HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

«Իգիթ»-ը կեղծված կարագ է վաճառում. տնօրենն ասում է՝ իրենց ապրանքը չէ

«Հետք»-ի ֆեյբուքյան «Առողջ սնունդ / Հետք» խմբում մարդիկ բազմիցս դիմել են՝ խնդրելով փորձաքննության ներկայացնել «Իգիթ» ընկերության արտադրած 82,5 % յուղայնությամբ 1 կգ տուփով կարագը: Սպառողները կարծում են, որ մեկ կիլոգրամ մաքուր կարագը չի կարող 2000-2500 դրամ արժենալ, որոշները նաև դժգոհում են կարագի համից։

Կասկածներն ավելացան, երբ վերջերս շուկայում հայտնվեց «Իգիթ» ընկերության կարագի գրեթե նույն տուփով ու նույն գնով (2480 դրամ, հեղ․) «Ալպիական» անունով, բայց արդեն՝ «բուսասերուցքային յուղածո», որտեղ նշված է, որ ապրանքը պարունակում է բուսական յուղ, ինչը կարագի դեպքում անթույլատրելի է։

«Իգիթ»-ի 82,5 %  «Կարագ»-ի մակնշման բաղադրության մեջ նշված է, որ այն պատրաստված է կովի անարատ կաթից։

Թեև մեր ֆեյսբուքյան խմբի գրառումներից ու ահազանգերից հետո «Կարագ» անունով ապրանքից գտնելը դժվար եղավ, սակայն վերջերս, մեր ընթերցողներից մեկը, ով 2019թ. մարտի 15-ին այդ կարագից գնել էր «Տիտան» սուպերմարկետից  (մարտի 6-ի արտադրության, պիտանելիության ժամկետը՝  60 օր), փոխանցեց մեզ տուփը, և մենք այն ներկայացրինք լաբորատոր փորձաքննության՝ պարզելու, արդյոք այն պարունակում է կարագի արտադրության մեջ անթույլատրելի բուսական յուղ։

Լաբորատոր փորձաքննության արդյունքները, սակայն, ցույց տվեցին, որ այս «կարագ»-ը պարունակում է բուսական յուղ և չի համապատասխանում ՄՄ ՏԿ 033/2013 տեխնիկական կանոնակարգին, քանի որ վերջինս արգելում է կարագի մեջ բուսական յուղի օգտագործումը։

Իսկ «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի համաձայն՝ այս ապրանքը կեղծված է․ բաղադրությունը փոփոխվել է՝ առանց մակնշման համապատասխան փոփոխության: 

«Իգիթ» ընկերության գործադիր տնօրեն Ռուբեն Իգիթյանը մեզ հետ զրույցում հերքեց, որ իրենք բուսական յուղով կարագ են արտադրում, ապա հայտնեց, որ գուցե տուփն է փոփոխված կամ մեջը այլ կարագ է եղել, քանի որ իրենք վաղուց այդպիսի կարագ չունեն․

«Մենք վաճառել, վերջացրել ենք մեր սերուցքային կարագը։ Այն վերջացել է հունվարի կեսերից, եթե չեմ սխալվի,- ասում է Ռ․ Իգիթյանը։- Դրանից հետո մենք գինը չբարձրացնելու համար օգտագործել ենք 10 % կոկոսի յուղ, վրեն գրած է՝ բուսական յուղ։ Հիմա նորից մի ամսից կշատանա, նորից կարագ կարտադրենք»։

Այն նկատառմանը, որ մեր ձեռքի տակ է գտնվում մարտի ամսաթվով «կարագ», Ռ․ Իգիթյանը պատասխանեց, որ չի կարող նման բան լինել․ եթե մարտի է, ուրեմն պետք է «ակցիզ էլ լինի վրան»։ Հայտնեցինք, որ «ակցիզ» կա վրան, Ռուբեն Իգիթյանը կրկին ասաց, որ գուցե իրենց ապրանքի «կրիշկեքն են փոխել», քանի որ ինքը «բացառում է, որ իրենց գործարանից այդպիսի ապրանք դուրս գա»։

«Մենք բացառում ենք, որ մեր ապրանքը, ուրիշ բան մեջը լինի, վրան գրված լինի ուրիշ բան։ Էս ընտանեկան զավոդ է, ուրիշ մարդ չկա կանգած էստեղ»,- ասաց նա։

Հարցին, թե ինչպես կարող է մեկ կիլոգրամ մաքուր կարագն արժենալ ընդամենը 2000-2480 դրամ, Ռ․ Իգիթյանը պատասխանեց, որ իրենք անցած տարի կաթի 1 լիտրը մթերել են 120 դրամով, մի քանի ամիս կարագ պատրաստել, պահեստավորել ու «կամաց-կամաց» վաճառել են՝ առանց գին բարձրացնելու։

«Մենք ինչ արտադրում ենք, դա էլ գրում ենք մեր արտադրանքին։ Մենք ոչ մարդ ենք խաբել, ոչ էլ կխաբենք»,- եզրափակեց Ռ․ Իգիթյանը

 

Լաբորատոր փորձաքննության արձանագրությունը՝  այստեղ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter