HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Լուսավոր Հայաստանը» Ատոմ Ջանջուղազյանին պաշտոնանկ անելու հարցը կներկայացնի վարչապետին

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, օգտվելով ԱԺ կանոնակարգ-օրենքի ընձեռած հնարավորություններից, կառավարության առանձին անդամի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանը կներկայացնի։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Հուսով եմ՝ պարոն Ջանջուղազյանին պաշոտանանկ անելու որոշումը միասին կկայացնենք, որ այլևս որևէ նախարար այս ձևով չփորձի որևէ ֆրակցիայի հետ խոսել»,- ասաց Մարուքյանը։

Խորհրդարանը քննարկում էր «Լուսավոր Հայաստան»-ի հարցապնդմանն ուղղված կառավարության պատասխանները, որը վերաբերում էր կառավարության կառուցվածքին ու գործունեությանը։ Ընդդիմադիր խմբակցությանը չէին բավարարել ոչ միայն գրավոր պատասխանները, այլև հիմնական զեկուցող, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի պատասխանները։ Տարբեր հարցերի միջոցով այդպես էլ պատգամավորները չստացան հարցերի պատասխան, թե որքան հանրային աշխատող է կրճատվելու, ինչ է լինելու նրանց հետ, որքան գումար է տնտեսվելու դրա արդյունքում և այլն։ Մարուքյանի համոզմամբ՝ այս ամենը խոսում է այն մասին, թե ինչ է կատարվում կառավարության ներսում։

«Կատարվում է հետևյալը՝ դուք ասում եք մի բան, որ պետք է արվի, մենք առաջարկներ ենք տալիս, բայց ինքներդ չգիտեք՝ ինչ եք ուզում անել, ձեր զեկույցն ու պատասխանները դրա մասին են, ձեր պատասխանները ընդհանրական բնույթի են»,- ասաց Մարուքյանը՝ դիմելով ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին։

Պատգամավորի խոսքով՝ նույնիսկ հարցապնդման քննարկումից հետո այդպես էլ հնարավոր չեղավ ստանալ հարցերի պատասխանները և մասնավորապես, թե որքան հանրային աշխատող է կրճատվելու օպտիմալացումների հետևանքով։

«Էս պատասխանը երեք օր կարդում ենք, որ հասկանանք՝ ինչ ասենք: Տեսնում ենք, որ հարցերի պատասխանները չկան, հետո մի պատասխանը գալիս է, զանգում ասում են՝ էդ պատասխանը հաշվի մի առեք, նորից ենք ուղարկում, գալիս է պատասխանը, նորից նույն բանը. էս իմաստով ես արձանագրում եմ, որ եթե դուք եք սրանով զբաղվում, պարո՛ն Ջանջուղազյան, վարչապետը պետք է Ձեզ պաշտոնից ազատի: Ասում եք արդար կլինի, որ էդ մարդկանց հանեն, ես ասում եմ արդար կլինի, որ Ձեզ ազատեն պաշտոնից: Անձնական որևէ բան չկա, վարչապետը ասում է բանը պետք է արվի, կատարողները ձախողման են գնում»,- ասաց Մարուքյանը։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արձագանքեց՝ իր մոտ տպավորություն է, որ Մարուքյանը համաձայն է առաջ քաշած նպատակի հետ, որ պետական կառավարման համակարգը ուռճացված է, բայց կասկածներ ունի, թե այդ ամենը որքանով բարեխիղճ կարվի։

Մարուքյանը չհերքեց՝ նախկինում էլ ասել են, որ պետական կառավարման համակարգն ուռճացված է, և պետք է օպտիմալացում արվի, սակայն խնդիրն այն է, որ օպտիմալացում իրականացնող կառավարությունը չգիտի, թե ինչ է անում։

«Մենք սպասում ենք, որ կներկայացվի, թե ով է կրճատվում, քանի հոգի, ու նամակ է հրապարակվում 10 հազար հոգու մասին»,- ասաց Մարուքյանը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի համոզմամբ՝ Էդմոն Մարուքյանը մոլորության մեջ է։

«Եթե պարոն Մարուքյանը կարծում է, որ օրենսդիրի վերահսկողության մեջ մտնում է գործադիրի որ կադրին ինչպես հանել տեղավորելը, էստեղ ոչ թե վերահսկողություն է, այլ կոնտրոլի ու իշխանության մասին է խոսքը»,- ասաց նա։

Դանիելյանը, դիմելով Մարուքյանին, հարցրեց, թե նա ինչպես կանվանի այն պատգամավորին, որ այս դահլիճում լսել է մի քանի տասնյակ հանրային աշխատողի կրճատման մասին, սակայն հարցապնդումից հետո խոսում է մի քանի հազարի մասին։

«Եթե ձեր կարծիքով ես մոլորության մեջ եմ, թողեք մնամ մոլորված, որովհետև իմ մոլորությունը ահավոր անհանգստացնում է իշխանությանը, երբ կդառնաք ընդդիմություն, անմոլոր կվերահսկեք ընդդիմությանը, հուսով եմ էդ ժամանակ մենք կլինենք իշխանություն, դուք էլ անմոլոր կվերահսկեք»,- ասաց Մարուքյանը։

Ինչ վերաբերում է կրճատման թվերին, Մարուքյանն ասաց.

«Ես փոխվարչապետի ու նախարարի նամակ եմ հրապարակում, որտեղ նշված է 10 հազար աշխատողի մասին, ես հարց եմ տալիս, հարցին պատասխանո՞ւմ է նախարարը»,- ասաց Մարուքյանը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանի մոտ էլ տպավորություն էր ստեղծվել, որ եթե ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ասեր, որ 72 հանրային աշխատող է աշխատանքից ազատվելու, Մարուքյանն ուզելու էր նրանց անուն-ազգանունները, հայրանունները, ծննդյան թվերը, մատնահետքերը, թե կրճատումն ինչպես է ազդելու ՀՆԱ-ի, պետական պարտքի ու արտահանման վրա։

Պատգամավորը զարմացավ, թե ինչպես կարելի է նման փոփոխությունների ժամանակ հստակ հաշվարկել, թե քանի հանրային աշխատող է աշխատանքից ազատվելու։

Մարուքյանն արձագանքեց՝ պատգամավորի պատասխանը խոսում է այն մասին, որ իշխանությունը չունի ուռճացված համակարգի փոփոխությունների ազդեցության գնահատական։

«Բա ո՞վ պետք է ասի` որքան մարդ կմնա ռեզերվում, ինչքա՞ն գումար կտնտեսվի, ո՞վ պետք է պատասխան տա: Ես զարմացած եմ, այսինքն՝ մտածում եք՝ նման մեծ ռեֆորմ պետք է արվի, ու պատասխաններ չտրվեն հա՞ հասարակությանը»,- ասաց Մարուքյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter