
Ինչպե՞ս հաջողացնել սայթաքել կանգնած տեղում
Սոցհարցումներ դեռևս չկան՝ հեղափոխությունից մեկ տարի անց իշխանությունների վարկանիշն ի՞նչ փոփոխություններ է կրել:
Ակնհայտ է, որ իշխանությունների, կոնկրետ լինենք՝ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը մտահոգիչ սահմանագծի դեռ չի հասել, սակայն ընկնում է:
Եվ պատճառը հակաքարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները, ֆեյք օգտատերերը չեն. հասարակական կարծիք ձևավորելու վրա նրանք գրեթե ազդեցություն չունեն: Հեռուստացույցը միանշանակ պարտվում է սառնարանին: Դատելով քաղաքացիների և իշխանությունների օրակարգերի անհամապատասխանությունից՝ այսօր ունենք մի պարադոքս. մեկ տարվա ընթացքում քաղաքացիները ավելի հասուն ու իրատեսորեն են դիտարկում իրականությունը, քան իշխանությունները:
Ի՞նչ է անում կառավարությունը՝ տարերայնորեն փորձում է լուծում տալ կուտակված խնդիրներին, որոնց ավելանում են նաև այստեղից-այնտեղից ծագող նոր խնդիրներ: Բայց ինչու՞ ինչ-որ բան այն չէ: Պետական համակարգը նախկին իշխանության օրոք հստակ աշխատեցնում էր անձնական շահագրգռությունը, երբ ստորին օղակներից սկսած՝ թույլատրված էր կոռուպցիան, ինչը հնարավորություն էր տալիս պահել պետական համակարգը՝ խաղի ընդունված կանոններով:
Հեղափոխությունից հետո այդ համակարգը մերժվում է: Ինքնուրույն աշխատող, ինքնակազմակերպվող պետական համակարգ՝ սուպերվարչապետական սահմանադրությամբ, անհնար է: Սուպերվարչապետությունը ՀՀԿ-ի համար ծուղակ դարձավ: ՀՀԿ-ն «չվայելեց» այդ համակարգը՝ դառնալով այդ համակարգի զոհը: Այսօր արդեն Նիկոլ Փաշինյանն ինքն է կրկնում է նույն սխալը: Նրա համար ևս սուպերվարչապետությունը ծուղակ է դառնալու:
Չգնալով սահմանադրական փոփոխություններին՝ վարչապետ Փաշինյանը դառնալու է պերմանենտ քննադատության թիրախ՝ որպես իր խոսքը դրժող: Չնկատել դրանից բխող գեներացվող անվստահությունը վտանգավոր է: Քաղաքացիների վտահությունն ավելի հզոր կապիտալ է, քան ՊԵԿ-ի, ԱԱԾ-ի ու ոստիկանության հանդեպ անձնական վերահսկողությունը: Հիշենք, թե ինչպես Փաշինյանի մի կանչով տասնյակ հազարավոր քաղաքացիներ իրենց ֆիզիկական ներկայությամբ հայտնվեցին նրա կողքին: Հնարավոր է՝ գա մի պահ, երբ վարչապետը ստիպված կլինի ընտրություն անել ժողովրդական վստահության և այս կառույցների հանդեպ վերահսկողությունը պահպանելու միջև:
Արդարացումը, թե չի ցանկանում քաղաքականացնել ուժային այդ կառույցները, քննադատության չդիմացող հիմնավորում է: Այսպիսով՝ Փաշինյանը նաև թիրախավորում է իր թիմի անդամներին, որոնք լրագրողների հարցերին ստիպված են տալ նրա մտքերը սվաղող, արդարացնող, սակայն ոչ համոզիչ պատասխաններ, այսպիսով՝ գցելով նաև ԱԺ այդ խմբակցության՝ ոչ այնքան բարձր վարկանիշը:
Այսօր էլ տեսնում ենք ճգնաժամային մի իրավիճակ, երբ վարչապետին ենթակա մի մարմինը՝ ԱԱԾ-ն, կոռուպցիոն գործարքի կասկածանքով մեղադրյալի կարգավիճակ է տալիս վարչապետի ենթակայության մեկ այլ կառույցի՝ ՊՎԾ ղեկավարին:
Ուժային կառույցները փոխե՞լ են իրենց իմիջը, հանդես են գալիս ավելի քաղաքակիրթ, հաճախ ժպտացող ղեկավարներո՞վ: Գլխավոր դատախազն ասում է, որ պատժելու են բոլոր բարձրաստիճան կոռուպցիոներների՞ն: Հրաշալի խոսքեր: Բայց նույն այդ գլխավոր դատախազը նախորդ համակարգում հանցագործություններ կոծկելու հոդվածով ի՜նքը կարող է անցնել: Վիշինսկին էլ բարեկրթության մարմնացում էր՝ «ոտքի, խնդրում եմ, նստեք, խնդրում եմ», իսկ անհրաժեշտ ինքնախոստովանական ցուցմունքները նրան տալիս էին:
Չփոխելով սուպերվարչապետական համակարգը՝ Փաշինյանը, այսպես թե այնպես, ստանձնում է այդ կառույցների գործունեության ողջ պատասխանատվությունը, իր համար բացում է քննադատության նոր ճակատներ: Ամենակարևորը՝ այս սահմանադրությունը լեգիտիմ չէ, այսինքն՝ ժողովուրդը, ընտրողները չեն քվերակել սուպերվարչապետության օգտին: Ժողովուրդը հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին կամ որևէ այլ մեկի չի լիազորել սուպերվարչապետության: Այս սահմանադրությունը ժողովրդի վստահությունը չունի:
Քաղաքացիները այս վտանգները տեսնում են: Ինչպե՞ս դա չի երևում կառավարության ղեկավարի աշխատասենյակից:
Քաղաքական մեծամասնությունը, վարչապետը, ունենալով մեկնարկային հիանալի հնարավորություններ, ընտրողների ճնշող մեծամասնության վստահությունը, ներողամտությունը, չափազանց անհեռատեսորեն են վատնում այն:
Հանրային համերաշխության մթնոլորտի ձևավորումը իշխանությունների համար առաջնահերթություն պետք է դիտարկվեր: Սակայն այսօր էլ շարունակվում է հնչող քննադատությունը նախկինների հետ կապելու՝ ոչ հասուն ավանդույթը: ԱԺ-ում, հեղափոխությունից մեկ տարի անց, հիմնական դիսկուրս է, թե ով է ավելի «դուխով» եղել կամ ով է իրապես ժողովրդի մասին մտածող ուժը:
Հեղափոխությունից մեկ տարի անց կարող ենք արձանագրել նաև, որ խորհրդարանական ընդդիմություն, որին կարելի է աչքի առաջ ունենալ որպես իշխանությունների ալտերնատիվ, դեռևս չունենք: Ունենք առողջ, սթափ արտախորհրդարանական մեկ ուժ՝ «Քաղաքացու որոշում»-ը: Արտախորհրդարանական մյուս ուժերի ակտիվացման, ներշնչանքի աղբյուրը վարչապետի սայթաքումներն են: Որոնք, որպես կանոն, տեղի են ունենում հարթ, ուղիղ ճանապահի վրա:
Մեկնաբանել