим День»-ի հետ միաժամանակ, իբրև՝ «դրանք միմյանց լրացնում են», և այդպես ավելի արագ կարելի է հասնել արդյունքի։ Ինչպես նախորդ ԿԱՀ-ի դեպքում, այստեղ ևս օրիգինալ և հայերեն մակնշումներն իրար չեն համապատասխանում:

Օրիգինալ մակնշման բաղադրության մասում նշված է, որ ԿԱՀ-ն պարունակում է ՝ «գարցինիայի էքստրակտ, սեննայի էքստրակտ, ժելատին, ինդիգոկարմին, տիտանի երկօքսիդ, խիտոզան, ֆենխելի էքստրակտ, մելիսայի էքստրակտ, կալցիումի ստերիատ՝ բուսական ծագման և կրեմնիումի երկօքսիդ՝ ամորֆ»։

Հայերեն մակնշման մեջ այս մասին որևէ տեղեկություն չկա. նշված է ինչ-որ երևակայական B1, B2, E վիտամինների և L-կարնիտինի պարունակության մասին։ Հայ ներմուծողն ապրանքը ներկայացնում է որպես «քրոմի և ցինկի աղբյուր», ինչի մասին, սակայն օրիգինալ մակնշման մեջ նշված չէ։ Պահպանման ժամկետը, ըստ արտադրողի, 3 տարի է, ըստ ներմուծողի՝ 2։ Հակացուցումները ևս տարբեր են։ «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքով՝ «Турбослим Ночь»-ը ևս համարվում է  կեղծված։

Չորրորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել դարձյալ դանիական «New Nordic» ընկերության «BioDrain» (արտադրող՝ «Legosan» AB, Շվեյցարիա) կենսաբանական ակտիվ հավելումը։ Ապրանքն ունի պետական գրանցում։ Ներմուծող՝ «Գենիաֆարմ» ՍՊԸ։ Բաղադրության մեջ նշված է, որ «այն մշակված է սկանդինավյան ֆիտոթերապևտների կողմից՝ հայտնի բույսերի հիմքով», որոնք «10 տարուց ավելի օգտագործվում են օրգանիզմը մաքրելու և նիհարելու համար»։

«BioDrain» նիհարելու համար նախատեսված ԿԱՀ-ն պարունակում է՝ ցիկորիի արմատի փոշի, ցիտրուսային կեղևի էքստրակտ, եզան լեզվի սերմերի փոշի, եղինջի, ծնեբեկի, կանկարի, նեխուրի, խատուտիկի, ուրցի էքստրակտներ։ Հայերեն մակնշման մեջ բաղադրության մասին որևէ տեղեկություն չկա. միայն գրված է, որ այն «մշակված է 7 խոտաբույսերի, մրգաբուսական մանրաթելերի հիման վրա», որոնք «հաջողությամբ օգտագործվում են 10 տարուց ավելի Դանիայում» թե ինչու հենց 7 խոտաբույս (օրիգինալ մակնշման մեջ կարելի է հաշվել  9 խոտաբույս ) և ինչու հենց Դանիայում, հայտնի չէ։

«Եթե ընդունում եք դեղանյութեր, լրացուցիչ խորհրդակցեք բժշկի հետ»,- նշված է օրիգինալ մակնշման մեջ։ Հայերենում այս մասին որևէ տեղեկություն չկա։ Այսպիսով, «BioDrain» նիհարեցնող ԿԱՀ-ն ևս ունի մակնշման անհամապատասխանություն. այն թերի է և խախտում է «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի, ինչպես նաև՝ ՄՄ ՏԿ 021/2011 տեխնիկական կանոնակարգը:

Չգրանցված նիհարեցնող միջոցներից մեզ հասանելի էր միայն նմուշ N5-ի տուփը: Վերջինիս մակնշման մեջ գրված է, որ «Garcinia 3000 Extreme»-ը պարունակում է «100 % բնական բաղադրատարրեր *», բայց * (աստղանիշ) նշումով։ Անցնում եք այդ նշումով և տեսնում, որ գրված է՝ «այս դրույթները չեն ստուգվել Սննդամթերքի և դեղամիջոցների վարչության կողմից (FDA, Food an Drug Administration, USA)»:

(FDA* ԱՄՆ դաշնային գործադիր գերատեսչություններից է, որը պատասխանատու է հասարակության առողջության պահպանման և ամրապնդման համար

Այս ԿԱՀ-ի մակնշման մեջ նաև նշվում է, որ հաբերն ընդունելուց առաջ պետք է խորհրդակցել բժշկի հետ։ Իսկ Հայաստանում այն նշանակում և վաճառում են ամենևին էլ «ոչ բժիշկները»։

 

Տեսանյութը՝  Անի Սարգսյանի, Հարություն Վիրաբյանի, Սարո Բաղդասարյանի

 

Տես նաև՝

 

Հետաքննությունը պատրաստվել է OPEN Media Hub-ի աջակցությամբ՝ Եվրամիության տրամադրած ֆինանսական միջոցներով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter