
Դավիթ Սանասարյան. «Այո՛, ես հարցաքննվել եմ, առերեսվել եմ, ասել եմ այն, ինչ ինձ հայտնի է»
Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պետ Դավիթ Սանասարյանը չի հստակեցնում ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում իր կարգավիճակը: Կառավարության նիստից հետո իր կարգավիճակի վերաբերյալ լրագրողների հարցերին ի պատասխան՝ Սանասարյանը շարունակ ասում էր, որ ինքը նախազգուշացվել է նախաքննական գաղտնիք չհրապարակելու վերաբերյալ: Նախաքննական գաղտնիք չհրապարակելու պարտավորության մասին հիշեցնելով՝ Սանասարյանը չհայտնեց նաև, թե ինչ ցուցմունք է տվել գործի շրջանակներում:
«Բայց դա չի նշանակում, որ ես չեմ կարող համապատասխան տեղեկատվություն տալ, որպեսզի չկարողանան իմ բարի համբավի վրա որևիցե բիծ անեն, որը ձեռք է բերվել տասնյակ տարիների պայքարի արդյունքում: Այն ձեռք է բերվել սկզբունքային ու ազնիվ ապրելու արդյունքում, և ինչ նախաքննական մարմին էլ ուզում է լինի, չեն կարող, ինչ ցուցմունք տվող ուզում է լինի, չեն կարող դրա վրա խազ քաշել»,- ասաց Սանասարյանը: Վերջինս հաստատեց, որ իր մասնակցությամբ առերես հարցաքննություն է տեղի ունեցել:
«Այո՛, ես հարցաքննվել եմ, առերեսվել եմ, ասել եմ այն, ինչ ինձ հայտնի է»,- ասաց Սանասարյանը, սակայն չնշեց՝ ում հետ է առերեսվել: Վերջինս նշեց նաև, որ լիազորությունների կասեցման հարց չի քննարկվել:
ՊՎԾ պետի հետ զրույցի մանրամասները՝ տեսանյութում:
Մեկնաբանել