HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Երևանի դատախազը ներկայացրեց Նորատուսցի Ալիկի և մյուսների գործով բողոքը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի, այսօր սկսվեց քրեական աշխարհում «Նորատուսցի Ալիկ» անունով հայտնի Ալիկ Բանդուրյանի, «Չարբախցի Գեղամ» անունով հայտնի Պետրոս Իսրայելյանի, «Բդո» անունով հայտնի Արմեն Գասպարյանի վեաբերյալ վերաքննիչ բողոքների քննությունը:

2018 թվականի դեկտեմբերի 18-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Նելլի Բաղդասարյանի, հրապարակել է Ալիկ Բանդուրյանի և մյուսների գործով դատավճիռը, որով հանցակազմի բացակայության հիմքով արդարացրել էր մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելուն դրդելու մեջ մեղադրվող Ալիկ Բանդուրյանին, սպանության մեջ մեղադրվող Պետրոս Իսրայելյանի արարքը վերաորակել էր մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառել, նրան դատապարտել 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման և համաներմամբ ազատել պատժից: Դատարանն արդարացրել էր նաև հանցագործության մասին տեղյակ լինելու և չհայտնելու մեջ մեղադրվող Արմեն Գասպարյանին:

Դատարանի այս որոշումը բողոքարկել է Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը: Բողոք է ներկայացրել նաև Պետրոս Իսրայելյանի պաշտպան Միհրան Պողոսյանը` պահանջելով արդարացնել իր պաշտպանյալին:

Այսօրվա դատական նիստին մեղադրող Գևորգ Բաղդասարյանը սկսեց ներկայացնել իր վերաքննիչ բողոքը, որը սակայն ավարտել չհասցրեց:

Դատախազը նշեց, որ առաջին ատյանի դատարանը որպես ապացույց թույլատրելի չի ճանաչել գործով հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքները՝ գտնելով, որ քրեական դատավարության օրենսգրքով այդպիսի ապացույցի տեսակ նախատեսված չէ, գտել է, որ ներքին դիտում օպերատիվ հետախուզական միջոցառումն իրականացվել է օրենքի պահանջների խախտմամբ, մասնավորպես՝ ձայնի նմուշ ձեռք բերելու նպատալով, այսինքն՝ քողարկված այլ գործողություն է դիտել և դրա հիման վրա ձեռք բերված տվյալներն ու փորձաքննության արդյունքները ևս անթույլատրելի ապացույց գնահատել, և հանել ապացուցողական զանգվածից:

Օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում ձեռք բերված տվյալները գործի համար էական նշանակություն ունեն: Դրանցում տուժող Մուշեղ Մուշեղյանի սպանությունից առաջ ամբաստանյալների միջև խոսակցություններ են, ինչպես նաև սպանությունից հետո տեղի ունեցող պայմանավորվածություններ՝ հետագա անելիքների վերաբերյալ:

Այս ապացույցները գործի ապացուցողական զանգվածից հանելով`դատարանը գտնել է, որ գործում եղած մյուս տվյալները բավարար չեն ամբաստանյալների մեղքն ապացուցված համարելու համար: Ինչ վերաբերում է Պետրոս Իսրայելյանի սպանության մեղադրանքին, դատարանը գտել է, որ այն ընդհանրական է, փաստացի չէ և հնարավոր չէ հիմնավոր համարել:

Անդրադառնալով օպերատիվ հետախուզական միջոցառման արդունքում ձեռք բերված տվյալներն անթույլատրելի ապացույց համարելու դատարանի դիրքորոշմանը՝ դատախազ Գևորգ Բաղդասարյանը նշեց, որ թեև քրեական դատավարության օրենսգիրքը օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքում ձեռք բերված տվյալներն իբրև առանձին ապացույց չի սահմանում՝ Օպերատիվ հետախուզական գործունեության մասին օրենքի համաձայն, այդ տվյալները համարվում են ապացույցներ:

Բաղդասարյանը նշեց, որ թեև այս օրենքը նաև որոշակի բացառություն է նախատեսում, հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ հետախուզական միջոցառումն այդ բացառությունների մեջ չի մտնում:

Ըստ դատախազի՝ քրեական դատավարությունում ապացույց են նաև ներքին դիտում օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքում ձեռք բերված տվյալները, և հանգամանքը, որ դրանք իբրև ինքնուրույն ապացույցի տեսակ սահմանված չեն, դեռևս չի նշանակում, որ դրանք չեն մտնում ապացույցի որևէ տեսակի մեջ. դրանք ճանաչվել են այլ փաստաթղթեր ու դատարանում հետազոտվել:

Մեղադրող դատախազը նշեց, որ դատավոր Նելլի Բաղդասարյանն, ով կայացրել է դատավճիռը, այլ գործերով նմանատիպ իրավիճակում օպերատիվ հոտախուզական միջոցառման արդյունքում ձեռք բերված տվյալներն անթույլատրելի ապացույց չի ճանաչել:

Դատախազի համար անհասկանալի է նաև, թե ինչու է դատարանը եկել եզրահանգման, որ ներքին դիտում օպերատիվ հետախուզական միջոցառումն իրականացվել է քողարկված նմապատակով՝ ձայնի նշում ստանալու համար, երբ վարույթն իրականացնող մարմինը միջադեպից հետո խնդիր ուներ դրա մասնակից մի շարք անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու:

Դատախազն ընթերցեց նաև օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքում ձեռք բերված տվյալներից որոշ հատվածներ:

Այդ հեռախոսային խոսակցություններից պարզ է դառնում, որ Ալիկ Բանդուրյանն ու Պետրոս Իսրայելյանը պայմանավորվածություն են ձեռք բերում Մուշեղ Մուշեղյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ: Ալիկ Բանդուրյանը Պետրոս Իսրաելյանին հորդորում է այնպես ծեծել, որ Մուշեղյանը հիվանդանոց ընկնի:

«Հենց քուչի մեջն էլ մորթեք», «Գեղա՛մ, կիսատ-պռատ չծեծեն էլի դրան», «նենց են ծեծում, որ հիվանդանոց էթա էլի այսինքն», «թշնամու նման ծեծեք», «ընգեր, պա բրատսկի մորթում եք», «ես քու ցավը տանեմ, վժժունը հանելու ենք, ընգեր, դրա էլ, Ճվճվի էլ, ախպեր»,- խոսակցությունների ընթացքում պարբերաբար Պետրոս Իսրայելյանին դիմելով` ասում է Ալիկ Բանդուրյանը, և Պետրոս Իսրայելյանը հավաստիացնում է, որ հենց այդպես էլ ծեծելու են, Բանդուրյանը խոսակցության ժամանակ անգամ խորհուրդ է տալիս, թե ինչ գործիքների միջոցով կատարվեն վերը նշված գործողությունները:

«Բիտեքով ոտերը ջարդեք»,- ասում է Բանդուրյանն ու Պետրոս Իսրայելյանը հավաստիացնում է, որ ամեն ինչ էլ ունեն` «դուբինկա», լապատկի կոթ:

Դեպքի օրը` 2016 թվականի նոյեմբերի 13-ին, ինչպես խոսակցություններից պարզ է դառնում, Մուշեղ Մուշեղյանը մի քանի կողմնակիցների հետ եղել է Պետրոս Իսրայելյանի կնոջը պատկանող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում: Վերջինիս հրավիրել էին հանգիստ խոսելու: Գեղեցկության սրահ է եկել նաև քրեական հեղինակություն Վիրաբ Գասպարյանը:

Ալիկ Բանդուրյանի հետ խոսակցության ընթացքում Պետրոս Իսրայելյանը հեռախոսը փոխանցում է Մուշեղի հետ նկուղային հարկում գտնվող Վիրաբ Գասպարյանին, և Նորատուսցի Ալիկը նրան ասում է, որ տարածքից գնա, նշում է, որ այդ մասին տեղյակ է նաև քրեական հեղինակություն «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը:

Դեպքից հետո Ալիկ Բանդուրյանի և Պետրոս Իսրայելյանի միջև խոսակցություններից մեկում Իսրայելյանն ասում է, որ նախ Մուշեղ Մուշեղյանին ծեծի են ենթարկել, ապա նոր հրազենով վիրավորել, և Բանդուրյանը Իսրայելյանին հորդորում է այդ մասին ոչ ոքի չասել:

«Շնական տասովկա ա լինելու, չասե՛ք, որ դեմից ծեծել եք»,- ասում է Ալիկ Բանդուրյանը:

Դատախազը հաջորդ դատական նիստին կշարունալի ներկայացնել իր բողոքը:

Հիշեցնենք, որ 2016 թվականի նոյեմբերի 13-ին «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում միջադեպ է տեղի ունեցել, որի հետևանքով երկու անձ է սպանվել՝ Գևորգ Ավետիսյանը և Մուշեղ Մուշեղյանը: Այս գործով ամբաստանյալի աթոռին է հայտնվել երեք անձ՝ Պետրոս Իսրայելյանը, ով հայտնի է որպես Չարբախցի Գեղամ, Ալիկ Բանդուրյանը, ով հայտնի է որպես Նորատուսցի Ալիկ, և Արմեն Գասպարյանը, ով հայտնի է Բդո մականունով:

Ըստ մեղադրանքի՝ Ալիկ Բանդուրյանը, տեղյակ լինելով Պետրոս Իսրայելյանի և Մուշեղ Մուշեղյանի միջև լարված հարաբերությունների մասին, 2016 թվականի նոյեմբերի 13-ին անձնական շահագրգռվածությունից ելնելով` Պետրոս Իսրայելյանին դրդել է այլ անձանց հետ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառել: Ապա, ըստ մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի, Պետրոս Իսրայելյանը, Գևորգ Ավետիսյանը, ինչպես նաև քննությամբ չպարզված անձինք, նախապես պայմանավորված լինելով Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս հարցնելու շուրջ, համատեղ, ուղղակի դիտավորությամբ, մեկը մյուսի գործողությունները գիտակցելով և միմյանց լրացնելով՝ սուր կտրող-ծակող գործիքների, մահակների, բահերի կոթերի և այլ առարկաների գործադրմամբ տուժող Մուշեղ Մուշեղյանի մարմնի տարբեր մասերին բազմաթիվ հարվածներ են հասցրել, սակայն Մուշեղյանն ինքնապաշտպանության է դիմել, և նրա հետ վիճաբանող անձինք ուղղակի դիտավորությամբ նրան զրկել են կյանքից: Միջադեպի ժամանակ մահացել է նաև դրա մասնակից Գևորգ Ավետիսյանը, ով Պետրոս Իսրայելյանի մտերիմներից է եղել: Ամբաստանյալ Արմեն Գասպարյանը, ըստ մեղադրանքի, իմացել է նախապատրաստվող հանցագործության մասին, սակայն այդ մասին իրավապահներին չի հայտնել:

Լուսանկարում դատախազ Գևորգ Բաղդասարյանն է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter