HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հղիության ընդհատումը քրեորեն պատժելի է

Դեռևս սաղմնավորման սկզբում երեխան ձեռք է բերում կյանքի իրավունք: Մոր արգանդում օրեցօր ձևավորվում է մի նոր կյանք, կնոջ ներսում սկսում է զարկել մի նոր սիրտ, որն ապրել է ուզում:

Մինչև 20-րդ դարը բոլոր քրիստոնեական երկրներում ընդհանրապես արգելված էր հղիության ընդհատումը: Այժմ «Վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքը հստակորեն սահմանում է հղիությունն ընդհատելու կնոջ իրավունքները և այն հանգամանքները, որոնց առկայության դեպքում ընդհատելն անհրաժեշտություն է, և կինը որևէ պատասխանատվություն չի կրում: Նմանատիպ օրենք է ընդունված աշխարհի գերեթե բոլոր երկրներում:

Մինչև 12 շաբաթական ժամկետով հղիության ընդհատումը կատարվում է կնոջ ցանկությամբ: 12-ից մեծ ժամկետների դեպքում (մինչև 22 շաբաթ) հղիությունն ընդհատել թույլատրվում է բացառապես բժշկական (օրինակ՝ չարորակ նորագոյացություններ, հոգեկան խանգարումներ, ինֆեկցիոն, սրտանոթային համակարգի հիվանդություններ և այլն ) և սոցիալական (հղիության՝ բռնաբարության արդյունք լինելը կամ հղիության ընթացքում ամուսնու մահանալը) ցուցումների դեպքում և կնոջ համաձայնությամբ:

Լինում են նաև բացառիկ դեպքեր (օրինակ՝ վթարներ, աղետներ և այլն), երբ հղիությունն ընդհատվում է առավել մեծ ժամկետներում, բայց դա արդեն կատարվում է համապատասխան բժշկական հանձնաժողովի որոշմամբ՝ ելնելով կնոջ կյանքին սպառնացող վտանգից: Հղիության մնացած բոլոր ընդհատումները, որոնք չեն համապատասխանում վերոհիշյալ դեպքերին, համարվում են ապօրինի:

Արդեն 12 շաբաթական դարձած երեխան ապրելու լիարժեք իրավունք է ձեռք բերում: Այս առումով ՀՀ առողջապահության նախարարությունը համարում է, որ այդ ժամկետում էմբրիոններն այնքան ձևավորված են, որ ունեն մարդու գրեթե բոլոր հատկանիշները, ըստ այդմ՝ կրում են մարդու բոլոր իրավունքները, այս դեպքում կարևորագույնը՝ կյանքի իրավունքը: Ուստի, երեխային այդ իրավունքից զրկողները ենթարկվում են դատական պատասխանատվության, քանի որ կյանքի իրավունքը խլելը սպանություն է:

ՀՀ Քրեական օրենսգիրքը սպանությունը սահմանում է որպես ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը, և պատժում ազատազրկմամբ: «Կյանքի իրավունքը սահմանափակող կամ կյանքի իրավունքից զրկող յուրաքանչյուր անձ ենթակա է քրեական պատասխանատվության,- ասում է իրավաբան Տարոն Սիմոնյանը:- Իսկ արդեն հարկադիր սպանության, անփութությամբ մահ պատճառած կամ այլ դեպքերում, համապատասխանաբար, տվյալ անձը ենթակա է խստիվ պատասխանատվության»:

Թե ինչպիսին կլինի արհեստական վիժեցում արած կնոջ պատիժը, առավելապես կախված է հանգամանքներից: Փաստաբանի խոսքերով՝ եթե սովորական սպանություն է՝ 6-12 տարի ազատազրկում, իսկ եթե ծանրացուցիչ հանգամանքներով է, պատիժն առավել է՝ 8-15 տարի:

Այս առումով, պատասխանատվության է ենթարկվում նաև բժիշկը. ըստ էության, նա ևս սպանության մասնակից է դառնում: Բայց ՀՀ Քրեական օրենսգրքի 122-րդ հոդվածը՝ «Ապօրինի աբորտ կատարելը», համապատասխան կրթություն ունեցող բժշկի համար սահմանում է «մեղմ» պատիժ. «Համապատասխան բժշկական կրթություն ունեցող անձի կողմից ապօրինի աբորտ կատարելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը 1 ամիս ժամկետով»:

Այդ անձը նաև զրկվում է որոշակի պաշտոն զբաղեցնելու իրավունքից առավելագույնը 3 տարի ժամկետով: Եթե արհեստական վիժեցում կատարող անձը համապատասխան մասնագիտական կրթություն չունի, վերը նշված պատժին գումարվում է նաև ազատազրկում՝ առավելագույնը 2 տարի ժամկետով: Ընդ որում՝ հանցագործությունն ավարտված է համարվում պտղի հեռացման պահից՝ անկախ այն հանգամանքից, թե հետագայում ինչ հետևանքների կհանգեցնի: Իսկ եթե հղիության արհեստական, ապօրինի ընդհատման ժամանակ անզգուշությամբ ծանր վնաս է հասցվում կնոջ առողջությանը, կամ ընդհատումը դառնում է կնոջ մահվան պատճառ, ապա արհեստական վիժեցում կատարողը պատժվում է առավելագույնը 5 տարի ազատազրկմամբ:

Հարց է առաջանում՝ մի՞թե կյանքից զրկելը (այն է՝ սպանությունը) և ապօրինաբար աբորտ կատարելը տարբեր բաներ են, որ Քրեական օրենսգիրքը տարբեր պատիժներ է սահմանում: Ակնհայտ է, որ օրենքն այստեղ թերանում է: Եթե կյանքի իրավունքը համարվում է բարձրագույն արժեք ,և ապօրինի աբորտն էլ ոչ այլ ինչ է, քան կյանքի իրավունքից զրկելը, ապա ինչո՞ւ է սպանության համար նախատեսված մի քանի տարվա ազատազրկում, իսկ ապօրինի աբորտի համար՝ տուգանք կամ լավագույն դեպքում՝ մի քանի ամսվա ազատազրկում:

Օրենքի այս թերացման և դրա չվերահսկվելու պատճառով է, որ բժիշկը, ենթարկվելով «մեղմ» պատժի կամ, ինչն առավել ցավալի է, առհասարակ պատասխանատվության չենթարկելով, շարունակում է իր հանցավոր գործունությունը: Կնոջ և բժշկի անպատժելիության հետևանքով է, որ շատերը վստահ են՝ պատասխանատվություն չեն կրի և ցանկացած ժամկետում կընդհատեն հղիությունը:

Այս վստահությամբ էլ փաստաթղթերում ժամկետներ են կեղծվում, առանց դեղատոմսի վիժեցնող հաբեր են վաճառվում, հազարավոր կանայք հրաժարվում են երեխաներից, ինչի հետևանքով էլ ձեռք են բերում մի շարք առողջական խնդիրներ, ինչպես օրինակ՝ անպտղություն, ուռուցքներ, հոգեկան և նյարդային խանգարումներ:

Ստորև ներկայացվում է մի քանի տող՝ հղիությունն արհեստականորեն ընդհատել ցանկացող զույգերի համար (հատված անգլիական SPUC-ի՝ Չծնված երեխաների պաշտպանության ընկերություն (ՉԵՊԸ) թռուցիկից):

1-ին օր - Հղիացում: Աչքերի, մազերի գույնը, սեռը որոշված են:

12-րդ օր - Փողերից մուտք է գործում արգանդ և տեղավորվում այնտեղ:

17-րդ օր - Սեփական արյան բջիջների զարգացում:

21-րդ օր - Սիրտն սկսում է բաբախել:

26-րդ օր - Նյարդային համակարգի հիմքերի կազմավորում:

30-րդ օր - Արյան կանոնավոր հոսք փակ մազանոթային համակարգում: Ականջների և քթի զարգացման սկիզբ:

42-րդ օր - Կազմավորվում են ոսկրային համակարգը և ռեֆլեքսները: Առկա են լյարդը, երիկամները և թոքերը: Բերանին դիպչելիս կարող է արձագանքել:

45-րդ օր - Կարելի է ձայնագրել ուղեղի ալիքների գործունեությունը:

56-րդ օր - Գործում են բոլոր օրգանները՝ բացի թոքերից:

65-րդ օր - Երեխան կարող է ձեռքը սեղմել և բռնել ափին բախվող առարկան՝ համաձայնեցված շարժումներով արգանդում թռչելով վեր ու վար:

12-րդ շաբաթ - Ամբողջ մարմնի մակերեսը զգայուն է դիպչելիս:

16-րդ շաբաթ - Երեխայի հասակը համապատասխանում է ծնվելու պահի հասակի կեսին:

28-րդ շաբաթ - Աչքերը բաց են: Երեխան կարող է լսել մոր սրտի աշխատանքը, մոր, նաև շրջապատի ձայները:

Գրվածից երևում է, որ երեխան կարող է ցավ զգալ նույնիսկ կյանքի վաղ փուլում՝ մինչև ծնունդը, հետևաբար նա կզգա նաև իր սպանությունը:

Տաթև Խաչատրյան
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս

Մեկնաբանություններ (1)

Անաիդա
Եթե մեր երկրում այդ օրենքը սկսի գործել, կարելի է ասել, որ կդառնանք փոքրիկ Չինաստան: Բոլորն էլ ուզում են շատ երեխաներ ունենալ, սակայն երկիրը պետք է հնարավորություն տա ապրելու: Իմ կարծիքով, որ օրը մարդիկ ունեն նորմալ աշխատավարձով հիմնական աշխատանք, այդ օրից էլ կյանքը կաշխուժանա: Բժիշկները միշտ դեմ են եղել հղիության ընդհատմանը, իսկ կանայք ստիպված են գնացել այդ քայլին: Նաև կարելի է պաշտպանվել և խուսաթեր նման հանցանք գործելուց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter