HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տավուշում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել

Առողջապահության նախարարությունը երեկ տեղեկություն է ստացել, որ ապրիլի 16-ին աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ գանգատներով (լուծ, բարձր ջերմություն, սրտխառնոց, փսխում) Բերդի բժշկական կենտրոն է դիմել Տավուշի մարզի Նավուր համայնքի 2 բնակիչ: Ապրիլի 17-ին բժշկական օգնության են դիմել ևս մի քանիսը: Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Այդ կապակցությամբ, ըստ հաղորդագրության, Նավուր է մեկնել ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» մասնագետների խումբը: Արձանագրված դեպքերի պատճառահետևանքային կապը և վարակի աղբյուրը պարզելու նպատակով կազմակերպվել և իրականացվել են համաճարակաբանական հետազոտություններ: Իրականացվել են բակային համայցեր, որոնց արդյունքում հայտնաբերվել են  աղեստամոքսային գանգատ ունեցող բնակիչներ։ Հետազոտությունների ընթացքում կատարվել են նմուշառումներ հիվանդների կոնտակտավորներից և շրջակա միջավայրից (խմելու ջուր):

Հիվանդների մոտ ախտորոշվել է աղիքային վարակ: Նմուշների լաբորատոր հետազոտությունները ընթացքում են:

Այսօր հիվանդների դիմելիությունը շարունակվել է, և ներկայումս Բերդի բժշկական կենտրոնում հոսպիտալացված է Նավուր համայնքի 25 բնակիչ, որից 20-ը մինչև 18 տարեկան են: Բոլոր հիվանդների վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության:

Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հիվանդների մեծամասնությունն օգտվում է միևնույն ջրատարի 2 կապտաժներից, որից մեկը գտնվում է խիստ անբավարար սանիտարատեխնիկական վիճակում՝ չկա սանիտարապաշտպանիչ գոտի, խախտված է կառույցի հերմետիկությունը, կապտաժի շրջակայքում անձրևներից առաջացած ջրափոսերն աղտոտված են կենդանիների արտաթորանքներով: Ստացված տվյալների հիման վրա մասնագետները եզրակացրել են, որ աղիքային վարակիչ հիվանդությունների դեպքերի արձանագրման հավանական պատճառը կապտաժի և ջրատարի աղտոտումն է:

Ներկայումս ջրատարից ջրամատակարարումը դադարեցված է, աշխատանքներ են տարվում կապտաժի և ջրատարի ախտահանման ուղղությամբ:

Աշխատանքները շարունակվում են Տավուշի մարզային առողջապահական մարմինների հետ համատեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter