HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԿԳՆ-ն գործարկում է առաջին դասարանցիների ընդունելության առցանց համակարգը

Երևան քաղաքի պետական հանրակրթական դպրոցներում 2019-2020 ուսումնական տարվա առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է բացառապես էլեկտրոնային գրանցման եղանակով: Այս մասին տեղեկացնում է կրթության և գիտության նախարարությունը՝ հավելելով, որ այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրեն Արտակ Պողոսյանը ներկայացրել են առցանց համակարգը, որը գործարկվելու է 2019 թվականի մայիսի 15-ին` ժամը 09:00-ին:

Ներկայացնելով համակարգը` ԿԳ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը նշել է, որ նպատակը բոլորի համար դպրոցի ընտրության մրցակցային հավասար պայմանների ապահովումը, թափանցիկության բարձրացումն ու հնարավոր կոռուպցիոն ռիսկերի չեզոքացումն է:

«Հաշվի առնելով, որ առաջին դասարան ընդունվելու գործընթացի հետ կապված նախկինում եղել են դժգոհություններ` ինչպես ծնողների, այնպես էլ տարբեր դպրոցների կողմից, որոշվեց  մշակել գրանցման առցանց համակարգ, որպեսզի բոլոր ծնողները հավասար մեկնարկային պայմաններ ունենան: Առցանց համակարգն այս տարի փորձարկվելու է Երևանում և հետագայում կարող է տարածվել նաև մարզերում: Յուրաքանչյուր ծնող, աշխարհի ցանկացած ծայրից իր երեխային կարող է առցանց համակարգով գրանցել Երևանի պետական հանրակրթական դպրոցներ` առաջին դասարան հաճախելու համար»,- նշել է Լուսինե Առաքելյանը:

Նախարարի տեղակալի հավաստմամբ` համակարգի ներդրման վերաբերյալ հանրային լայն իրազեկում է նախատեսված: Բացի այդ, ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության, հանրակրթության վարչությունների և ԿՏԱԿ-ի աշխատակիցները մշտապես տեղեկատվություն կտրամադրեն քաղաքացիներին` տեղեկատու հեռախոսահամարների և ֆեյսբուքյան էջի միջոցով: Լ. Առաքելյանի տեղեկացմամբ` Երևանի պետական հանրակրթական դպրոցները, տրամադրված պետական լիցենզիայի տեղերի շրջանակում, սեպտեմբերի 1-ին կարող են ընդունել 14358 առաջին դասարանցու: Կանխատեսվում է սակայն, որ մայրաքաղաքում դպրոց կհաճախի 13 հազարից մի փոքր ավելի թվով երեխա: «Համակարգը լինելու է թափանցիկ ու հաշվետու և նախարարությունը մշտական վերահսկողության տակ է պահելու հայտագրման գործընթացը,- նշել է ԿԳ նախարարի տեղակալը և շարունակել,- Միաժամանակ` նկատի ունենալով, որ կարող են լինել քաղաքացիներ, ովքեր կունենան  համակարգից օգտվելու դժվարություններ, Երևանի վարչական շրջաններում նախատեսում ենք  ստեղծել կենտրոններ, որոնք նման քաղաքացիներին կաջակցեն  հայտագրվել»:

Լ. Առաքելյանի խոսքով` աջակցման կենտրոններ են դառնալու ավագ դպրոցները` յուրաքանչյուր վարչական շրջանում մեկ ավագ դպրոց, որոնց ցանկը լրացուցիչ կհրապարակվի: Լ. Առաքելյանը հատուկ ընդգծել է, որ Երևանի հիմնական դպրոցներին հանձնարարված է որևէ ինքնիրավչության չդիմել:

ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը փորձարկել է առցանց համակարգը` ցույց տալով, թե ինչ հերթական քայլեր է անհրաժեշտ կատարել գրանցման համար:

Առցանց հայտագրման համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը` մուտք գործել հայտագրման համակարգի՝ https://hayt.emis.am/ էջ, ընտրել համայնքը, ապա` դպրոցների ցանկից՝ դպրոցը, ստուգել՝ որտեղ կան ազատ տեղեր և սեղմել «ավելացնել հայտ» կոճակը։  Եթե կոճակն ակտիվ չէ, նշանակում է՝ տվյալ դպրոցում ազատ տեղեր չկան, հետևաբար պետք է ընտրել մեկ այլ դպրոց:

Այնուհետև պետք է մուտքագրել ծնողներից մեկի հանրային ծառայությունների, այսինքն` սոցիալական  քարտի  համարանիշը, ծնողի անունը, ազգանունը, գործող էլեկտրոնային փոստի հասցեն ու սեղմել «շարունակել» կոճակը: Այս քայլերը կատարելուց հետո համակարգում կհայտնվի երեխայի հանրային ծառայությունների, այսինքն` սոցիալական քարտի համարանիշը մուտքագրելու համար անհրաժեշտ դաշտը։ Մուտքագրումից հետո համակարգը բնակչության պետական ռեգիստրից ավտոմատ կներբեռնի երեխայի անձնական մյուս տվյալները` անուն, ազգանուն, ծննդյան տարեթիվ և այլն։ 

Տվյալները ստուգելուց հետո պետք է սեղմել «շարունակել» կոճակը, էկրանի վրա կհայտնվի հայտի հաստատումը հավաստող էջն ու Ձեր էլփոստին կուղարկվի ծածկագիր։ Ծածկագիրը տեղադրելով վերևի պատուհանում, կարող եք մուտք գործել Ձեզ համար ստեղծված էջ և տեսնել տեղեկատվություն` դպրոց ընդունվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի և դրանք դպրոց ներկայացնելու ժամկետի մասին։ Ուշադրություն` սահմանված վերջնաժամկետում փաստաթղթերը դպրոց չներկայացնելու դեպքում հայտը կչեղարկվի։ Համակարգը նաև հնարավորություն է տալիս սեփական ցանկությամբ Ձեր էջի միջոցով չեղարկել  հայտագրումը և ընտրել նոր դպրոց:

Արտակ Պողոսյանի տեղեկացմամբ` հնարավոր խնդիրներից և դպրոցների կողմից ընդունելության գործընթացին միջամտելու փորձերը բացառելու նկատառումից ելնելով համակարգում ներդրվել է նաև պաշտպանական մեխանիզմ: Մասնավորապես այդ նպատակով` Երևանի հիմնական դպրոցների համակարգիչներից  մուտքը դեպի հայտագրման համակարգ արգելափակվելու է: «Բացի այդ` ապրիլի 19-ից կգործարկվի նաև stugum.emis.am կայքը, որի միջոցով մինչև հայտագրման համակարգի գործարկումը, ծնողները կարող են ստուգել իրենց և իրենց երեխաների անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը: Ստուգման համար պետք է ընդամենը մուտքագրել հանրային ծառայությունների կամ որ նույնն է` սոցիալական  քարտի  համարանիշը և ստուգել, արդյոք իր և երեխայի տվյալները գրանցված են: stugum.emis.am համակարգը ստուգում է նաև ծնող-երեխա կապը հավաստող անձնական տվյալների հավաստիությունը: Սա արվել է այն նպատակով, որ որևէ այլ անձ մեկ այլ երեխայի հայտագրելու հնարավորություն չունենա: Տվյալների մեջ խնդիրներ հայտնաբերելու դեպքում, պետք է դիմել անձնագրային կամ քաղաքացիական ակտերի գրանցման բաժին` անճշտությունները վերացնելու համար»,- նշել է Արտակ Պողոսյանը: ԿՏԱԿ-ի տնօրենը նաև նշել է, որ հայտարգրման համակարգը գործարկվելուց հետո բաց է լինելու և գործելու է մշտապես` կապ ապահովելով նաև դպրոցների առցանց կառավարման համակարգի հետ:

Hayt.emis.am համակարգ կարելի է մուտք գործել ցանկացած վայրից:

Նախարարությունը հայտնում է, որ հարցերի դեպքում կարելի է զանգահարել 010-52-73-43, 010-57-84-55, 010-52-47-77 հեռախոսահամարներով: ԿԳՆ-ի կողմից կթողարկվեն նաև  սոցիալական տեսահոլովակներ, որոնք կհեռարձակվեն տաբեր հարթակներում: 

Մեկնաբանություններ (2)

Անի Աղեկյան
Բարեվ ձեզ դպրոցի գրանցումն ոնց պիտի գրանցեմ տղաիս 1-ն դասարան
Մերի
ես արդեն մի քանի ամիս է հետաքրքված եմ առցանց գրացման գործընթացով և ցավոք պետք է նշեմ, որ ոչ մի կետ չկա մշակված Սփյուռքից Հայրենիք վերադարձողների համար, ովքեր չունեն համապատասխան փաստաթղթեր և նշված ժամկետում չեն կարող ներկայանալ դպրոց: մենք բացառապես երեխայի՝ Հայաստանում դպրոց գնալու միտումով վերադառնում ենք Հայրենիք, սակայն Հայաստանում կարող ենք լինել օգոստոս ամսից ոչ շուտ, փասորեն մենք կանգնած ենք լուրջ խնդրի առաջ: բազմաթիվ անգամներ զանգել եմ ԿԳՆ, սակայն բացարձակ անտեղյակ աշխատակիցները անդպես էլ հարցիս պատասխան չեն տվել...հիմա երեխաս կկարողանա՞ այդտեղ դպրոց հաճախել, թե ոչ, ինձ համար դեռ անորշ է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter