HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ակտիվների վերականգնման քաղաքականությունը հետհեղափոխական Հայաստանում

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նյութը քաղաքականության համառոտագիր է, որը ներկայացնում է ակտիվների վերականգնման միջազգային փորձը, Հայաստանի Հանրապետությունում առկա իրավական կարգավորումները և ներկայացնում առաջարկություններ ապօրինի ճանապարհով ձեռքբերված գույքը հնարավորինս արդյունավետորեն վերադարձնելու ուղղությամբ՝ ինչպես միջազգային համատեքստում, այնպես էլ Հայաստանի տարածքում: Համառոտագիրը մշակվել է առնչվող պետական կառույցներին ու շահագրգիռ այլ կողմերին ներկայացնելու և այս թեմայով հանրային քննարկումները խթանելու նպատակով:

Քաղաքական համառոտագիր

Ներածություն

1991 թվականին անկախության հռչակումից ի վեր Հայաստանում ընթացող քաղաքական, տնտեսական և սոցիալական հակասական գործընթացները, երկրում տիրող համատարած կոռուպցիան, պետության զավթումը մի խումբ անձանց կողմից, սոցիալական անարդարությունը, անպատժելիությունը և անընդհատ կեղծվող ընտրությունների արդյունքում իշխանություն փոխելու անհնարինությունը հանրության մոտ ձևավորել և կուտակել էին բազմաթիվ դժգոհություններ, ինչը պարբերաբար, տարբեր առիթներով վերաճելով հասարակական ցասման տարբեր դրսևորումների, իր գագաթնակետին հասավ 2018 թվականին՝ համաժողովրդական հեղափոխության իրականացմամբ:

Հայաստանյան հասարակական պահանջը՝ վերականգնել արդարությունը և անշրջելի դարձնել ժողովրդավարական գործընթացները, ենթադրում է համապատասխան քաղաքականության իրականացում, իրավական և ինստիտուցիոնալ մեխանիզմների ու գործիքների կիրառում, որոնք կօգնեն արմատավորել իրավական, սոցիալական և ժողովրդավարական պետություն կառուցելու սահմանադրական տեսլականը:

Հայաստանի Հանրապետությունում տարիներ շարունակ իշխել ու տարածված են եղել գողապետության (kleptocracy) կանոններն ու բարքերը: Հանրային ակնկալիքները բավարարելու համար հետհեղափոխական ղեկավարությունը պետք է որոշի՝ նախընտրում է մոռացության տալ եղածը և անցնել առաջ, թե ուզում է վերանայել ու գնահատել անցյալը՝ պետությունն ապագա սխալներից ու հետընթացից հնարավորինս ապահովագրելու համար: Հասարակությունն ականատես է եղել պետության զավթման և անարդարության տարբեր դրսևորումների, և նրան միանշանակորեն հուզում է այն, թե ինչպիսի գնահատական է տալու հեղափոխական ղեկավարությունը հանրային միջոցների շահագործման ու չարաշահման հաշվին մի խումբ անձանց հարստացմանը, ինչ վերաբերմունքի են արժանանալու այդպիսի վարքագիծ դրսևորած պաշտոնյաներն ու նրանց փոխկապակցված անձինք, ինչ է պետք անել՝ կանխարգելելու նման պրակտիկան ապագայում:

Այս համատեքստում պետք է հնարավորինս արագ կողմնորոշվել, թե ինչպես և ինչ մեխանիզմներով է անհրաժեշտ վերականգնել և վերադարձնել պետությունից ու հանրությունից գողացված գույքը/ակտիվները: Պետք է առաջնահերթ հստակեցնել, թե ինչպիսի իրավական մեխանիզմներ է նախատեսում Հայաստանի ներկայիս օրենսդրությունը և ինչ է պետք անել բացերը լրացնելու համար:

Սույն համառոտագրում ներկայացված են «ակտիվների վերականգնման» կոնցեպտը, «ակտիվների վերականգնման» միջազգային փորձը, Հայաստանի Հանրապետությունում առկա իրավական կարգավորումները, խնդիրները, ինչպես նաև՝ առաջարկություններ ապօրինի ճանապարհով ձեռքբերված գույքը հնարավորինս արդյունավետորեն վերադարձնելու ուղղությամբ՝ ինչպես միջազգային համատեքստում, այնպես էլ Հայաստանի տարածքում:

Փաստաթղթի մշակման ընթացքում հաշվի են առնվել ակտիվների վերականգնմանն առնչվող ինչպես իրավական, այնպես էլ քաղաքական և տնտեսական նկատառումները, որից ելնելով այն փորձել է ապահովել հասարակության սպասումները՝ տվյալ միջոցառման նպատակահարմարության, իրատեսականության, արդյունավետության և թափանցիկության առումով։ Ներկայացվող առաջարկությունները միտված են վերացնելու և հարթելու հասարակության տարբեր շերտերի մեջ առկա անջրպետը, հաստատելու հանդուրժողականություն՝ միաժամանակ բացառելով կոռուպցիոն դրսևորումները գործընթացում։

Համառոտագիրը մշակվել է Հայաստանի Հանրապետությունում ակտիվների վերականգնման տարբեր գործընթացներին առնչվող կառույցներին ու շահագրգիռ այլ կողմերին ներկայացնելու և այս թեմայով հանրային քննարկումները խթանելու նպատակով:

Ակտիվների վերականգնման միջազգային փորձը

Ակտիվների վերականգնման եղանակները

«Ակտիվների վերականգնումը» (asset recovery) ապօրինաբար ձեռք բերված գույքի որոնումը, սառեցումը և ծագման երկրի իրավասության ներքո վերադարձի գործընթացն է: Համաձայն ընդունված միջազգային փորձի, ակտիվների վերականգնումը տեղի է ունենում հետևյալ չորս եղանակներով.

  1. Անձի քրեական դատապարտման արդյունքում (conviction-based asset recovery), որը համարվում է ամենատարածված ձևը, երբ անձին կոռուպցիոն գործունեության համար դատապարտելու հետ մեկտեղ բռնագրավվում է նրա գույքը: Տարբեր երկրներում գույքի բռնագրավման տարբեր մեթոդներ են կիրառվում, օրինակ՝ զուտ հանցագործության միջոցով ձեռք բերված գույքի կամ գույքի և դրա շահագործումից  ստացված եկամուտների բռնագրավում:
  2. Առանց մեղադրական դատավճռի (non-conviction-based asset recovery), ինչը նաև որոշ երկրներում ընդունված է կոչել «քաղաքացիական բռնագրավում» (civil forfeiture): Այս եղանակը տարբերվում է քրեական դատավարությունից և պահանջվում է միայն ապացուցել, որ գույքը հանդիսանում է հանցագործության գործիք կամ արդյունք: Այն պահանջում է ապացույցների հավասարակշռման (balance of probabilities) մեխանիզմի կիրառում, որի դեպքում պահանջվում է ներկայացվող փաստերի վերաբերյալ 50 տոկոսից ավել ապացույցների ներկայացում, այսինքն ապացուցման թեստն այդքան բարձր չէ՝ ինչպես քրեական գործերի դեպքում: Հայցը հարուցվում է ընդդեմ գույքի և ոչ անձի, իսկ գույքի սեփականատերը հանդիսանում է երրորդ անձ, որն ունի իր սեփականությունը պաշտպանելու իրավունք: Նման պրակտիկա է գործում Իռլանդիայում, Իսրայելում, Սլովենիայում և Շվեյցարիայում, ինչպես նաև ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում։
  3. Վարչական բռնագրավման (administrative confiscation) միջոցով, երբ պետությունն առանց դատարան դիմելու` գործադիրի կամ խորհրդարանի կողմից ընդունված ակտի հիման վրա սառեցնում է ակտիվները կամ դատարանում վարչական վարույթ է սկսում, որին հետևում է գույքի բռնագրավումը: Այս ձևը հաճախ օգտագործվում է բռնագրավման ենթակա չվիճարկելի գույքերի դեպքում: Նման փորձ է առկա Գերմանիայում կամ Թունիսում:
  4. Ակտիվների վերականգնում քաղաքացիաիրավական կարգով (civil justice), երբ պետությունն ինքն է հանդես գալիս որպես հայցվոր այլ պետության տարածքում՝ ընդդեմ ֆիզիկական անձի, իրավաբանական անձի կամ գույքի՝ տվյալ երկրի օրենսդրությամբ սահմանված հնարավորությունների շրջանակներում։ Այս մեթոդը, ինչպես և առաջինը, գործում է բոլոր երկրներում:

Վերջին ժամանակներում, անձի դատապարտման արդյունքում ակտիվների վերականգնման եղանակին զուգահեռ, առավել հաճախ կիրառվում են նաև մյուս մեխանիզմները: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ առանց մեղադրական դատավճռի ավելի շատ ակտիվներ են վերականգնվել, քան քրեական հետապնդումների/դատապարտման արդյունքում ակտիվների բռնագրավման միջոցով: Ընդ որում, առանց մեղադրական դատավճռի ակտիվների վերականգման մեխանիզմը կարող է արդյունավետորեն գործել դատավարական բոլոր գործընթացներում՝ հաշտության համաձայնագրերի և դատարանի կողմից վնասների վերականգնման միջոցով:

Հայաստանի ներկայիս պայմաններում վերոնշյալ եղանակներից առավել արդյունավետ կարող է լինել առանց մեղադրական դատավճռի ակտիվների վերականգնումը՝ հետևյալ պատճառներով

  • ի տարբերություն մյուս եղանակների՝ հայցի հարուցումը գույքի դեմ կապահովի անձի նկատմամբ քաղաքական հետապնդումների բացառումը, քանի որ նպատակը ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքը շրջանառությունից հանելն է և ոչ թե անձին ազատազրկելը։ Այն հնարավորություն կտա անձին խուսափել քրեական հետապնդումից, դատապարտումից և այդ մասին անձնական քարտում արձանագրում կատարելուց,
  • ակտիվների վերականգնումն առանց մեղադրական դատավճռի ապահովում է առավել օպերատիվություն, քանի որ պետության ջանքերը կենտրոնանում են գույքը փնտրելու, այլ ոչ թե անձին քրեական հետապնդման ենթարկելու և ապացույցներ հավաքելու վրա։ Ապացույցներն, ըստ էության, ապահովում է սուբյեկտը՝ հայտարարագիր ներկայացնելու միջոցով։

Հարկ է նշել, որ թեև միջազգային ասպարեզում «ակտիվների վերականգնումը» հիմնականում ենթադրում է ակտիվների վերադարձ արտասահմանից դեպի ծագման երկիր, սկզբունքային և բովանդակային առումով դա կարող է տեղի ունենալ նաև սեփական երկրի ներսում:

Ակտիվների վերականգման փուլերը

Ընդունված է համարել, որ ակտիվների վերադարձը բաղկացած «5+1» փուլերից:

Փուլ 1. Ակտիվների որոնում և հետախուզական տվյալների ու ապացույցների հավաքագրում

Այս փուլը կարող է սկսվել քրեական գործի հարուցման նախապատրաստմամբ և հարուցմամբ կամ, ելնելով տվյալ երկրի օրենսդրական կարգավորումներից, պարզապես՝ համապատասխան պետական կառույցի կողմից քաղաքացիական կամ վարչական կարգով հայցի հարուցմամբ: Ակտիվների վերադարձի միջազգային փորձը ցույց է տալիս, որ հիմնական սխալը հաճախ հենց սկզբից ակտիվների որոնման փուլին պատշաճ ուշադրություն չդարձնելն է: Թեև գույքի որոնման աշխատանքները իրենցից ներկայացնում են ժամանակատար և ծախսատար գործընթաց, կարևոր է սկսել հենց այս փուլից և միայն հետո՝ մշակել հայտնաբերված ակտիվների վերադարձի իրավական ռազմավարություն, քանի որ հնարավոր է, որ փնտրվող ակտիվները գտնվեն տվյալ երկրի ներսում, և անհրաժեշտություն չառաջանա դիմել այլ երկրների օգնությանը:

Փուլ 2. Ակտիվների օտարման կամ վերացման վտանգից ապահովագրում

Այս գործընթացը ենթադրում է օրենսդրությամբ նախատեսված գործիքակազմի կիրարկում՝ միտված ակտիվների օտարման կամ վերացման կանխմանը: Դա կարող է տեղի ունենալ գույքի վրա կալանք դնելով կամ առգրավելով, եթե գույքն օրինակ թանկարժեք քար է, և եթե որոշում է ընդունվել գնալ քրեական հետապնդման ճանապարհով: Եթե որոշում է ընդունվել գնալ քաղաքացիական դատավարության ուղով, ապա դա կարող է արվել գույքի վրա արգելանք դնելու միջնորդությամբ: Այս փուլի կարևորությունը և արագությունը անգնահատելի է՝ թույլ չտալու գույքի շարժ և ապահովելու դրա հետագա օտարումն ու օրինականացումը:

Փուլ 3. Դատական գործընթաց

Կախված նրանից, թե ակտիվների վերադարձի որ մեխանիզմն է ընտրվել՝ քրեական, քաղաքացիական, թե վարչական, դատական գործընթացն այն վճռական փուլն է, որտեղ որոշվում է գույքի նկատմամբ սեփականության հարցը:

Փուլ 4. Որոշումների կատարում

Այս փուլում ի կատար են ածվում դատական ակտերը: Եթե ակտիվները գտնվում են երկրի ներսում, ապա դատական ակտը տրվում է կատարման համապատասխան մարմնին: Եթե ակտիվները գտնվում են այլ երկրում, իրավասու մարմինը իրավական օգնության խնդրանքով պետք է դիմի այդ պետության համապատասխան կառույցին՝ վկայակոչելով համապատասխան երկկողմ կամ բազմակողմ պայմանագրերը, իսկ դրանց բացակայության դեպքում՝ դիվանագիտական խողովակներով պարզապես դիմի փոխօգնության խնդրանքով:

Փուլ 5. Ակտիվների վերադարձ

Այս փուլը ակտիվների վերջնական վերադարձն է ծագման երկիր և/կամ ամրագրումը արտերկրում՝ որպես ծագման երկրի սեփականություն: Երկրի ներսում ակտիվների վերականգնման ու վերադարձման գործընթացների համեմատությամբ՝ ակտիվների վերադարձը այլ երկրներից առավել ժամանակատար ու ծախսատար է:

Փուլ 6. Վերականգնված կամ արգելանքի/կալանքի տակ դրված գույքի կառավարում

Այս փուլն, ըստ էության, կապված է վերոնշյալ 2-րդ և 5-րդ փուլերի հետ: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ արգելանքի կամ կալանքի վերցված գույքը տնտեսական առումով շահագործելու համար անհրաժեշտ են այնպիսի մեխանիզմներ, որոնց միջոցով հնարավոր կլինի ստանալ շահույթ: Կիրառվող պրակտիկայի համաձայն՝ գույքի ճակատագիրը դատական կարգով հօգուտ սկզբնական սեփականատիրոջ լուծվելու պարագայում անձի համար բաց թողնված օգուտներ հասկացությունը չի կիրառվում, իսկ հայցը հօգուտ պետության լուծվելու պարագայում դա արդեն իսկ եկամուտ է պետության համար: Նման պրակտիկա է ներդրվել վերջերս, օրինակ՝ Ուկրաինայում: Այս առումով, պետք է հստակ որոշվի այն կառույցը, որը զբաղվում է արգելանքի/կալանքի տակ դրված և/կամ վերադարձված գույքի կառավարմամբ:

Ինչպես նշվեց, ակտիվների վերականգնումը միջազգային մակարդակով բավականին երկարատև և բարդ գործընթաց է, ուստի նման դեպքերը շատ չեն: Այդուհանդերձ, տարիների ընթացքում ձևավորվել են հաջողված օրինակներ: Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) անդամ երկրների կողմից ակտիվների վերադարձը ծագման երկրներ 2010-2012 թ.-ի հունիսն ընկած ժամանակահատվածում կազմել է 142.7 միլիոն ԱՄՆ դոլար՝ այն դեպքում, երբ սառեցվել են 1,398 միլիարդ ԱՄՆ դոլարի ակտիվներ: Նիգերիային 2017 թ.-ի ընթացքում հաջողվել է վերադարձնել 321 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ Ֆիլիպինները վերջին 21 տարվա ընթացքում կարողացել են Շվեյցարիայից վերադարձնել Ֆերդինանդ Մարկոսի ապօրինի ձեռք բերած շուրջ 1 միլիարդ ԱՄՆ դոլարը:

Ակտիվների վերականգմանն առնչվող օրենսդրությունը Հայաստանում

ՀՀ Սահմանադրություն

Հայաստանի Հանրապետությունում ակտիվների վերականգնման առումով էական նշանակություն ունեն սահմանադրական հետևյալ դրույթները՝

  1. Ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից՝ բացառությամբ դատական կարգով` ըստ օրենքով սահմանված դեպքերի:
  2. Ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել: Չի կարող նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը ենթակա էր կիրառման հանցանք կատարելու պահին: Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ:
  3. Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:

ՀՀ մասնակցությամբ միջազգային համաձայնագրեր

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է մի շարք միջազգային և տարածաշրջանային կոնվենցիաների մասնակից, որոնք պարունակում են ակտիվների վերականգմանն առնչվող դրույթներ: Այդ կոնվենցիաներն են՝

  1. ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիա,
  2. ՄԱԿ-ի թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին կոնվենցիա,
  3. ՄԱԿ-ի անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ կոնվենցիա,
  4. ԵԽ կոնվենցիա քրեական գործերով իրավական փոխօգնության մասին,
  5. ԵԽ կոնվենցիա փողերի լվացման, խուզարկության, բռնագրավման և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների մասին,
  6. ԵԽ կոնվենցիա փողերի լվացման, խուզարկության, բռնագրավման և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների մասին և տեռորիզմի ֆինանսավորման,
  7. ԱՊՀ կոնվենցիա քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին:

Ներպետական օրենսդրություն

Հայաստանի Հանրապետությունում ակտիվների վերականգման ավանդական եղանակը անձի քրեական դատապարտման արդյունքում գույքի բռնագանձումը և բռնագրավումն է: Այսինքն՝ ակտիվների վերադարձը կարող է իրականացվել կոռուպցիոն գործողությունների մեջ ընդգրկված անձանց արարքներում հանցակազմի հատկանիշների առկայության դեպքում դրանց քրեաիրավական գնահատական տալու ճանապարհով՝ գույքի բռնագրավման և բռնագանձման միջոցով, որն իրականացվում է հետաքննության, նախաքննության և դատաքննության փուլերով, ինչպես նաև դատական ակտի չկատարման արդյունքում դատական ակտի հարկադիր կատարման եղանակով։  

Հայաստանում քրեադատավարական գործընթացի շրջանակներում բովանդակային առումով կարող են ընդգրկվել ակտիվների վերադարձի բոլոր «5+1» փուլերը՝ սկսած գույքի որոնումից, մինչև դրանց տնօրինումը/կառավարումը:

Այդուհանդերձ, հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության ներկայիս օրենսդրության համաձայն առկա են մի շարք իրավակարգավորումներ, որոնք չեն նպաստում ակտիվների վերականգման գործընթացի արդյունավետ կազմակերպմանը: Օրինակ՝ ակտիվների որոնման աշխատանքներով կարող է զբաղվել ցանկացած իրավապահ մարմին, ինչը համակարգման տեսակետից արդյունավետ մոտեցում չէ: Կալանքի տակ դրված գույքը կարող է վերցվել և ի պահ տրվել մի քանի մարմինների, հաշվի չի առնվում ի պահ տրված գույքի տնտեսական օգտակարությունը, և այն չի բերում շահույթ:  

Քրեական իրավակարգավորումներ

ՀՀ ներպետական օրենսդրությունը տրամադրում է ակտիվների վերականգնման երկու իրավական ռեժիմ՝ քրեական և քաղաքացիական, որոնք տալիս են նվազագույն գործիքներ ակտիվների որոնման և վերադարձի համար: Դրանք հիմնականում ներառված են երկու իրավական ակտում՝ ՀՀ քրեական օրենսգրքում և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում:

ՀՀ օրենսդրությունը ակտիվների վերականգման գործընթացում նախատեսում է այնպիսի իրավական կատեգորիաներ, ինչպիսիք են «գույքի առգրավումը», «գույքի վրա կալանք դնելը», «գույքի բռնագրավումը» և «գույքի բռնագանձումը»: Առաջին երկուսը («գույքի առգրավումը» և «գույքի վրա կալանք դնելը») ժամանակավոր բնույթի միջոցներ են՝ հնարավոր հանցավոր ճանապարհով ծագած գույքի շարժը կասեցնելու համար: Գույքի բռնագրավումը հանդիսանում է դատարանի կողմից նշանակվող լրացուցիչ պատժի տեսակ (կիրառվում է դատապարտյալի գույքի նկատմամբ), գույքի բռնագանձումը դատավարական հարկադրանքի լրացուցիչ միջոց է (կիրառվում է հանցագործության կատարման արդյունքում ձեռք բերված գույքի և այլ արժեքների նկատմամբ)։ Իրավական առումով գույքի բռնագանձումը ևս պահանջում է դատական ակտի առկայություն։

ՀՀ քրեական օրենսգրքում «գույք» հասկացությունը սահմանված է բավական ծավալուն: Գույք են համարվում «ցանկացած տեսակի նյութական բարիքները, քաղաքացիական իրավունքի շարժական կամ անշարժ օբյեկտները, ներառյալ` ֆինանսական (դրամական) միջոցները, արժեթղթերը և գույքային իրավունքները, գույքային իրավունքները կամ շահերը հավաստող փաստաթղթերը կամ այլ միջոցները, գույքից ստացված կամ դրա նկատմամբ հաշվեգրվող տոկոսները, շահութաբաժինները կամ այլ եկամուտները, ինչպես նաև հարակից և արտոնագրային իրավունքները»:

  • «Գույքի առգրավումը» քննչական գործողություն է,  որը կատարվում է այն դեպքում, երբ դա նշանակություն ունի հարուցված քրեական գործի համար: Փաստաթղթի կամ այլ առարկայի առգրավումն իրականացվում է ոչ թե գույքի բռնագրավումն ապահովելու համար, այլ ելնելով այն հանգամանքից, որ գործի քննության արդյունավետության տեսանկյունից դրանք կարող են ունենալ ապացուցողական նշանակություն։ Առգրավում քննչական գործողությունը քննիչի կողմից կատարվում է այն դեպքում, երբ նա հստակ գիտի թե կոնկրետ ում մոտ և որտեղ է այն գտնվում։
  • «Գույքի վրա կալանք դնելը» «գույքի առգրավման» կատեգորիայից տարբերվում է գործողության նպատակայնությամբ: Այն նպատակադրված է ապահովելու գույքի հնարավոր բռնագրավումը, բռնագանձումը, դատական ծախսերը և քաղաքացիական հայցը: Գույքի վրա կալանք դնելը քրեական վարույթն իրականացնող մարմինների կողմից կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ գործով հավաքված ապացույցները բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը, մեղադրյալը կամ այն անձը, որի մոտ գտնվում է գույքը, կարող է թաքցնել, փչացնել կամ սպառել բռնագրավման ենթակա գույքը: Գույքի վրա կալանքի որոշումը կատարվում է հետաքննության մարմնի, քննիչի կամ դատախազի որոշման հիման վրա: Քրեական գործի նախնական քննության ավարտից հետո դատարանի կայացրած որոշմամբ գույքի վրա կալանք դնելն իրականացնում է դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը: Բացի անշարժ գույքից և մեծածավալ առարկաներից, այլ կալանադրված գույքը, որպես կանոն, վերցվում է:

Եթե կալանադրված գույքը թանկարժեք մետաղներ և քարեր են, ադամանդ, օտարերկրյա տարադրամ, չեկեր, արժեթղթեր և վիճակախաղային տոմսեր, ապա դրանք պահպանման համար հանձնվում են ՀՀ գանձապետարան: Եթե կալանադրված գույքը հանդիսանում է դրամական միջոց, ապա այն մուծվում է այն դատարանի դեպոզիտ հաշվին, որին ընդդատյա է տվյալ գործը: Գույք հանդիսացող մյուս առարկաները կնքվում և պահվում են այն մարմնում, որի որոշմամբ գույքի վրա կալանք է դրված, կամ էլ պահպանության են հանձնվում տեղական իշխանության ներկայացուցչին կամ բնակարանային շահագործման կազմակերպությանը: Չվերցված գույքը, որի վրա կալանք է դրված, կնքվում և պահպանության համար թողնվում է գույքի սեփականատիրոջը կամ տիրապետողին կամ նրա ընտանիքի չափահաս անդամներին:

  • ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն գույքի բռնագրավումը համարվում է լրացուցիչ պատժատեսակ։ Այն  դատապարտյալի սեփականությունը համարվող գույքը կամ դրա մի մասը հարկադրաբար և անհատույց վերցնելն է` որպես պետության սեփականություն: Գույքի բռնագրավման չափը դատարանը որոշում է` նկատի ունենալով հանցագործությամբ հասցված գույքային վնասի, ինչպես նաև հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի չափը: Գույքի բռնագրավման չափը չի կարող գերազանցել հանցագործությամբ հասցված վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված օգուտի չափը:
  • Նույն օրենսգրքի 103․1 հոդվածի համաձայն՝  բռնագանձումը հանցագործության կատարման արդյունքում ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ստացված ցանկացած գույքի, այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտների կամ այլ տեսակի օգուտների, հանցագործության կատարման համար օգտագործված կամ օգտագործման համար նախատեսված գործիքների և միջոցների, ահաբեկչության ֆինանսավորմանն ուղղված գույքի, այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտների կամ այլ տեսակի օգուտների, մաքսանենգության ճանապարհով Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխված մաքսանենգության առարկաների բռնագանձումն է՝ հօգուտ պետության՝ բացառությամբ բարեխիղճ երրորդ անձի գույքի, տուժողին և քաղաքացիական հայցվորին հանցագործությամբ պատճառված վնասների հատուցման համար անհրաժեշտ գույքի:

Այսինքն՝ բռնագրավումը վերաբերում է դատապարտյալի սեփականությունը հանդիսացող գույքին, իսկ բռնագանձումը հանցագործության արդյունքում ստացված գույքին և այլ արժեքներին։ Հարկ է նշել, որ բռնագանձման և բռնագրավման հասկացություններն այլ երկրներում չեն տարանջատվում։

Ակտիվների վերականգնման տեսանկյունից կարևոր նշանակություն ունի այլ երկրներից դրանց վերադարձի կազմակերպման առումով համագործակցության կազմակերպումը, որն իրականացվում է իրավական օգնության պայմանագրերի շրջանակներում։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 54, 541-543 հոդվածները ամբողջությամբ վերաբերում են փոխադարձ իրավական օգնությանը: Դրանց համաձայն, եթե առկա է երկկողմ կամ բազմակողմ միջազգային պայմանագիր, ապա իրավական օգնությունը երկուստեք տրամադրվում է համաձայն այդ պայմանագրի, իսկ եթե ոչ, ապա փոխօգնության համար օգտագործվում են դիվանագիտական և այլ պաշտոնական ուղիներ: Մինչդատական վարույթում գտնվող գործերով դատավարական գործողություններ կատարելու առումով իրավասու կառույցը ՀՀ գլխավոր դատախազությունն է, իսկ դատարանի վարույթում գտնվող գործերով դատավարական գործողություններ, այդ թվում՝ դատավճիռներ կատարելու առնչությամբ՝ ՀՀ արդարադատության նախարարությունը։

Քաղաքացիական իրավակարգավորումներ

Համաձայն ՀՀ Սահմանադրության «դատախազությունն օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան»: Համաձայն «Դատախազության մասին» ՀՀ օրենքի, դատախազը կարող է հայց հարուցել քաղաքացիական, վարչական և քրեական դատավարության կարգով պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության համար: Դատախազը կարող է հայց հարուցել երկու բացառիկ դեպքերում.

  • երբ իր լիազորություններն իրականացնելիս հայտնաբերում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, որին վերապահված է պետական շահերի պաշտպանությանն առնչվող տվյալ հարցերով հայց ներկայացնելը, իրազեկ լինելով պետական շահերի խախտման փաստի մասին, դատախազի կողմից հայց ներկայացնելու առաջարկություն ստանալուց հետո ողջամիտ ժամկետում հայց չի ներկայացրել, կամ
  • պետական շահերի խախտում է տեղի ունեցել այն հարցերով, որոնցով հայց ներկայացնելը օրենսդրությամբ վերապահված չէ որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի:

Եթե դատախազը գտնում է, որ առկա են բավարար հիմքեր պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու համար, ապա մինչև հայց հարուցելն իրավունք ունի պետական շահերին վնաս հասցրած անձին նախազգուշացնելու վնասը կամովին հատուցելու մասին:

Քաղաքացիական իրավակարգավորումների առումով հարկ է նշել, որ այն անձինք, ովքեր հանդիսացել են կոռուպցիոն գործունեության զոհեր, կարող են ներկայացնել քաղաքացիական հայց քրեական վարույթի շրջանակում: Հայաստանի ներկայիս իրավակարգի շրջանակներում առանց անձի նկատմամբ քրեական հետապնդման հարուցման՝ անհնար է քաղաքացիական հայց հարուցել կոնկրետ անձի հանդեպ վնասների հատուցման համար:

Իրավասու կառույցներ

Ակտիվների վերականգման առումով իրավասու մարմիններ ՀՀ-ում հանդիսանում են՝

  • բոլոր իրավապահ մարմինները և դատարանը (քրեական հետապնդման հարուցում, գույքը կալանքի տակ դնելը, բռնագրավում, բռնագանձում, քաղաքացիական հայցի հարուցում, դատավճռի ընդունում),
  • դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը (դատարանի կողմից ընդունված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարում),
  • ՀՀ գանձապետարանը, տեղական ինքնակառավարման մարմինները ու բնակարանային շահագործման կազմակերպությունները (գույքի վրա կալանք դնելը),
  • ՀՀ արդարադատության նախարարությունը (փոխադարձ իրավական օգնություն):

Ակտիվների վերականգնման առնչությամբ ՀՀ-ում առկա խնդիրները

Հայաստանի Հանրապետությունում ակտիվների վերականգնման առումով տարիներ ի վեր ձևավորված չի եղել որևէ քաղաքականություն, քանի որ ապօրինի ձեռք բերումը, առավել ևս դրա վերադարձը, օրակարգային խնդիր չեն եղել կոռումպացված ղեկավարության օրոք:

Առկա չեն տեղական կառույցների կողմից կատարվող ուսումնասիրություններ, որոնք ցույց կտային Հայաստանից արտահանված ակտիվների մոտավոր գումարի չափը: Առկա չէ նաև պաշտոնյաների ցանկ, ովքեր արտասահմանում գույք ունեն: Արտասահմանում գույք և գումար ունեցող պաշտոնատար անձանց անունները, որպես կանոն, ի հայտ են գալիս տեղեկատվական սկանդալային արտահոսքերի արդյունքում: Այդպես, օրինակ՝ «Պանամայի փաստաթղթերի» շրջանակում բացահայտվեց Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ (նախկին) Միհրան Պողոսյանի անունը, որի նկատմամբ հարուցված քրեական գործը հետագայում կարճվեց, և նա դարձավ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր իշխող՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակով:  

Երկրում քաղաքական իրավիճակի փոփոխությունը և նոր ղեկավարության կողմից կոռուպցիան արմատախիլ անելու անկեղծ մղումներն անհրաժեշտություն են դարձնում պետությունում ապօրինի ճանապարհով ձեռքբերված ակտիվների վերականգնման առնչությամբ հստակ պետական քաղաքականության ամրագրումը: «Ակտիվների վերականգնում» ասելով պետք է դիտարկել ոչ միայն արտասահմանում գտնվող գույքի վերադարձը, այլև ՀՀ-ի սահմաններում գտնվող ակտիվների վերադարձը դրանց սեփականատիրոջը: Ընդ որում, միաժամանակ երկրի ներսում ակտիվների վերականգման ուղղությամբ տարվող աշխատանքները և վարույթները կնպաստեն որոնման աշխատանքների արդյունավետությանը, ամենայն հավանականությամբ, նաև ձեռք բերելով լրացուցիչ տվյալներ նոր գույքի գտնվելու վայրի մասին, այդ թվում՝ նաև արտասահմանում: Այս մոտեցումը աներկբայորեն կերպով կբերի արտերկրում գտնվող ակտիվների վերադարձի գործընթացի թե՛ ժամանակային և թե՛ ֆինանսական առումներով ավելի պակաս ծախսատարությանը:

Հայաստանի Հանրապետության ներսում և երկրից դուրս ակտիվների վերադարձն ապահովելու առումով առկա են մի շարք խոչընդոտներ, ինչպիսիք են.

  • սահմանադրական արգելքը առ այն, որ ընդունված օրենքը չունի հետադարձ ուժ,
  • ապօրինի հարստացման թերի հանցակազմ,
  • բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքի քրեականացված չլինելը,
  • ընդունված պրակտիկան, երբ գույքը գրանցված է բարձրաստիճան պաշտոնյաների մերձավոր ազգականների կամ այլ անձանց անունով:

Սույն փաստաթղթով ներկայացվում են առաջարկություններ, որոնք կոչված են հաղթահարելու նշված խոչընդոտները և ապահովելու պատշաճ մարտավարություն ու մեխանիզմներ Հայաստանի Հանրապետությունում ակտիվների վերականգնումն արդյունավետ իրականացնելու համար:

Առաջարկություններ

Ստորև ներկայացվող առաջարկությունների հիմքում արդարության հաստատման նպատակն է: Սրան նախատեսվում է հասնել վերականգնողական եղանակով՝ ապօրինի ճանապարհով ձեռքբերված ակտիվները օրինական սեփականատիրոջը (դրանց բացակայության դեպքում՝ պետությանը) վերադարձնելու միջոցով, ի հակադրություն կոռումպացված պաշտոնյաներին ազատազրկելու և պատժի կրման վայրերում նրանց հարկատուների հաշվին պահելու: Առաջարկվող մոտեցումը  միտված է տնտեսական շրջանառությունից հանելու հանցավոր ճանապարհով ստացված գույքը, նվազեցնելու հանցավոր խմբավորումների տնտեսական ռեսուրսները և հնարավորինս թուլացնելու նրանց ազդեցությունը հանրային կյանքում՝ նաև հնարավորություն տալով նվազեցնելու քաղաքական հետապնդումների ռիսկերը: Տվյալ մոտեցումը նաև ապահովում է օպերատիվություն, միաժամանակ՝ չբացառելով քրեական վարույթի հարուցման հնարավորությունը կամ դրա զուգահեռ առկայությունը:

Այսպիսով,

  1. Առաջարկվում է մշակել ակտիվների վերականգնման քաղաքականություն՝ գործարկելով առանց մեղադրական դատավճռի՝ քաղաքացիական դատավարության ընթացակարգով «գույքի դեմ» հայցի հարուցման (in rem) ինստիտուտը։ Այս մոտեցման պարագայում կիրառելի է ապացույցների բալանսավորման (balance of probabilities) սկզբունքը, համաձայն որի՝ ապացուցման բեռը կրող կողմը դատարանում հաղթում է, եթե 51 տոկոսով ապացուցում է գույքի օրինական ծագումը։

Պետք է սահմանել, որ պետությունը ակտիվների վերադարձի կիրառման արդյունքում անձի տրամադրության տակ պետք է թողնի ապօրինի ճանապարհով ձեռբերված բացահայտված ակտիվների արժեքի 5%-ը:

Ակտիվների վերականգնման գործընթացը պետք է ամբողջությամբ համապատասխանի ընդունված քաղաքականությանը, լինի թափանցիկ և լիովին ընկալելի ու վերահսկելի հանրության համար:

  1. Ակտիվների վերականգնման ինստիտուտը պետք է կիրարկել Հայաստանի երրորդ Հանրապետության հիմնադրումից սկսած՝ ստորև նշված անձանց խմբերի համար. ա) 1991 թ.-ից պաշտոնավարող՝ երկրի օրենսդիր, գործադիր, դատական իշխանության բարձրագույն խմբի պաշտոնատար անձանց, իրավապահ մարմինների ղեկավար պաշտոնատար անձանց, օրենքի հիման վրա ձևավորված պետական այլ մարմինների բարձրագույն պաշտոնատար անձանց, պետական բյուջեի միջոցների հավաքագրմանը և ծախսմանն անմիջականորեն առնչվող ղեկավար պաշտոնատար անձանց, պետության հետ իրավապայմանագրային հարաբերությունների (մատակարարում, ծառայությունների մատուցում և այլն) մեջ գտնված և նրանց հետ փոխկապակցված անձանց, որոնք ունեն 2012 թ.-ի հաշվարկով 50 մլն ՀՀ դրամի և ավել արժեցող դրամական միջոցներ, գույք և գույքային իրավունքներ, և բ) ՀՀ-ում վերջին 10 տարում մշտապես բնակվող ֆիզիկական անձանց, որոնք ունեն 2012 թ.-ի հաշվարկով 100 մլն ՀՀ դրամի և ավել չափով դրամական միջոցներ, գույք և գույքային իրավունքներ:

Օրենսդրորեն պետք է ամրագրել այս խմբերի պարտավորությունը՝ հայտարարագրելու իրենց դրամական միջոցները, գույքը և գույքային իրավունքները՝ ըստ անհրաժեշտության, ներկայացնելով դրանց օրինականությունը հավաստող ապացույցներ: Ակտիվների վերադարձի նման իրավակարգավորումների կիրառման տեսանկյունից փոխկապակցված անձանց շրջանակը հստակ պետք է սահմանվի օրենքով։

Հայտարարագրերում նշված տեղեկությունների ստուգման մարմին կարող է լինել կոռուպցիայի դեմ պայքարի բնագավառում կանխարգելիչ մարմինը: Այն դեպքերում, երբ հայտարարատու անձինք չեն կարողանա հիմնավորել գույքի օրինականությունը, համապատասխան մարմինը հնարավորություն կունենա հայց ներկայացնել և պահանջ ներկայացնել՝ հօգուտ պետության բռնագրավման:

  1. Հայտարարագրումն արդյունավետ իրականացնելու նպատակով անհրաժեշտ է ՀՀ քրեական օրենսգրքում ներմուծել նոր հանցակազմ՝ «Սահմանված գործարքների մասին հայտարարագիր չներկայացնելը»: Այս քայլը կունենա կարևոր կանխարգելիչ նշանակություն, քանի որ վերոնշյալ արարքի քրեականացումը վարչական պատասխանատվություն ենթադրող նորմի համեմատությամբ կբարձրացնի հայտարարատուների պատասխանատվության աստիճանը։
  2. Հարկավոր է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում ներմուծել նոր հոդված՝ «Գույքը հօգուտ պետության բռնագրավելը»՝ դա հնարավոր դարձնելով այն դեպքերի համար, երբ անձը չի կարողանում ապացուցել 50/100 մլն ՀՀ դրամի և այն գերազանցող դրամական միջոցների, գույքի և գույքային իրավունքների օրինականությունը:

Տվյալ հոդվածով որպես հայցվոր կարելի է սահմանել կոռուպցիայի դեմ պայքարի բնագավառում կանխարգելիչ մարմնին (պաշտոնատար անձ չհանդիսացող անձանց մասով), դատախազությանը (իրավապահ մարմինների աշխատակիցների մասով) և կոռուպցիոն հանցագործությունները քննող քննչական մարմինն (իշխանության օրենսդիր և գործադիր թևերի ներկայացուցիչների մասով)՝ այս առնչությամբ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելով համապատասխան ՀՀ օրենքներում:

Օրենսդրորեն պետք է նախատեսել ակտիվների վերականգնման գործընթացի արդյունքների մասին եռամսյա պարբերականությամբ հանրային առցանց համակարգված/միասնական հաշվետվողականության պարտականություն։

  1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի հատուկ վարույթների շարքում նախատեսել «Գույքը հօգուտ պետության բռնագրավելու» ինստիտուտը, ինչպես նաև կատարել լրացումներ «Հայցի ապահովման միջոցները» կարգավորող հոդվածներում, որով դատարանը պարտավորված կլինի «Գույքը հօգուտ պետության բռնագրավման» պահանջի հետ համատեղ հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը քննել և լուծել միջնորդությունը անհապաղ՝ միջնորդությունը ներկայացնելու պահից 3 ժամվա ընթացքում:  
  2. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում հարկավոր է ամրագրել «հատուկ վարույթ» ինստիտուտը, որպեսզի «գույքը հօգուտ պետության բռնագրավելու» գործերն իրականացվեն առավել արդյունավետ:
  3. Օրենսդրորեն պետք է սահմանել, որ դատական վարույթի արդյունքում վերադարձված գույքի 95 տոկոսը պետք է ուղղվի պետական գանձապետարան, իսկ մնացած 5 տոկոսը՝ վարույթն իրականացրած կառույցի բյուջե: Ցանկալի է դիտարկել նաև վարույթում ներգրավված համապատասխան աշխատակցի/աշխատակիցների պարգևատրումը, օրինակ՝ կառույցին տրամադրված գումարի կեսի չափով (աշխատակիցների միջև հավասարաչափ բաշխմամբ)՝ մոտիվացնելու արդյունավետ աշխատանքը:

ՀՀ կառավարությունը պետք է ձևավորի հատուկ նպատակային բյուջե՝ դրան ուղղելով և համապատասխան նպատակների համար ծախսելով վերադարձված գույքի 95 տոկոսը՝ հասարակության համար տեսանելի և ընդունելի դարձնելու ակտիվների վերադարձման ինստիտուտի կիրառումը:

ՀՀ կառավարությունը պետք է ապահովի վերադարձված ակտիվների օգտագործման թափանցիկությունը՝ տրամադրելով առցանց, ամիսը առնվազն 2 անգամ թարմացվող մանրամասն տեղեկատվություն վերադարձված գույքի և դրա օգտագործման մասին:

  1. Անհրաժեշտ է ստեղծել/առանձնացնել հատուկ մարմին, որը մինչև «Գույքը հօգուտ պետության բռնագրավման» վարույթի ավարտը կզբաղվի կալանքի տակ դրված գույքի կառավարմամբ՝ օգտագործելով գույքի տնտեսական նշանակությունը և ապահովելով եկամուտ:  
  2. Հարկավոր է ստեղծել/առանձնացնել այն իրավապահ մարմինը, որը պետք է զբաղվի գողացված ակտիվների որոնողական աշխատանքներով ինչպես երկրի ներսում, այնպես էլ՝ արտասահմանում, մինչև համապատասխան քրեական գործերի հարուցումը:
  3. Անհրաժեշտ է ակտիվորեն օգտագործել Հայաստանի Հանրապետության երկկողմ (ԵՄ, ԱՄՆ), ինչպես նաև բազմակողմ (ԵԱՏՄ և ԱՊՀ) համագործակցության համաձայնագրերի շրջանակներում առկա գործիքները, որպեսզի արտասահմանում գտնվող ակտիվների ցանկը պարզելուց հետո հնարավոր լինի դիմել համապատասխան կառույցներին՝ դրանք արգելանքի տակ դնելու խնդրանքով, ինչպես նաև ապահովվի համապատասխան ակտիվների վերադարձման աշխատանքների սահուն և առանց ավելորդ տեխնիկական բարդությունների կազմակերպումը:

Հարկ է նշել, որ իրավակարգավորման ներկայացվող տարբերակը ժամանակի ընթացքում հնարավորություն կտա կողմնորոշվել ապօրինի հարստացման հանցակազմի կիրառումն ապահովող օրենսդրական փոփոխությունների հարցում, ինչպես նաև որոշում կայացնել «պաշտոնատար անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը» քրեականացնելու կամ նվազ վտանգավորության իրավախախտում նախատեսելու վերաբերյալ։

Վերջաբան

Ակտիվների վերականգնման քաղաքականության մշակման նպատակով անհրաժեշտ է սկսել քննարկումներ համապատասխան պետական կառույցների և շահագրգիռ կողմերի հետ՝ ստեղծելու արդյունավետ և գործուն համակարգեր՝ միտված գործընթացների արդյունավետության ապահովմանը  և անցնցում իրականացմանը:

Հաշվի առնելով, որ ակտիվների վերադարձի աշխատանքներ, ըստ էության, երբևիցե չեն տարվել նախկին իշխանությունների կողմից, և հետևաբար հայտնի չեն նաև ՀՀ մասնակցությամբ միջազգային և տարածաշրջանային առկա իրավական գործիքներից օգտվելու՝ ՀՀ պետական կառույցների հմտությունները և կարողությունները, ցանկալի է հայցել միջազգային գործընկերներին՝ ստանալու համապատասխան փորձագիտական աջակցություն և զարգացնելու մասնագիտական կարողությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter