HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Մարտի 1-ի գործով դատապարտված Գրիգոր Ոսկերչյանը պահանջում է, որ ՄԻԵԴ-ից բացի՝ ներպետական ատյանները ևս ճանաչեն իր իրավունքների խախտումը

Լևոն Տեր-Պետրոսյանի` Աբովյանի նախընտրական շտաբի նախկին պատասխանատու, Աբովյանի նախկին քաղաքապետ, Մարտի 1-ի գործով դատապարտված Գրիգոր Ոսկերչյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը դիմել է դատարան՝ իր պաշտպանյալի գործի վերանայման պահանջով:

2018 թվականի հոկտեմբերի 18-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Ոսկերչյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռ է կայացրել ու արձանագրել Ոսկերչյանի ազատության և անձեռնմխելիության իրավունքի խախտում, գտել, որ ներպետական ատյանները չեն ներկայացրել Ոսկերչյանի կալանավորման անհրաժեշտ և բավարար պատճառներ և որպես պատճառված վնասի փոխհատուցում՝ կառավարությանը պարտավորեցրել Ոսկերչյանին վճարել է 3000 եվրո գումար:

Ոսկերչյանը պնդում է, որ նոր հանգամանքի, այսինքն՝ ՄԻԵԴ վճռի հիմքով իր գործը պետք է վերանայվի, և ներպետական ատյանները ևս արձանագրեն իր իրավունքի խախտումը:

Վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր Մհեր Արղամանյանի, այսօր սկսվեց գործը վերանայելու վերաբերյալ պաշտպանական կողմի բողոքի քննությունը:

Նշենք, որ Գրիգոր Ոսկերչյանը ձերբակալվել է 2008 թվականի մարտի 8-ին: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը նրան մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով, այսինքն՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը, և դատապարտվել 2 տարի ժամկետով ազատազրկման, սակայն համաներմամբ ազատել պատիժը կրելուց:

2009 թվականի ապրիլի 16-ին գործը դատաքննության նշանակելու մասին որոշում կայացնելիս դատարանը Ոսկերչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքն անփոփոխ է թողել: Այս, ինչպես նաև 2009 թվականի հունիսի 2-ին Ոսկերչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունը մերժելու դատարանի որոշումներն է, որ այժմ Շուշանյանը վիճարկում է Վերաքննիչ դատարանում:

Ըստ պաշտանի` վերը նշված դատական ակտերը պարտադիր կարգով պետք է բեկանվեն, և միայն այդ պարագայում կարելի է համարել, որ անձի խախտված իրավունքը ներպետական ատյաններում նույնպես վերականգնվել է:

Դատախազ Պետրոս Պետրոսյանը բողոքի վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս նշեց, որ այն բավարարման ենթակա չէ: Ըստ դատախազի` ՄԻԵԴ-ն արդեն իսկ փաստել է Ոսկերչյանի անձեռնմխելիության իրավունքի խախտումը, այդ հանգամանքը չի վիճարկվում, և Եվրոպական դատարանի Բարձր պալատ այդ վճռի դեմ բողոք չի ներկայացվել, ՄԻԵԴ-ը որպես անձի խախտված իրավունքի արդարացի փոխհատուցում համարել է, որ Կառավարությունը նրան պետք է փոխհատուցի 3000 եվրո գումար, և այժմ չկա որևէ իրավական մեխանիզմ, ներգործության հնարավորություն, որով վերաքննիչ դատարանի կողմից ակտը բեկանելու պայմաններում հնարավորություն կստեղծվի անձի խախտված իրավունքները վերականգնել:

Ըստ Պետրոսյանի` այս պահին առկա չէ Ոսկերչյանի իրավունքների շարունակական խախտման փաստ:

Բողոքի քննությունն այսօր հետաձգվեց, կշարունակվի մայիսի 3-ին:

Լուսանկարում՝ Գրիգոր Ոսկերչյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։