HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Մարուքյանը՝ Ջանջուղազյանին. «Ո՞վ է ասել, որ դուք որպես նախարար հավելյալ արժեք եք ստեղծում»

Խորհրդարանում քննարկվում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության հարցապնդումը` հղված կառավարությանը, որը վերաբերում է կառավարության կառուցվածքին ու գործունեությանը։ Կառավարության պատասխանները ընդդիմադիր խմբակցությանը չեն բավարարել։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, դիմելով ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին, ասաց, որ քննարկումն անհասկանալի է դառնում։

«Կոնկրետ հարցեր ենք տվել, որոնց պատասխանները չենք ստացել, հարցրել ենք՝ որքա՞ն մարդ եք պատրաստվում կրճատել, ո՞ր ՊՈԱԿ-ները, հիմնադրամներն են կրճատվելու, ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ, ի՞նչ ֆինանսական միջոցներ ենք տնտեսում, պատասխանների մեջ գրված է՝ սպառիչ չեն տվյալները, դեռ չգիտենք, կիմանանք, զգույշ կլինենք։ Ձեր նամակից հղում անեմ, ասում եք` եթե անգամ 10 հազար հավելյալ արդյունք չստեղծող հանրային աշխատող դառնա գործազուրկ, դրանից շահելու է հայոց պետականությունը։ Նախկինում էլ եք աշխատել կառավարությունում, բա էն ժամանակ հավելյալ արդյունք չստեղծող քաղաքացիների մասին ինչի չէիք ասում, կամ ովքե՞ր են հավելյալ արժեք չստեղծող հանրային աշխատողները, կամ ո՞վ է ասել, որ դուք որպես նախարար հավելյալ արժեք եք ստեղծում»,-ասաց Մարուքյանը։

Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ միշտ էլ կարելի է նախարարին նման հարց հղել, որպեսզի որևէ նախարար զգոնությունը չկորցնի։

«Ինչ վերաբերում է մեր ձևակերպմանը, այստեղ այդ համեմատությունը բերված է նրա համար, որ պարզ դառնա նպատակը` բարձրացնել արդյունավետությունը, հետևաբար` նպատակին ծառայելու որակը։ Ինչ վերաբերում է իմ նախկին գործունեությանը, չեմ կարծում, որ այս ամբիոնը իմաստ ունի այդ նպատակով օգտագործել, բայց եթե կարիք եք զգում, կարող եք տեսնել, թե գանձապետարանում, որի պատասխանատուն ես էի, 70 տոկոս թվաքանակ է կրճատվել, և վատթարացում չի եղել»,- ասաց նախարարը։

Մարուքյանն արձագանքեց, որ հարցապնդումը հենց այնպես չեն արել, այն բխում է քաղաքացիների մտահոգություններից. «Մարդիկ ուզում են հասկանալ` կրճատվո՞ւմ են, թե չէ, ի՞նչ է լինելու իրենց ճակատագիրը, էս անորոշության վրա մարդկանց պահում ենք, դա նաև ազդում է իրենց աշխատունակության վրա, հիմա հարցապնդում ենք արել, որ ճշտենք, դրա պատասխանը մեզ չեք տալիս` ովքե՞ր են էդ մարդիկ, որ հավելյալ արժեք չեն ստեղծում:

«Նրանք են, ովքեր ոչ թե անում են ինչ-որ բան, որը արդյունք չի տալիս, այլ անում են ոչինչ»,- ասաց Ջանջուղազյանը` հավելելով, որ չի կարող անուն-ազգանուններ նշել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter