HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նախագծերն ընդունվեցին՝ ուրիշի փոխարեն քվեարկելով

Քիչ առաջ ՀՀԿ պատգամավորները մի կերպ իրականացրեցին օրենքի նախագծերի քվեարկությունները, իհարկե, նաեւ այլ պատգամավորների փոխարեն քվեարկելով: Օրինակ, ՀՀԿ-ական պատգամավոր, առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը բացահայտ քվեարկում էր նաեւ իր կողքին նստող այլ պատգամավորի փոխարեն: Հավանաբար, այդ պահին Ա. Բաբլոյանը «հպարտանում» էր, որ «օգնում» է իր կուսակցությանը:

Ընդդիմադիր «Ժառանգություն» եւ ՀՅԴ խմբակցությունների պատգամավորների ջանքերով չընդունվեց պատգամավոր Դավիթ Հարությունյանի հեղինակած «Դատական եւ համայնքային ծառայության մասին» օրենքի նախագիծը:

«Ժառանգությունից» Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ օրենքում նախատեսվող փոփոխություններն անհամաչափ են, այդ իսկ պատճառով իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու օրինագծին: 62 կողմ եւ 1 դեմ ձայների հարաբերակցությամբ տապալված նախագծի քվեարկությունից հետո վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը:

«Ես չէի ուզում նախազգուշացնել, բայց մեր չքվեարկելը՝ նկատի ունեմ ՀՅԴ խմբակցության քվեարկությանը չմասնակցելը, բացատրվում է ճիշտ նույն քաղաքական դրդապատճառներով, որոնց մասին խոսեց «Ժառանգության» մեր գործընկերը»,- ասաց Վ. Հովհաննիսյանը:

Դրանից հետո Սամվել Նիկոյանը գրեթե խնդրում էր Դավիթ Հարությունյանին, որ նա էլ վարման կարգի վերաբերյալ մի քանի խոսք ասի: Վերջինս էլ իր հեղինակած օրենքի տապալման փաստից վրդովված ԱԺ նախագահին հորդորեց, որ ընդհատի այն պատգամավորների ելույթները, որոնք ամենեւին չեն խոսում վարման կարգի վերաբերյալ: Պատգամավորը նկատի ուներ հենց Ստյոպա Սաֆարյանին:

Սամվել Նիկոյանն էլ շատերի համար զարմանալի հարց տվեց Դավիթ Հարությունյանին. «Կանոնակարգն այդ իրավունքը տալի՞ս է նիստ վարողին»: Փաստորեն, ԱԺ նախագահը չգիտի, թե ԱԺ կանոնակարգով ինչ լիազորություններ ունի:

Այսօր քվեարկության չդրվեց «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» օրենսդրական նախագծերի փաթեթը: Գալուստ Սահակյանը պատճառաբանեց, թե օրենքի լրամշակումից հետո այն նորից կներկայացվի քվեարկության:

Իրենց առաքելությունն ավարտած համարելով՝ ԱԺ պատգամավորների մեծ մասը կամաց-կամաց նիստերի դահլիճը լքեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter