HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

ՊՊԾ գնդի գրավման օրերին սպանված ոստիկանի կինը պատմեց ամուսնու հետ զրույցի մանրամասները

ՊՊԾ գնդի տարածքում սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի հայրը՝ Վահրամ Տեփանոսյանը, կհրավիրվի դատարան՝ այսօրվա նիստի ընթացքում հետազոտված տեսանյութերում արված արտահայտությունների վերաբերյալ ցուցմունք տալու: Նշենք, որ դատարանում հետազոտված տեսանյութերում Վահրամ Տեփանոսյանը պնդում է, որ որդուն ոչ թե ՊՊԾ գունդը գրաված անձինք, այլ ոստիկաններն են սպանել, քանի որ նա տարաձայնություններ է ունեցել հրամանատարության հետ: Վահրամ Տեփանոսյանն ասում է նաև, որ իր այս պնդումն ապացուցող բազմաթիվ փաստեր ունի:

Նշենք, որ Յուրի Տեփանոսյանի իրավահաջորդը դատարանում ի սկզբանե նրա կինն էր՝ Արփինե Թումասյանը, սակայն Վահրամ Տեփանոսյանը նիստերից մեկի ժամանակ ներկայացել էր դատարան ու խնդրել իրեն ներգրավել որպես որդու իրավահաջորդ: Հետագայում պարզվել  էր, որ Վահրամ Տեփանոսյանը առանց որդու կնոջ՝ Արփինե Թումասյանի համաձայնության էր որոշել ներգրավվել գործում: Այժմ Յուրի Տեփանոսյանի իրավահաջորդը նորից Արփինե Թումասյանն է: Վերջինիս և սկեսրոջ՝ Վահրամ Տեփանոսյանի միջև տարաձայնություններ կան՝ կապված Յուրի Տեփանոսյանի սպանության հանգամանքների հետ: Արփինե Թումասյանն, ի տարբերություն սկեսրոջ, կարծում է, որ Յուրի Տեփանոսյանին սպանել են ՊՊԾ գունդը գրաված անձինք, այլ ոչ թե ոստիկանները:

Նշենք, որ  Յուրի Տեփանոսյանը սպանվել է 2016 թվականի հուլիսի 30-ին՝ մեքենայի մեջ:

Տեփանոսյանի կինն այսօր դատարանում ցուցմունք տվեց այն մասին, որ մահվանից կես ժամ առաջ խոսել է ամուսնու հետ

«Խոսելու ընթացքում ինքը նստել է մեքենայի հետևում, Ազատին նստացրել է մեքենայի ղեկին, ինքն իր կամքով է նստել մեքենայի հետևում, ոչ ոք դա նրան չի ստիպել, մեքենայի հետևում հեռախոսով խաղ է խաղացել»,– ասաց Թումասյանը՝ նշելով, որ պնդումները, թե դեպքից առաջ Տեփանոսյանին ստիպել են նստել մեքենայի հետևի հատվածում, ճիշտ չեն:

«Մեքենան գնալու ժամանակ էդ դեպքը տեղի է ունեցել, ընթացքի մեջ ա եղել, որ կրակոցը եղել է»,- ասաց Թումասյանը և հերքեց տեղեկությունը, թե ամուսինը հրամանատարի հետ խնդիրներ է ունեցել: Ավելին, սպանվածի կինն ասաց, որ Տեփանոսյանի հրամանատար Գուրգեն Գրիգորյանի ընտանիքի հետ իրենք այնքան մտերիմ հարաբերություններ են ունեցել, որ վերջինիս պատրաստվում էին դարձնել իրենց երեխայի քավորը:

Անդրադառնալով սկեսրայրի արած հայտարարություններին, թե Յուրի Տեփանոսյանին ոստիկաններն են սպանել՝ Թումասյանը նշեց, որ Վահրամ Տեփանոսյանը նման հայտարարություններ սկսել է անել այն բանից հետո, երբ ՊՊԾ գնդի գրավման գործով անցնող անձինք ազատ են արձակվել:

«Ե՞րբ ա սկսել խոսել Վահրամ Տեփանոսյանը դրանց մասին. երբ էս մարդկանց բանտից բաց թողեցիք։ Դրանից հետո մեր ընտանիքը գլխիվայր շուռ եկավ։ Մինչև էդ Վահրամ Տեփանոսյանը շատ հանգիստ էր, բոլորդ էլ տեսել եք։ Մողեսի պես մտան մեր ընտանիք, 3 երեխա է որբացել, դե թող գա մեկը տեսնի, թե ինչ վիճակում են իմ երեխաները։ Ընտանիք են քանդել»,- բարկացած ասաց Արփինե Թումասյանը: Երբ ամբաստանյալ Սեդրակ Նազարյանը փորձեց արձագանքել սպանվածի կնոջը, վերջինս ավելի բարկացավ.

«Ո՞վ ա քանդել, կողքիդ նստած անասունն ա ընտանիք քանդել»,- ասաց Թումասյանը: Նշենք, որ Սեդրակ Նազարյանի կողքին նստած էր ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանը, ով մեղադրվում է Յուրի Տեփանոսյանի սպանության մեջ:

Հավելենք, որ Արփինե Թումասյանն այժմ աշխատում է ոստիկանական համակարգում:

Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը հարցրեց՝ հնարավո՞ր է, որ ոստիկանությունից իր վրա ճնշում գործադրած լինեն:

«Հիմա դուք ի՞նչ եք ասում, պարո՛ն Մակյան: Իմ վրա չեն կարա ճնշում գործադրեն, ես 3 երեխա եմ պահում, որոնց 10, 20 տարի հետո պիտի պատասխան տամ»,- նշեց Թումասյանն ու բացառեց իր նկատմամբ որևէ ճնշում գործադրելու հանգամանքը:

Դատարանում ցուցմունք տվեց նաև գնդի տարածքում հրազենային վիրավորում ստացած, ապա օրեր անց հիվանդանոցում մահացած ոստիկան Գագիկ Մկրտչյանի կինը՝ Հասմիկ Ոսկանյանը

Վերջինիս խոսքով՝  2016-ի հուլիսի 17-ի լուսաբացին ամուսնու ընկերը եկել է իրենց տուն ու ասել, որ Գագիկն իրեն վատ է զգացել, ընկել է, ձեռքը վնասել և չի ցանկանում մտնել վիրահատարան, մինչև իրեն չտեսնի: Ոսկանյանի խոսքով՝ ինքը երեխային թողել է մոր տանն ու քրոջ հետ գնացել հիվանդանոց: Ոսկանյանը հստակ չհիշեց՝ ա՞յդ օրը, թե՞ հաջորդ օրն է տեսել ամուսնուն, բայց նշեց, որ տեսել է արդեն վիրահատությունից հետո:

«Բժիշկը եկավ, ասաց, որ ընդամենը երկու հոգի իրավունք ունի մտնել Գագիկի մոտ: Մեկը կինն է, մյուսն էլ թող նա որոշի, թե ով կլինի: Ես խնդրեցի, որ ինձ հետ տալս գա»,- պատմեց Ոսկանյանը՝ նշելով, որ վիրահատությանը հաջորդող օրերին ամուսինն իրեն, ինչպես նաև տալին դժվարությամբ, բայց որոշ հանգամանքներ է պատմել:

«Պատմել է, որ 6:30-ի կողմերն աղմուկ են լսել, կարծել են, որ վթար է եղել, գնացել են օգնության, ապա լսվել են կրակոցի ձայներ: Ասեց՝ դռները փակել են, կապ են տվել շտապօգնություն ու տրիվոգա են բարձրացրել: Այս ընթացքում կրակոցներն անընդհատ հնչել են, եկել են դուռը բացելու, ինքը չի բացել: Ազգանունն են տվել, էլի չի բացել: Եթե չեմ սխալվում, կրակոցով դրսի դուռն են բացել, որ մտնեն հերթապահ մաս: Հարցրի, ասաց՝ երեք հոգի էին՝ մեկը կոլոտ, փրչոտ, մյուսը մի քիչ բոյով, լիքոտ»,- ասաց Ոսկանյանը՝ նշելով, որ դրանից հետո բժիշկը եկել ու թույլ չի տվել ամուսնուն շատ հարցեր տալ՝ նշելով, որ նրա թոքերը, լյարդը վնասված են ու շատ խոսել չի կարելի:

Երբ բժիշկը գնացել է, Հասմիկ Ոսկանյանը շարունակել է հարցեր տալ ամուսնուն: Վերջինս էլ, կնոջ խոսքով, ասել է, որ դուռը չբացելու շուրջ խմբի անդաների հետ խոսակցություն է եղել:

«Ասաց՝ երկու քայլ հետ գնաց, ավտոմատը պահեց վրաս ցելով ու խփեց: Ես երդվում եմ, որ իմ ցուցմունքը լրիվ իր բառերով է: Ես որտեղի՞ց գիտեի, որ ավտոմատ է եղել»,- ասաց Հասմիկ Ոսկանյանը՝ նշելով, որ ամուսնու պատմելով՝ իր վրա կրակողը եղել է իր բնութագրած լիքոտ և բոյով տղամարդը:

Հասմիկ Ոսկանյանն ասաց, որ թեև ինքը չի տեսել ամուսնու որովայնի շրջանի վնասվածքը, բայց գիտի, որ նա միայն այդ շրջանում չէ, որ վնասվածք է ունեցել:

«Ասում էր՝ ամեն ինչ լավ կլինի, ուղղակի ձեռքս ա: Միայն նեղվում էր, որ չի կարողանա գնալ երկրորդ աշխատանքին. ռեմոնտ էր անում: Ասում էր՝ որդուս ո՞նց եմ պահելու»,- պատմեց Ոսկանյանը՝ նշելով, որ ամուսինը, հավանաբար, միայն ձեռքի վնասվածքի մասին է խոսել՝ կարծելով, որ իրեն  խնայել ու չեն ասել, որ որովայնը նույնպես վնասված է, այնինչ ինքն ամեն ինչի մասին իմացել է:

Նշենք, որ Գագիկ Մկրտչյանի սպանության մեջ մեղադրվում է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանը:

Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 29-ին: Խմբի տասը անդամի գործով դատական նիստերը սովորաբար տեղի են ունենում չորեքշաբթի օրերին, առաջիկա երկու չորեքշաբթիները ոչ աշխատանքային են, ապա՝ դատարանը որոշ ժամանակով արձակուրդի մեջ է լինելու:

Լուսանկարում ձախից՝ Գագիկ Մկրտչյանը, աջից՝ Յուրի Տեփանոսյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter