HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՀՀԿ-ԲՀԿ լարվածությունը հասնում է գագաթնակետին

Այսօր ԱԺ նիստը սկսվելու առաջին իսկ րոպեներից դեռ երեկ սկսված ՀՀԿ-ԲՀԿ լարվածություն էլ ավելի խորացավ: ԲՀԿ պատգամավորները չէին եկել նիստերի դահլիճ: ԲՀԿ-ից դահլիճում նստած միակ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ մի քանի անգամ վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրեց: Ի վերջո, Սամվել Նիկոյանը նրան խոսք տվեց:

Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե երեկ նույնպես վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք է խնդրել, սակայն ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը կամայականորեն զրկել է իրեն այդ իրավունքից:

Այնուհետեւ Նաիրա Զոհրաբյանն ավելացրեց, թե երեկ «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» օրենսդրական նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ, երբ ԲՀԿ-ն չմասնակցեց քվեարկությանը, մի շարք հանրապետական պատգամավորներ թույլ են տվել ոչ կոռեկտ արտահայտություններ: ԲՀԿ-ական պատգամավորը «տնտեսագիտական մտքի տիտաններին» ասաց, որ ԲՀԿ-ն քվեարկությանը չի մասնակցել իր ներքին համոզմունքներից ելնելով, իսկ «կուսակցության խոսքն էլ շարունակում է մնալ գործ»:

Նաիրա Զոհրաբյանը եւս մեկ անգամ նշեց, թե քննարկվող փաթեթը լրացուցիչ արտոնություններ է տալու բանկերին՝ ի վնաս քաղաքացիների:

«Հաշվի առնելով, որ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն ինձ անհարկի զրկեց խոսքի իրավուքնից, հաշվի առնելով այն, որ երեկ թե այս ամբիոնից, թե տարբեր լրատվամիջոցներով Ազգային ժողովի նախագահի, հանրապետական տարբեր պատգամավորների կողմից ոչ կոռեկտ գնահատականներ են հնչել ԲՀԿ-ի հասցեին, հարկ եմ համարում պարզաբանել, որ մեր խմբակցությունը երեկ քննարկվող նախագծի վերաբերյալ բազմիցս, բոլոր քննարկումների ժամանակ հայտնել է իր հստակ դեմ դիրքորոշումը և քվեարկել իր համոզմունքների համաձայն՝ ապացուցելով մեր գործի և խոսքի համարժեքությունը: Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարի մասին ամպագոռգոռ հայտարարություններին, այն էլ օրենքը շրջանառության մեջ դնելուց գրեթե հինգ տարի անց, ապա բոլորիս համար էլ պարզ է, որ այս նախագիծը որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ, ու նախագծի իրական նպատակը մեկն է` լրացուցիչ, արտոնյալ եկամուտներ ապահովել առանց այդ էլ երանելի վիճակում գտնվող բանկերի համար՝ ի հաշիվ հանրապետության քաղաքացիների: Իսկ տնտեսագիտական մտքի տիտաններին խորհուրդ եմ տալիս... »,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

ԲՀԿ-ական պատգամավորը դեռ խոսքը չէր ավարտել, Սամվել Նիկոյանն անջատեց նրա խոսափողը: Նաիրա Զոհրաբյանը շարունակում էր կարդալ իր տեքստը, ինչն արդեն լսելի չէր լրագրողների համար:

Հետո անմիջապես վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նա խմբակցության անունից 20 րոպե ընդմիջում խնդրեց:

Նշենք, որ այսօր գրանցվել էր 68 պատգամավոր եւ քվեարկության է դրվելու մի շարք օրենքների նախագծեր, այդ թվում՝ երրորդ անգամ քվեարկվելու է «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» օրենսդրական նախագծերի փաթեթը: Հավանաբար, Գալուստ Սահակյանը հասկանալով ԲՀԿ-ի մարտավարությունը, ընդմիջում խնդրեց, որպեսզի ավելի շատ պատգամավորների «բերման ենթարկեն» ԱԺ, հակառակ դեպքում այսօր նույնպես քվեարկությունները տապալվելու են:

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ես գտնում եմ,որ Հայաստանում ՅՀԴ-ը բավականին ՊԱՍԻՎ է: Սա բավականին ցավալի է, քանի որ այն ունի ամենամեծ (քաղաքական) պոտենցիալն ու ոչ վատ գաղափարախոսություն: ՅՀԴ-ն ,անկախ ամեն ինչից,մեր ԱԶԳԱՅԻՆ կուսակցությունն է: Որն է այս պասիվության պատճառը? Միգուցե ՄԵԿ ԱՆՁԻ ՇՈՒՐԹԵՐԻՑ ԿԱԽՎԱԾ օլիգարխային իշխանական «կուսակցություններն» են չափից ավելի ԼՊԻՐՇԱԲԱՐ ամեն տեղ գոռգռում: Համենայն դեպս, ՅՀԴ-ն Հայաստանում պիտի ՓՈԽԻ իր ստրատեգիան- պիտի լինի ՊՐՈ-ԱԿՏԻՎ,այլ ոչ ռե-ակտիվ: Պետք է ՀԱՆԴԳՆԵԼ ինքնուրույն ԳՈՐԾԵԼ, ու նաև Ազգային Ժողովից ԴՈՒՐՍ:.................................... ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և ՀՀԿ-ն ՆԱԽՕՐՈՔ ՓՈԽՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ՆՈՒՅՆ թատրոնն են խաղում: Սա ԻՍԿԱԿԱՆ կուսակցություներին պիտի դրդի անցնել ՍԵՓԱԿԱՆ ՍՑԵՆԱՐԻՆ-առանց սպասելու դրանց թատրոնի հաջորդ ակտին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter