
Զառ գյուղի բնակիչը հող գնելու համար վարկեր է վերցրել, իսկ դատարանը նրանից խլել է հողը և տվել իրավապահ համակարգի նախկին աշխատակցին
Կոտայքի մարզի Զառ գյուղի բնակիչ Գեղամ Մելքոնյանը 2015թ.-ից իրավապահ մարմինների դռներն է թակում: Նա բանկերից վարկեր է վերցրել, համագյուղացուց հողամաս է գնել, բայց պարզվել է, որ այդ հողամասն այլ շահագործող ունի, որը դատարանի միջոցով տիրացել է Գեղամի ձեռք բերած և իր անվամբ սեփականության իրավունքը գրանցած հողին: Գեղամն այդ պատճառով ավելի քան 8 բանկերում և վարկային կազմակերպություններում վարկեր է կուտակել: Գեղամը գրավի առարկա գյուղի տունը ևս կորցնելու ճանապարհին է:
Գեղամ Մելքոնյանը իր համագյուղացի Արարատ Հարությունյանի հետ 2015թ. ապրիլի 24-ին առքուվաճառքի պայմանագիր է կնքել և ձեռք բերել 3,6 հա գյուղնշանակության հողատարածք՝ 3 հա վարելահող և 0,6 հա խոտհարք: Կնքված պայմանագրի հիման վրա գրանցվել է իր սեփականության իրավունքն այդ հողակտորների նկատմամբ: Հողի սեփականատիրոջը 3000 ԱՄՆ դոլար վճարելու համար «Ֆինքա» վարկային կազմակերպությունից և «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ից վարկեր է վերցրել: Նաև խոստացել է իր «Նիվա» մակնիշի ավտոմեքենան տալ:
«Մինչև առնելս, գնացի գյուղապետի մոտ, ասի՝ էս հողերը էս երեխուց ուզում եմ առնել, հո վարկի-գրավի տակ չէ, որ վերցնեմ, ասաց՝ չէ: Աբովյանի Կադաստր էլ գնացի, հարցրի՝ հոմ էս հողերը գրավի տակ չեն, ասին՝ հայրիկ ջան, մաքուր հողեր են: Գնացել հողը չափել եմ, նայել եմ, նոր վերցրել, բարձրացանք նոտարը հաստատավ»,- պատմում է Գեղամ Մելքոնյանը:
Գործարքներից հետո՝ գարնանացանին, երբ արդեն պատրաստվել է վարել և ցանքս անել, պարզել է, որ իր գնած հողակտորն արդեն մշակված է: Նույն գյուղի բնակիչ Լևուշ Հովհաննիսյանն արդեն կատարել է գարնանացանի աշխատանքները:
«Հովհաննիսյան Լևուշը քրեականի աշխատող է, արդեն թոշակի է անցել: Մի գյուղացի ենք, գնացի մոտեցա, ասի՝ պրն. Հովհաննիսյան, ինչի եք ցանել իմ հողերը, ինձ ասում է՝ դու դեռ պուճուր ես, որ էս հողերը գնես, տղա ջան, ինքն էլ ինձնից 8 ամիս է մեծ: Ասեց՝ էդ հողերը բացառվում է քեզ տամ: Մթամ երկու տարով վերցրել է, 12 տարի ցանել է, հողի հարկն էլ չի տվել»,- պատմում է Գեղամ Մելքոնյանը:
Լևուշ Հովհաննիսյանը Գեղամ Մելքոնյանին ասել է, որ տերերը վաղուց են այդ հողն իրեն տվել, որովհետև վերջինիս որդին իր տնից թանկարժեք զարդեր է գողացել՝ ժամացույց և մատանի, և այդ հողը որպես փոխհատուցում է իրեն տրվել: Գեղամ Մելքոնյանը հայտնվել է անելանելի վիճակում: Նա 2015թ. մայիսին դիմել է դատարան՝ ընդդեմ Լևուշ Հովհաննիսյանի: Գեղամ Մելքոնյանը դատարանին խնդրել է Լևուշ Հովհաննիսյանին վտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող հողակտորներից:
«Առաջին տարին քաղավ, տարավ, ասի՝ ջանդամ, թող տանի: Մյուս աշունն ասացին՝ Լևուշը սիլիտրա է տալիս, որ ցանի: Գնացինք դատարան, արգելանք դրեցինք, որ իմ սեփականությունն էլ չքաղի, էդ տարի ես քաղա, տարա, 2 օր անցավ՝ ասին, քեզ կանչում են ոստիկանները: Դու մի ասա՝ հաղորդագրություն է տվել, որ Գեղամ Մելքոնյանն իր 3 հա տարածքից ցորեն ու խոտ է գողացել՝ 1,5 մլն դրամի չափով: Քննիչները բացատրություն են գրում, սպառնում են, ղրգան դատախազություն: 2 միլիցա եկան, ստիպեցին հատ-հատ ցույց տալ բերքը: Ցորենն ուր է՝ տարել եմ ջրաղաց, ալյուր եմ արել, մի 2 մեշոկ էլ փոխանակել՝ պամիդոր եմ անել, բան եմ առել ուտելու համար, ելան, գնացին: Ընձի տարան-բերին, տարան-բերին, վերջը փաստաբանի հետ գնացինք դատախազություն, փաստաբանս ասաց՝ ինչ է գողացել, բա՝ Լևուշի ցորենը, բա հողերը Գեղամ Մելքոնյանինն է, Լևուշի ցորենն ի՞նչ գործ ունի Գեղամի հողում: Էդպես քրեական գործը հանին վրայիցս»,- պատմում է Գեղամ Մելքոնյանը:
Հակընդդեմ հայց է ներկայացրել նաև Լևուշ Հովհաննիսյանը: Նա մի ստացական է ներկայացրել դատարանին՝ թվագրված 11.12.02թ, որտեղ հողի սեփականատեր Արարատ Հարությունյանի հայրը՝ Գագիկ Հարությունյանը, գրել է հետևյալը. «Զառ գյուղի բնակիչ Լևուշ Պատվականի Հովհաննիսյանից վերցրել եմ 800 ԱՄՆ դոլար, որի դիմաց իրեն տալիս եմ մեր ընտանիքին հասանելիք 2 (երկու) հողաբաժին բոլոր հողակտորները: Պարտավորվում եմ մեր ընտանիքի և քույրերիս համաձայնությունը գրավոր վերցնեմ և հանձնեմ նոտարական գրասենյակ: Փոշմանելու դեպքում Լևուշ Պատվականի Հովհաննիսյանից՝ բնակվող Զառ գյուղում, վերցրած 800 ԱՄՆ դոլարը վերադարձնեմ տոկոսային հարաբերությամբ, այսինքն՝ ամսական 10 տոկոսով: Ստացականիս հետ միասին ներկայացնում եմ հողի սեփականության իրավունքի պետական ակտը թիվ 037303 համարի տրված՝ 07.05.95թ.: Հողի վերաբերյալ ես ոչ ոքի հետ պարտք-պահանջ չունեմ: Այսօրվանից հողը պատկանում է Լևուշ Պատվականի Հովհաննիսյանին, բնակվող Զառ գյուղում: Պայմանավորվածության ժամանակ ներկա է եղել նաև Զառ գյուղի բնակիչ Գարիկ Արծրունի Դանիելյանը, որի համար բոլոր ներկա գտնվողներս ստորագրում ենք»:
Լևուշ Հովհաննիսյանը նշել է, որ այս ստացականը կազմելուց հետո մինչ օրս վիճելի հողակտորներին բարեխիղճ և բացահայտ կերպով ինքն է տիրապետում: Նա էլ դատարանից խնդրել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել Լևուշ Հովհաննիսյանի սեփականության իրավունքը:
Արարատ Հարությունյանի ներկայացուցիչը դատարանում առարկել է Լևուշ Հարությունյանի հակընդդեմ հայցի պահանջներին՝ հայտնելով, որ Գագիկ Հարությունյանը երբևէ չի հրաժարվել իր գույքից, իր վստահորդն իմացել է, որ դա իրենց հողամասն է, որն իրենց կողմից տրվել է Լևուշ Հովհաննիսյանին՝ օգտագործման։ Այդ մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ Գագիկ Հարությունյանի կողմից վիճելի գույքի օտարման գործարք չի կնքվել։
Ինչ վերաբերում է «ստացական» վերնագրված փաստաթղթին, ապա Հարությունյանների վստահորդը նշել է՝ որքան որ իրենց հայտնի է, Գագիկ Հարությունյանի կողմից նման փաստաթուղթ երբևէ Լևուշ Հովհաննիսյանին չի տրվել, և երկրորդ, եթե նույնիսկ ընդունեն, որ նման փաստաթուղթ տրվել է, ապա այս գործով այն որևէ ապացուցողական նշանակություն ունենալ չէր կարող, քանզի դրա առկայությունը որևէ կերպ Լ․ Հովհաննիսյանի մոտ չէր կարող համոզմունք առաջացնել առ այն, որ ինքը գույքը տիրապետելու է օրինական հիմքերով, և, որ ինքն այդ գույքը տիրապետելու էր որպես սեփականություն:
Ներկայացուցիչը նշել է, որ ստացականի ուսումնասիրությունից նախ պարզ չէ, թե ինչ հողաբաժինների վերաբերյալ է այն գրված՝ ինչ հողեր են և ում են պատկանում, որտեղ են գտնվում և այլն: Ավելին, ստացականի բովանդակությունից հետևում է, որ Գագիկ Հարությունյանը, ով ըստ Լևուշ Հովհաննիսյանի, իրեն է տվել 2 հողաբաժին, չի հանդիսացել այդ հողամասերի միակ սեփականատերը, այլ հողամասերը պատկանել են Գագիկ Հարությունյանի ընտանիքին:
Եթե Գագիկ Հարությունյանը ցանկանար գույքը հանձնել Լևուշ Հովհաննիսյանին, ապա դրա վերաբերյալ օրենքով սահմանված կարգով կկնքեր համապատասխան գործարք։ Ստացականում հստակ նշված է, որ «պարտավորվում եմ մեր ընտանիքի և քույրերիս՝ բոլորի, համաձայնությունը գրավոր վերցնեմ և հանձնեմ նոտարական գրասենյակ»: Այսպիսով, Հարությունյանների ներկայացուցիչն ընդգծել է, որ Լևուշ Հովհաննիսյանի մոտ կարող էր համոզմունք առաջանալ, որ ինքը հողամասերը տիրապետելու է սեփական և օրինական հիմքերով միայն այն ժամանակ, երբ կլիներ հողամասի բոլոր սեփականատերերի համաձայնությունը և բոլոր համասեփականատերերի հետ ինքը կկնքեր համապատասխան, օրենքով սահմանված կարգով օտարման պայմանագրեր:
Աբովյանի դատարանը, նախագահությամբ Նելլի Գալստյանի, 2016թ. հոկտեմբերի 4-ին Գեղամ Մելքոնյանի հայցը բավարարել է և մերժել է Լևուշ Հովհաննիսյանի հակընդդեմ հայցը: Լևուշ Հովհաննիսյանը բողոքարկել է այն վերադաս ատյանում: Վերաքննիչը բեկանել է Նելլի Գալստյանի վճիռը և այդ մասով գործն ուղարկել նոր քննության:
Տարբեր ատյաններում հետ ու առաջ գնալ-գալուց և բողոքարկելուց հետո, ի վերջո, 2018թ. հոկտեմբերի 3-ին նույն՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, նախագահությամբ դատավոր Աննա Արզումանյանի, Լևուշ Հովհաննիսյանի օգտին է վճիռ կայացրել և անվավեր է ճանաչել Գեղամ Մելքոնյանի և Հարությունյանների կնքած առքուվաճառքի պայմանագիրն ու սեփականության իրավունքի գրանցումը: Լևուշ Հովհաննիսյանը դատարան վկաներ է բերել, այդ թվում՝ գյուղապետին, հողերը վար ու ցան անող տեխնիկայի սեփականատիրոջ, ովքեր ասել են, որ այդ հողը Լևուշն է մշակել: Գեղամ Մելքոնյանը բողոքարկել է դատարանի վճիռը, սակայն Վերաքննիչը նույնն է թողել նախորդ ատյանի դատական ակտը:
Այդպիսով, Գեղամ Մելքոնյանը զրկվում է ձեռք բերած հողամասից, դրա համար վճարած գումարներից: Փոխարենը վարկի մարման, փաստաբանական և այլ փաստաթղթային ծախսեր կատարելու համար նոր վարկեր է վերցնում, մեկը փակելու համար մյուս բանկից է վարկ վերցնում, և այդպիսով հայտնվում վարկային կարուսելի մեջ: Գեղամ Մելքոնյանը գրավադրել է իր կնոջ և բարեկամների ոսկյա զարդերը, որոշ վարկեր չի կարողացել փակել, ոսկին մնացել է բանկին: Նա պարտավորություններ ունի «ՎՏԲ Հայաստան բանկ»-ի և «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ի նկատմամբ:
«Քրեականի աշխատող է, տաքսի ունի, 40 հատ սեփական մեքենա ունի, մի հատ շենք է սարքել տվել «Ինեկոբանկ»-ին, ամիսը 3000 դոլար փող է ստանում, խանութ ունի: Նրա դեմը խաղ չկա»,- պատմում է Գեղամ Մելքոնյանը:
Գեղամ Մելքոնյանը թակել է պատգամավորների, պաշտոնյաների, իրավապահ բոլոր մարմինների, Մարդու իրավունքների պաշտպանի դռները: «7 բանկում վարկի մեջ եմ, ես էլ 4 շունչ եմ՝ ես ու կինս 62 տարեկան ենք, չենք աշխատում, թոշակ չենք ստանում, մի աղջիկ ու մի հատ էլ թոռնիկ ունեմ իմ խնամքի տակ: Ալիմենտ էլ չի ստանում, բաժանված է աղջիկս: Ոչ նպաստ ենք ստանում, ոչ մի կողմնակի եկամուտ: Բա էս վարկերը ո՞նց եմ փակելու: Տունս գրավի տակ է, բանկերից էլ նամակ եմ ստանում, բա էս արդարությո՞ւն է: Հիմա ոնց որ էս քո հեռախոսն է, ես ասեմ՝ քոնը չի, իմն ա»,- բորբոքվում է Գեղամ Մելքոնյանը:
Գեղամ Մելքոնյանը բողոքարկել է Վերաքննիչի որոշումը Վճռաբեկ դատարանում: Սակայն հուսահատված է՝ եթե վերադաս ատյանն էլ մերժի, զրկվելու է նաև տնից:
Արարատ Հարությունյանը, ով վաճառել է հողակտորները Գեղամ Մելքոնյանին, պատմեց, որ այդ հողերը պատկանել են իր պապին, նրա մահից հետո՝ 11 ժառանգներին: Պապիկի մահվանից հետո՝ սկսած 2002թ.-ից, հողերի հարկը վճարել են ինքն ու հորաքույրը՝ 13 տարի: Այդ ընթացքում Լևուշ Հովհաննիսյանը ցանել է: «Հայրս ասում էր՝ Լևուշին եմ տվել, որ ցանի: Բայց հայրս որ մահացավ, ես ու հորաքույրս վճարումներ արեցինք, զրոյական տեղեկանք վերցրինք համայնքի ղեկավարից, գնացինք հորաքույրս նոտարով ժառանգությունը ստացավ պապիկիցս, հետո մենք՝ քույր, եղբայրներս ու մայրս, մեր մասնաբաժինը ստացել ենք: Քույրս, եղբայրս և մայրս իրենց մասնաբաժնից հրաժարվել են, նվիրատվություն են արել ինձ: Ես նորից զրոյական տեղեկանքը վերցրել եմ, վճարումներն արել եմ, կադաստրով, նոտարով սեփականության իրավունքը ստացել եմ 2014թ-ին: 2015 թվականին վաճառել եմ Գեղամ Մելքոնյանին: Համայնքի ղեկավարը նորից զրոյական տեղեկանք է տվել, որ հողերը ոչ գրավի տակ են, ոչ վաճառված են, պետությանը պարտք-պահանջ չունեմ»,- պատմում է Արարատը:
Արարատ Հարությունյանն ասում է, որ ինքը Գեղամ Մելքոնյանի հետ որևէ վեճ չունի, մինչդեռ դատարանը որևէ անգամ չի հարցրել, թե գույքահարկն ինչու եմ ես վճարել, այլ ոչ թե Լևուշ Հովհաննիսյանը: «Հիմա ինքը մի հատ ստացական է բերել, որ իբր հայրս վաճառել է իրեն: Լավ, հայրս վաճառեց իրեն, բա մնացած 10 հոգին ինչու համաձայնություն չեն տվել, հայրս իրավասություն չի ունեցել հողերը վաճառելու, սեփականատեր չի եղել: Հողերի անձնագրեր չի ունեցել: Կամ ի՞նչ հողակտոր է հայրս քեզ վաճառել»,- հարցնում է Արարատը:
Արարատը պնդում է, որ ինքն օրինական ճանապարհով վաճառել է իր հողը Գեղամին: «Բայց դատական համակարգ ՀՀ-ում գոյություն չունի: Հեղափոխություն եղել է, ամբողջությամբ փոխվել է, բայց դատական համակարգը մնում է նույն՝ հին վիճակը, ավելի բեթար: Փող ունես, մարդ ունես՝ քոնն է, փող չունես, մարդ չունես՝ քոնը չի: Այսինքն՝ մարդու գույքը իրենք կարող են խլել ու տիրանան: Էդ է մեր դատարանները: Հետո էլ ասում են՝ ժողովուդրը վստահի դատարաններին, ում վստահես, եթե քո սեփականությունը քեզնից վերցնում է ու անօրինական ճանապարհով տալիս է ուրիշին»,- վրդովվում է նաև Արարատը:
Արարատ Հարությունյանը վստահ է, որ Լևուշ Հովհաննիսյանն իր կապերով է կարողացել նման դատական ակտեր ստանալ: Այլապես մի հատ ստացականը չէր կարող Կադաստրի պետական գրանցումից ավելի հզոր լինել: «Ինքը նախկինում քննիչ է եղել, մեծ լծակներ ունի, և Կադաստրը դատարանին թուղթ է տալիս, որ գրանցումը բեկման ենթակա չէ: Բոլորն անտեսում են, բայց էդ ստացականը չեն անտեսում: Էդքան փաստաթղթերը ես ունեմ, հողերն իմը չեն, բայց էդ մի ստացականով հողերը տալիս են Լևուշին»,- շարունակում է Արարատը:
«Բարեկամներիցս ոսկի եմ վերցրել: Հիմա 9 հատ ոսկի ունեմ՝ 1 մլն դրամ արժեքով: 3 250 հազար դրամ պարտք ունեմ: «Ֆինքա»-ն մեկ անգամ փակել եմ, հետո նորից եմ վերցրել, 3 փաստաբան եմ փոխել, իրենց գումարներ եմ տվել: Էդ հողերն իմ վրա 9 հազար դոլար նստավ: 2 հատ կով ունեմ, մի հատ խոզ ունեմ՝ 10 գոճիներով, 15 հատ հավ ունեմ, ես ոնց պիտի էդ վարկերի տակից դուրս գամ»,- ասում է Գեղամը:
«Արդեն հոգնել եմ էդ տղայի սուտ ցուցմունքներից, նոր են իրա հիմքերը մերժել սուտ ցուցմունքների համար: Հոգնել եմ էդ տղայից ու ոչ ուզում եմ տեսնել, ոչ լսել, 10 տեղ դիմել է, անհիմն պատճառներով որտեղ դիմել է, էնտեղ մերժել են: Մյուս անգամ ինձ էդ հարցերի համար խնդրում եմ չզանգել: Ինչ խոսում է՝ սուտ է խոսում»,- մեր հեռախոսազանգին արձագանքեց Լևուշ Հովհաննիսյանը: Նա ասաց, որ վատառողջ է և չի ցանկանում զրուցել այդ թեմայով:
Գեղամ Մելքոնյանի լուսանկարը՝ Սարո Բաղդասարյանի
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել