HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Հայկի գործով ոստիկանության գործողությունները լուրջ հարցականների տեղիք են տալիս

«Հայաստանի Հանրապետության ոստիկանապետը, չարաշահելով ՀՀ օրենսդրությամբ իրեն տրված լիազորությունները, անձնական շահերից ելնելով, հերթական անգամ հետապնդում է իրեն անցանկալի մարդկանց, որոնց մեջ, որպես կանոն, հայտնվում են կամ իրավապաշտպանները, կամ լրագրողները: Այս անգամ ՀՀ ոստիկանապետի «սև ցուցակում» է հայտնվել «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու, լրագրող Հայկ Գևորգյանը»:

Ընդգծենք, որ վերոնշյալ մեջբերումը ոչ թե «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի խոսքից, թերթի խմբագրակազմի կամ ՀԱԿ-ի հայտարարությունից է, որոնք, հասկանալի կամ ենթադրելի է, թե կատարվածն ինչպես պետք է մեկնաբանեն, այլ «Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության փետրվարի 4-ի հայտարարությունից: Ընդ որում, մի կազմակերպության, որը սովորաբար բավական քչախոս է և մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված ամեն առիթով չէ, որ հայտարարությամբ է հանդես գալիս: Եվ, ուրեմն, ինչո՞ւ բանը հասավ սրան:

Ճշմարտության դեմ չմեղանչելու համար պետք է ասել, որ ՀՀ ոստիկանությունը Հայկ Գևորգյանի գործով որոշ պարզաբանումներ ներկայացրել է: Օրինակ` ի պատասխան նրա, որ, ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի, մարդու նկատմամբ կարող է հետախուզում հայտարարվել, եթե նրա գտնվելու վայրը պարզ չէ կամ նա թաքնվում է քննությունից, ՀՀ ոստիկանությունը Հայկ Գևորգյանի գործով իր պարզաբանումները ներկայացնող փետրվարի 4-ի տեսանյութում ասաց` «Իսկ ոստիկանություն չներկայանալը թաքնվել չի՞»:

Այո, թաքնվել է, եթե, իհարկե, տվյալ անձին ուղարկված ծանուցագրով ոստիկանություն ներկայանալը պարտադիր, իսկ ծանուցագիրն էլ պատշաճ է եղել, այսինքն` նշված է եղել նաև, թե անձն ինչ կարգավիճակով է հրավիրվում, ու, դրանով հանդերձ, նա չի ներկայացել: Իսկ նշվա՞ծ է եղել ոստիկանություն հրավիրվող Հ.Գևորգյանի կարգավիճակը:

Ն. Փաշինյանի հավաստմամբ` նշված չի եղել, իսկ ոստիկանության հիշյալ պարզաբանումներում այս մասին որևէ խոսք չկա: Եղածը հետևյալն է` «Իսկ մնացածը ինքնապաշտպանության մարտավարություն է` կառուցված ծանուցագրի ու հետախուզման իրավական նրբությունների վրա»:

Այսինքն` ինչպե՞ս հասկանալ` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի հստակ պահանջը ծանուցագրի իրավական նրբություն է, որը կարելի է և անտեսե՞լ: Իսկ եթե խոսքն այն մասին է, որ ծանուցագիրն ուղարկվել է մինչև քրեական գործի հարուցումը, նյութերի նախապատրաստման ընթացքում, երբ դեռ չէին կարող որոշել ու նշել անձի քրեաիրավական կարգավիճակը, ծանուցագրով պարզապես խնդրել են ներկայանալ, հրավիրել են բացատրություն տալու, ապա խնդրանքը բավարարել-չբավարարելը, հրավերն ընդունել-չընդունելը տվյալ անձի իրավունքն է, այդ դեպքում չներկայանալը դեռ չի նշանակում քննությունից թաքնվել, որը հիմք է հետախուզում հայտարարելու համար:

Իհարկե, Հ.Գևորգյանի ձերբակալությունից և ՀՀ ոստիկանության պարզաբանումներից հետո առաջացած հարցերը սոսկ սրանք չեն: Ոստիկանության փետրվարի 3-ի տեղեկատվության համաձայն` Հ. Գևորգյանի կողմից Աշոտ Ֆրանգուլյանին վրաերթի ենթարկելու դեպքը տեղի է ունեցել ս. թ. հունվարի 13-ին, Ֆրանգուլյանը պատահական ավտոմեքենայով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ըստ Ա. Ֆրանգուլյանի` տեղափոխվել է նույն օրը, դեպքից անմիջապես հետո: Ոստիկանությանը վերջինիս տված բացատրության համաձայն` միանշանակ է, որ տեղի է ունեցել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ և 244-րդ հոդվածների հատկանիշներով նախատեսված հանցագործություն:

Եթե նույնիսկ մի պահ ենթադրենք, որ Ա. Ֆրանգուլյանն այդ բացատրությունն օրեր անց է տվել ոստիկանությանը, ապա հիշյալ բժշկական կենտրոնը, ինչպես ընդունված կարգն է, տուժողին ընդունելուց անմիջապես հետո, ամեն դեպքում նույն օրը պետք է որ դեպքի մասին իրազեկած լիներ ոստիկանությանը: Բնականաբար, հարց է առաջանում` կատարվածի մասին դեռ հունվարի 13-ին իմանալով` ոստիկանությունն ինչո՞ւ է քրեական գործը հարուցել միայն հունվարի 20-ին, երբ փաստի առթիվ քրեական գործ հարուցելու համար հանցագործություն կատարած անձի ինքնության պարզված լինել-չլինելը բնավ էական չէ:

Լավ, ենթադրենք, թե ոստիկանությունը քր. գործի հարուցումն ուշացնելու համար ինչ-որ պատճառ ունեցել է, բայց… Հ. Գևորգյանին բերման ենթարկելու որոշումը կայացվել է հունվարի 23-ին, սակայն, ոստիկանության ասելով, ձեռնարկված օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում Գևորգյանը չի հայտնաբերվել, նույն օրն էլ որոշում է կայացվել Հ. Գևորգյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին: Այդ ի՞նչ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկվել կամ ինչպե՞ս են ձեռնարկվել, որ չի հայտնաբերվել: Ընդգծենք, որ, ըստ ոստիկանության տարածած տեղեկատվության, մինչ այդ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնին հանձնարարություն է տրվել` պարզել վարորդի ինքնությունը, ստացված պատասխան գրությամբ էլ հայտնվել է, որ հիշյալ վրաերթը կատարել է Հայկ Գևորգյանը: Ոստիկանությանը հայտնի է եղել նաև նրա հասցեն:

«Հայտարարում են, թե ոստիկանները օրեր շարունակ չեն բռնել բոլորի աչքի առաջ պտտվող վրաերթ կատարածին,- ասվում է ՀՀ ոստիկանության հիշյալ տեսանյութում:- Ի դեպ, ոստիկանները պարտավոր չեն անձամբ ճանաչել Հայկ Գևորգյանին, որը գուցե արժեք է իր գործատուի համար, բայց ոչ` համահայկական արժեք»:

Խոսքը Հ. Գևորգյանին ոչ թե անձամբ ճանաչելու, այլ ճանաչելու մասին էր: «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու Հ. Գևորգյանին շատերն են հեռակա կարգով` լուսանկարների, տեսանյութերի միջոցով ճանաչում: Այնուամենայնիվ ընդունենք, թե ոստիկանները հեռակա կարգով էլ պարտավոր չէին ճանաչել Հ. Գևորգյանին. դե հիմա ասում են` չենք ճանաչել, ինչ կարող ես ասել: Սակայն եթե Հ. Գևորգյանին բերման ենթարկելու համար իսկապես օպերատիվ-հետախուզական միջոցառումներ էին ձեռնարկել, հետո էլ նույնիսկ հետախուզում հայտարարել նրա նկատմամբ, հենց հունվարի 23-ին կամ թեկուզ հաջորդ օրերին պարտավոր չէի՞ն նրա բնակարան այցելել, և եթե այցելել են` դուռը չի բացվել կամ տանը չի եղել, պարտավոր չէի՞ն հարևաններից հետաքրքրվել, թե ով է այդ Հայկ Գևորգյանը, որտե՞ղ է աշխատում, ի՞նչ զբաղմունքի տեր է, տանից բացի էլ որտե՞ղ կարող է լինել:

Եթե հետաքրքրվել են, ինչպե՞ս կարող էին չիմանալ, որ նա լրագրող է, «Հայկական ժամանակում» է աշխատում: Եվ այդ դեպքում պարզ է, որ պետք է գնային խմբագրություն` նրան բերման ենթարկելու, ձերբակալելու համար, սակայն չեն գնացել: Մի՞թե այսպես են ձեռնարկվում օպերատիվ-հետախուզական միջոցառումները: Բացի դրանից` Ա.Ֆրանգուլյանը դեռ հունվարի 17-ին, եթե ոչ ավելի վաղ, տեղյակ է եղել, որ տվյալ ավտոմեքենայի վարորդը լրագրող է, հետևաբար ոստիկանությունը թեկուզ նրանից չէ՞ր կարող իմանալ… Իսկ իմանալու դեպքում, որ խոսքը լրագրող Հայկ Գևորգյանի մասին է, դժվար չէր պարզել, թե նա ով է, որտեղ է աշխատում:

Ավելին. Ն. Փաշինյանի և այլոց հավաստմամբ, ինչպես նաև հիշյալ ՀԿ-ի հայտարարության համաձայն` Հ. Գևորգյանը ինչպես հունվարի 23-ից առաջ, այնպես էլ դրանից հետո ամենօրյա աշխատանքային ռեժիմով շարունակել է իր լրագրողական գործունեությունը, վարել է նույն ավտոմեքենան, ամեն օր այդ ավտոմեքենայով ներկայացել է աշխատանքի, վերադարձել տուն: Ընդունենք, թե ոստիկանությունը չգիտեր, որ Հայկ Գևորգյանը «Հայկական ժամանակում» աշխատող Հայկ Գևորգյանն է, բայց ի սկզբանե վստահաբար գիտեր, թե որ ավտոմեքենայով է վրաերթը կատարվել, գիտեր այդ մեքենայի պետհամարանիշը: Դեպքից հետո անցած շուրջ 20 օրում կամ թեկուզ Հ. Գևորգյանի նկատմամբ հետախուզում հայտարարելուց հետո անցած մոտ 10 օրում Ճանապարհային ոստիկանության միջոցով ինչո՞ւ չի կանգնեցվել մայրաքաղաքի կենտրոնում ամեն օր երթևեկող այդ ավտոմեքենան, որպեսզի փորձաքննության ներկայացվեր: Ի դեպ, եթե կանգնեցվեր, կհայտնաբերվեր:

Նշենք նաև, որ Հ. Գևորգյանի կողմից վրաերթ կատարելու հանգամանքի միակ հիմնավորումը, որ նշված է ոստիկանության տարածած տեղեկատվության մեջ, հունվարի 23-ին կատարված լուսանկարով ճանաչման ներկայացնելու արձանագրությունն է, որը, կարծում ենք, խիստ անբավարար է:

Ֆրանգուլյանի բացատրության համաձայն` հիշյալ ավտոմեքենան, Երևանի Մհեր Մկրտչյան փողոցի թիվ 8 շենքի դիմաց հետընթաց շարժվելով, վրաերթի է ենթարկել իրեն, վարորդը կանգնեցրել է մեքենան, իջել, սպառնացել է ոստիկանություն կանչել, հետո անպատվել է իրեն, ապա նստել մեքենան և, իրեն անօգնական վիճակում թողնելով, դիմել փախուստի: Հետաքրքիր է` մինչև հիմա վրաերթ կատարած հազարավոր վարորդներից ո՞վ է վրաերթից հետո մի բան էլ անպատվել տուժողին, հայհոյել ու նույնիսկ սպառնացել ոստիկանություն կանչել:

Կա՞ գոնե մեկ օրինակ, բացի այն դեպքերից, երբ անձը դիտավորյալ այնպես է վարվել, որ մեքենան իրեն մի փոքր հարվածի կամ հրի, և ինքը կարողանա այն վրաերթ ներկայացնել` վարորդին վատություն անելու համար: Ես Հ.Գևորգյանին փոքր-ինչ ճանաչում եմ, ու դա էլ բավարար է, որպեսզի խելացնորության կանխավարկածով չառաջնորդվեմ: Իսկ եթե թերթի փոխխմբագիրն իսկապես անպատվել է Ա.Ֆրանգուլյանին ու սպառնացել ոստիկանություն կանչել, ապա ամեն ինչ, հավանաբար, կատարվել է հենց այնպես, ինչպես Հ.Գևորգյանն է ներկայացնում: Բազմաթիվ հարցականների ու կասկածելի հանգամանքների առկայության պայմաններում Հայկի արարքի առնչությամբ Ա. Ֆրանգուլյանի ասածները և ոստիկանության ներկայացրած մեղադրանքը մեզ արժանահավատ չեն թվում:

Իհարկե, Ն. Փաշինյանին և Հ. Գևորգյանին ուղղված հարցեր էլ ունենք, մասնավորապես` ինչո՞ւ ավելի վաղ չէին հրապարակում, ըստ իրենց, այդ սարքովի վրաերթի կազմակերպման, իրենց ունեցած ձայնագրության, ծանուցագրի ոչ պատշաճ լինելու և այդ պատճառով չներկայանալու մասին:

Արթուր Հովհաննիսյան

Մեկնաբանություններ (1)

Sevak
ՄԻ բան պարզ է նա մեքենայով խփել է այդ մարդուն , պետք է պատժվի ,ստացվում է եթե մարդը գործազուրկ է նա էլ գրչակ ինչ ուզի կանի ..... Կամ նիկոլ փաշինյանը ....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter