HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Սինդրիկի մահաբեր ճամփաներով՝ դեպի սարեր

Սինդրիկը Տավուշում սիրված կերակուր է։ Այստեղ նաեւ «սինդրուկ» են ասում։ Սինդրիկի սեզոնին շատերն անհամբեր սպասում են։ Դառնահամ այս բույսը կարելի է թարմ վիճակում խաշել, կամ պահածոյացնել։

Գարնանն այս շրջանում Տավուշի սարերում սինդրիկ ու ծնեբեկ են հավաքում։ Հիմնականում՝ վաճառելու նպատակով։ Քաղի սկզբնական փուլում սինդրիկի մեկ կապն արժե մինչեւ 250-300 դրամ, ծնեբեկինը՝ 1000 դրամ։ Անձրեւների նվազելու հետ սարերում սինդրիկն ու ծնեբեկն անհետանում են, իսկ եղածն էլ լինում է կոշտ։ Տեղացիներն ասում են՝ «պառաված»։

Սինդրիկի առեւտրի ժամանակահատվածն ընդամենը մեկուկես ամիս է։ Հովք եւ Հաղարծին գյուղերի ճանապարհներին տեղացիները սինդրիկի վաճառքի կետեր են ստեղծել։ Չնայած գնորդները սիրում են տեղացիների հետ գին սակարկել, թերագնահատել սինդրիկ-ծնեբեկ հավաքելու ջանքերը, իրականում հավաքելը ոչ միայն դժվար է, այլեւ՝ մահացու վտանգավոր պրոցես։

Հատկապես սինդրիկը սիրում է ծերպեր ու ժայռեր, բարձր տեղանքներ, ու գրեթե ամեն տարի սինդրիկ քաղելու նպատակով սար գնացածների մեջ զոհեր են լինում։ Մարդիկ անզգուշության արդյունքում բարձր տեղերից ցած են գլորվում։  

Ի դեպ, սինդրիկը հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի սիրած ուտեստներից է։ 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի օրերին, երբ Փաշինյանը ՀԱԿ դաշինքի նախընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորության թեկնածու էր, քաղաքական թիմը Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ այցելել էր Տավուշ։ Իջեւանում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը քաղաքական ելույթին որպես հետգրություն ավելացրեց․ «Սիրելի ժողովուրդ, ճանապարհին տեսա, որ արդեն սինդրիկ կա։ Հաջորդ անգամ սինդրիկ ենք ուտելու»։

Սինդրիկը ժողովրդական բժշկության մեջ կիրառման բավականաչափ հին պատմություն ունի։ Հայկական ժողովրդական բժշկության մեջ տրորված կոճղարմատն ու տերևները դնում են թարախապալարների եւ բորբոքային ուռուցքների վրա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։