HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ն. Փաշինյան. «Հույս ունեմ, որ կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարը և գումարների վերադարձի պրոցեսն ավելի կակտիվանան»

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն ասաց, որ տարիներ շարունակ խոսվել է այն մասին, թե բյուջեն մինչև 30 % թալանվել է։

«Հետաքրքիր է իմանալ, հիմա, բնականաբար, չկա կոռուպցիա, և այդ վերականգնվող միջոցները ինչպես են տեղաբաշխվում, ինչ արտահայտություն են ստանում բյուջեում»,- հարցրեց Բաբաջանյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ նոր տվյալներ չկան, սակայն հավելեց, որ այս տարվա առաջին եռամսյակում եկամտային մասը գերակատարվել է 11, 4 մլրդ դրամով։

Վարչապետն ասաց, որ մի քանի մասշտաբային քրեական գործեր են հարուցված, մեղադրյալները հետախուզման մեջ են և չեն ներկայացել քննությանը։

Վարչապետը հիշեցրեց նաև, որ 40 միլիարդ դրամ հավելյալ հավելագրումներով մտադիր են զինվորականների, ուսուցիչների աշխատավարձերը բարձրացնել։

«Ո՛չ, ես գոհ չեմ այդ ծավալներից, մի քանի անգամ ասել եմ՝ հույս ունեմ, որ կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարը, և գումարների վերադարձի պրոցեսն ավելի կակտիվանան։ Ուրբաթ օրը պատրաստվում եմ ընդարձակ խորհրդակցություն անել այդ թեմայով»,- ասաց Փաշինյանը։

Կառավարության ղեկավարը նաև տեղեկացրեց, որ այժմ  քննարկում են առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մեխանիզմի ներդրման հետ կապված հարցերը։

«Եվ սա այն դեպքերից է, որ ես ակնհայտորեն տեսնում եմ պետական կառավարման մարմինների որոշակի դիմադրություն միջին օղակներում, և պետք է շատ արագ հասկանամ դիմադրության պատճառը որն է՝ դա բովանդակա՞յին է, թե՞ դա հին կապերի ու ազդեցությունների բերումով է, և այս հարցի պատասխանը ստանալուց հետո ավելի կոնկրետ միջոցներ կձեռնարկենք»,- ասաց Փաշինյանը։

Արման Բաբաջանյանը հետաքրքրվեց՝ նոր անձինք կներգրավվե՞ն տարբեր քրեական գործերով, ինչին Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․

«Այդ բոլոր պրոցեսներում, նոր մարդիկ, և այլն, կուզենայի ընդգծել, որ պետք չէ ընկնենք նման խնդիրների հետևից, սա էլ հարցի մյուս եզրն է, ինչպես Վիշինսկու հայտնի ձևակերպման մեջ է, որ «Был бы человек, а статья найдётся. նկատի ունեմ քրեական գործերի թիրախը ոչ թե մարդիկ են, այլ պետությանը հասցված վնասը։ Կան քրեական գործեր, որ յոթ-ութ ամիս տևում է, բայց այնքան մեծ մասշտաբի են, որ դեռ կշարունակվի։ Ես մեծ հաշվով խնդիր չեմ տեսնում, քայլ առ քայլ այդ հարցերը կլուծենք»,- ասաց Փաշինյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter