HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ-ռուսական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի համանախագահները հանդիպել են

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է հայ-ռուսական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի ռուսաստանյան կողմի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինին: Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են երկկողմ առևտրատնտեսական կապերի ուղղությամբ արձանագրված դրական դինամիկան: 

«Կարող ենք արձանագրել, որ անցնող ժամանակահատվածում առաջընթաց է գրանցվել հայ-ռուսական միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի արձանագրությունների կատարման ուղղությամբ: Շնորհակալություն եմ հայտնում ռուսաստանյան կողմի մեր գործընկերներին՝ կատարված աշխատանքների համար»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Վարչապետն ընդգծել է այդ ուղղությամբ առաջ շարժվելու անհրաժեշտությունը: 

«Տարին հաջող էր երկկողմ տնտեսական համագործակցության առումով, ինչի արդյունքում կարողացանք հասնել երկկողմ առևտրաշրջանառության նախաճգնաժամային ցուցանիշների մակարդակին: Պետք է անենք ամեն ինչ՝ այդ առաջընթացին առաջիկայում ևս օժանդակելու և նպաստելու համար»,- ասել է Լևիտինը:

Կողմերը քննարկել են նաև «Սիտրոնիկս» ընկերության` Հայաստանում ստեղծվող ազատ տնտեական գոտիների կառավարմանը, ռուսաստանյան «Ռոսագրոլիզինգ» ընկերության կողմից լիզինգային տարբերակով մեր երկրին գյուղտեխնիկայի մատակարարմանը, ՀՀ-ում ընկերության ներկայացուցչության հիմնմանը, ինչպես նաև հումանիտար համագործակցությանն առնչվող հարցեր: 

Շնորհակալություն հայտնելով ռուսաստանյան կողմին՝ հայ գրատպության 500-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար, վարչապետը կոչ է արել մասնակցել նաև «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրին: 

Հայ-ռուսական միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի հաջորդ նիստը կկայանա Երևանում` 2012 թ. երկրորդ կիսամյակին:

Այսօրվա հանդիպման արդյունքում Տիգրան Սարգսյանը և Իգոր Լևիտինն ստորագրել են արձանագրություն՝ քննարկման արդյունքների հիման վրա, ինչպես նաև մինչ 2020 թվականը երկարաժամկետ տնտեսական համագործակցության հայեցակարգը, որը մշակվել է 2011թ. հուլիսի 8-ին Դոնի Ռոստովում կայացած հայ-ռուսական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի 13-րդ նիստի արձանագրության հիման վրա: 

Հայեցակարգի հիմնական նպատակը երկու երկրների կողմից երկարաժամկետ համագործակցության ծրագրի ընդհանուր բազային սկզբունքների և մոտեցումների մշակումն է, երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների հեռանկարային ուղղությունների սահմանումը:

Հայեցակարգով կողմերի առջև խնդիր է դրվում դիվերսիֆիկացնել տնտեսությունը և բարձրացնել մրցունակությունը՝ տեխնոլոգիական առաջընթացի հիման վրա, ինչպես նաև իրականացնել տնտեսական և սոցիալական ոլորտների արդիականացում, արտահանման ներուժի հետևողական ավելացում և կիրառում: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter