HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սպասիր, Սալեհ, հեղափոխական երիտասարդությունը գալիս է քո հետևից»

Նախագահին ասում են եմենցի ցուցարարները

Եմենի մայրաքաղաք Սանայում տասնյակ հազարավոր երիտասարդ ցուցարարներ, առաջին անգամ ժողովրդական անհանգստության սկզբից ի վեր, շարժվել են Հանրապետական պալատի ուղղությամբ` ընդդեմ նախագահ Ալի Աբդալլահ Սալեհի ռեժիմի: Հանրապետական պալատը համարվում է Սալեհի երկրորդ ամենակարևոր նստավայրը Նախագահական պալատից հետո:

Ականատեսները CNN-ին ասել են, որ անվտանգության ուժերը որևէ բան չեն արել` հետ մղելու համար երիտասարդ ցուցարարներին, որոնք զորակցություն էին հայտնում երեկ Թաիզ քաղաքում անցկացված ցույցերին: Թաիզում առնվազն 14 մարդ էր սպանվել, ըստ տեղեկությունների` ցուցարարների ուղղությամբ անվտանգության ուժերի բացած կրակի հետևանքով:

Ըստ ականատեսների` Թաիզում ցուցարարների թիվը գերազանցում էր 90 հազարը: Ավելի քան 20 տանկ ու զրահամեքենա էր շրջապատել Թաիզում գտնվող գլխավոր կառավարական շենքը, իսկ անվտանգության ուժերը փորձել էին կասեցնել առաջ շարժվող ցուցարարների ընթացքը:

Դաշտային բժիշկների խոսքերով` Թաիզում վիրավորվել է ավելի քան 500 մարդ, որից 154-ը ստացել է հրազենային վնասվածք: Բժիշկների խմբի ղեկավար Սադիք Շուգան ասել է, որ դաշտային հիվանդանոցն ի վիճակի չէ բուժօգնությամբ ապահովել բոլոր վիրավորներին և իր աշխատանքները համաձայնեցում է Թաիզից դուրս գործող հիվանդանոցների հետ:

Իսկ Սանայում ցուցարարները, որոնց թիվը, ըստ ականատեսների, գերազանցում է 55 հազարը, բղավում էին. «Սպասիր, Սալեհ, հեղափոխական երիտասարդությունը գալիս է քո հետևից»:

Ցույցեր են տեղի ունեցել երկրի այլ քաղաքներում ևս:

Եմենի ընդդիմության խոսնակ Մուհամեդ Քաթանը միջազգային օգնություն է խնդրել «Սալեհի ռեժիմի կողմից անմեղ ու խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացվող արյունահեղությունը դադարեցնելու համար»: «Սալեհը սպանում է մարդկանց` առանց վախի: Եվ միջազգային հանրությունը չպետք է հանգիստ նայի դրան»,- ասել է Մուհամեդ Քաթանը:

Սալեհն առաջարկել է հրաժարական տալ մինչև տարվա վերջ` սահմանադրական բարեփոխումներից և նոր ընտրություններից հետո: Մինչդեռ ընդդիմությունը պահանջում է Սալեհի անհապաղ հրաժարականը և ըստ ապրիլի 3-ին հրապարակված ծրագրի` Սալեհին կոչ անում ամբողջ իշխանությունը փոխանցել փոխնախագահ Աբդու Ռաբու Մանսուր Հադիին:

Ընդդիմության խոսնակի խոսքերով` հենց իշխանությունը փոխանցվի փոխնախագահին, նա պետք է փոխի անվտանգության ուժերի, այդ թվում հանրապետական պահակախմբի կառուցվածքը` այն դարձնելով արդար և Եմենի սահմանադրությանը համահունչ:

Խորհրդարանի խոսնակ Յահյա Ալ-Ռաին, ով նաև կարևոր պաշտոն է զբաղեցնում իշխանող կուսակցությունում, մերժել է ընդդիմության ծրագիր` ասելով, թե այն որևէ արժեք չունի:

Միաժամանակ CNN-ը հայտնում է, որ Սանայի Թահրիր հրապարակը նախագահի կողմնակիցների վերահսկողության տակ է: Հազարավոր մարդիկ են հավաքվել հրապարակում` Սալեհին իրենց աջակցությունը հայտնելու:

Լուսանկարը` AFP-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter