HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Խստացնել բնակարանային գողությունների, կողոպուտների քրեական պատասխանատվությունը․նոր նախագիծ

Արդարադատության նախարարությունն առաջարկում է խստացնել բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված ավազակության, կողոպուտի և գողության համար քրեական պատասխանատվությունը։

Նախարարությունը քննարկման է ներկայացրել «Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ՝ նպատակ ունենալով կատարվելիք փոփոխություններով նվազեցնել բնակարանային հափշտակությունների, կրկնահանցագործությունների թիվը։

Այդ նախագծով, բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված ավազակության համար կնախատեսվի ազատազրկում՝ 7-12 տարի ժամկետով, կողոպուտի համար՝ 6-10 տարի ժամկետով, իսկ գողության համար՝ 5-10 տարի ժամկետով։

Իսկ բնակարան ապօրինի մուտք գործելու, հրազենի կամ ռազմամթերքի գործադրմամբ կատարված ավազակությունները կդասվեն առանձնապես ծանր հանցագործությունների շարքին։ Այդ արարքը կատարածների  նկատմամբ կբարդացվեն քրեական պատասխանատվությունից և պատժից մեղադրական դատավճռի վաղեմության ժամկետն անցնելու, ազատ արձակվելու, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու գործընթացները։ «Ինչը կարևոր նշանակություն կունենա բնակարանային հափշտակությունների դեմ պայքարի գործում»,-հայտնել է արդարադատության նախարարությունը։

Ըստ արդարադատության նախարարության` բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված հափշտակությունների էական աճը, կրկնահանցագործությունների զգալի թիվը վկայում է դրանց դեմ պայքարի քրեաիրավական միջոցների և վարվող պատժողական քաղաքականության ոչ արդյունավետ լինելու մասին:

Նախարարությունը հայտնել է, որ բնակարանային գողությունների դեպքերի էական աճը և դրան զուգահեռ՝ բացահայտման դեպքերի ցածր մակարդակը վկայում են, որ այս հանցագործության կանխարգելմանն ու բացահայտմանն ուղղված միջոցառումներն անբավարար են: «Այս հանցագործությունների քանակն ու առանձին դեպքերում դրանց կազմակերպվածության բարձր աստիճանը վկայում են, որ բազմաթիվ դեպքերում գործ ունենք հանցավոր վարքագծի այս դրսևորման մեջ հմտացած, հատուկ միջոցներ ու հնարքներ կիրառող կազմակերպված խմբերի հետ, որոնք, փաստորեն, օպերատիվ տեսադաշտում չեն»,-նշված է նախագծում։

Նախարարության փոխանցմամբ՝ փորձը ցույց է տվել, որ պարեկային ծառայության ուժեղացման ժամանակ բնակարանային գողությունների թիվը զգալի նվազում է, իսկ բացահայտման դեպքերն՝ ավելանում:

Նախագծում ներկայացվել են նաև վիճակագրական տվյալներ։

Ըստ այդ վիճակագրության` այս տարվա առաջին երկու ամիսներին գրանցվել է ավազակության 15 դեպք, որը 66.7%-ով ավել է նախորդ տարվա համեմատ, 18 %-ով աճել է նաև կողոպուտների քանակը, 60.5%-ով՝ գողության դեպքերը։

Նախարարության համար մտահոգիչ է նաև անչափահասների կատարած բնակարանային գողության դեպքերի աճը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter