HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էռնեստ Վարդանյանն ազատ է արձակվել

Մերձդնեստի ղեկավար Իգոր Սմիրնովը ներում է շնորհել հայազգի լրագրող Էռնեստ Վարդանյանին: Դեկտեմբերի 16-ին Մերձդնեստրի մայրաքաղաք Տիրասպոլի դատարանը նրան 15 տարվա ազատազրկման էր դատապարտել պետական դավաճանության և Մոլդովայի օգտին լրտեսություն անելու մեղադրանքով:

Հիշեցնենք, որ լրագրողի ընտանիքի փաստաբանն ասել էր, որ բողոք է ուղարկելու Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Իսկ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն այս դատավճիռը խայտառակ էր համարել:

Մեղադրանքի համար հիմք էին դարձել Էռնեստ Վարդանյանի ինքնախոստովանական ցուցամունքները, որոնք, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության համոզմամբ, կորզվել են խոշտանգման միջոցով և նպատակ են ունեցել լռեցնել ճշմարտախոս լրագրողին:

Մոլոդովայի' հյուսիսարևելքում Ուկրաինայի հետ սահմանին գտնվող Մերձդնեստրը իր անկախությունը հռչակեց 1991 թ. Ռուսաստանի աջակցությամբ: Մերձդնեստրի Ազգային անվտանգությունը Էռնեստ Վարդանյանին ձերբակալեց ապրիլի 7-ին: Նա աշխատում էր որպես մոլդովական լրատվական գործակալություններից մեկի թղթակից Տիրասպոլում: Գործակալություն համար Էռնեստ Վարդանյանը գրել էր հոդվածներ, որոնք խիստ քննադատում էին Մերձդնեստի առաջնորդ Իգոր Սմիրնովին:

ԱՄՆ-ն և ԵԱՀԿ-ն մտահոգություն էին հայտնել այն պայմանների առթիվ, որոնցում Էռնեստ Վարդանյանը պահվում էր 7 ամիս շարունակ' մինչև նոյեմբերի 3-ին դատաքննության սկսվելը: Մայիսին լրագրողի կինը մտահոգություն էր հայտնել նրա ֆիզիկական և մտավոր վիճակի վերաբերյալ այն բանից հետո, երբ նա, ըստ որոշ տեղեկությունների, ժամեր տևող հարցաքննությունների էր ենթարկվել:

Մայիսի 11-ին Մերձդնեստի իշխանություններն ազգային հեռուստաընկերությամբ հեռարձակեցին մի տեսանյութ, որում Էռնեստ Վարդանյանը «խոստովանում էր», որ 2001 թ.-ից եղել է մոլդովական հատուկ ծառայությունների գործակալ: Լրագրողի ընտանիքն ասաց, որ այս խոստովանությունը կորզվել է խոշտանգման միջոցով:

Էռնեստ Վարդանյանի մայրը' Թամարա Շագոյանը, որդու ազատ արձակման հարձով բաց նամակով դիմել էր գերտերությունների ղեկավարներին' Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին, Ճապոնիայի վարչապետ Յոկիո Հատոյամային, Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին, Կանադայի վարչապետ Սթիվեն Հարպերին:

Լրագրողական և իրավապաշտպան կազմակերպությունները ևս կոչ էին անում ազատ արձակել նրան:

Էռնեստ Վարդանյանը ծնվել է 1980 թ. Գյումրիում: Երկրաշարժից հետո ընտանիքը տեղափոխվել է Մոլդովա: Ավարտել է Քիշնեւի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետը: Մոլդովայի հայերի միության վարչության անդամ է: Ունի երկու անչափահաս երեխա' 9-ամյա աղջիկ և 6-ամյա տղա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter