HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Նուբարաշենի» պատերի գրառումները. «…աֆերիստ ա` փողը վերցնում ու քցում ա»

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Այս անգամ ձեզ կպատմեմ 23 տարվա փորձիցս դրվագներ՝ կապված առհասարակ դատաիրավական համակարգի գործունեության հետ:

Միանգամից ասեմ, որ որևէ մեկն ապահովագրված չէ կատարածի կամ չկատարածի համար ոստիկանության բաժնում հայտնվելուց, կասկածյալի, մեղադրյալի, այնուհետև դատապարտյալի կարգավիճակ ունենալուց: Բայց դատաիրավական համակարգի հետ նախկինում առնչություն չունեցած քաղաքացին, նրա ընտանիքը հաճախ միամտաբար կարծում են, որ ոստիկանների, քննիչների, դատախազների, դատավարների նաև փաստաբանների մեծամասնությունը օրինապաշտ, բարեխիղճ մասնագետներ են: Միամտաբար կարծում են, թե իրավապահ մարմինները կպարզեն ճշմարտությունը` անմեղը կազատվի, նույնիսկ ներողություն կխնդրեն նրանից, իսկ մեղավորը կպատժվի օրենքի տառին ու ոգուն համապատասխան` կատարածին համարժեք:

Բոլորդ ամերիկյան ֆիլմերում տեսել եք, թե ինչպես են քաղաքացուն ձերբակալելիս ոստիկանները պարտադիր կարգով բարձրաձայն հայտնում` «Դուք ունենք լռելու իրավունք: Այն ամենն, ինչ կասեք, կարող է օգտագործվել ձեր դեմ»: ԼՌԵԼՈՒ  ԻՐԱՎՈՒՆՔ` լա՛վ հիշեք ձեր այս իրավունքը: Հայաստանում, համենայն դեպս, 1996-ին չէին տեղեկացնում այս և այլ կարևորագույն իրավունքների մասին: Փոխարենը, ինչպես սովետական միության ժամանակ, ոստիկանական բաժանմունքներում շոկի մեջ գտնվող, որպես կանոն, մի լավ ծեծված, բայց ծեծի հետքեր մարմնին չմնացած (հատուկ ձևեր գիտեին),  վախեցած քաղաքացուն փաստացի ստիպում էին խոսել տեսախցիկի առաջ: Քաղաքացուն՝ առանց իրավունքների բացատրման, առանց փաստաբանի ներկայության նկարահանում էին և ստիպում խոսել: Սա մարդու և քաղաքացու իրավունքների կոպիտ ոտնահարում է:

Հիշե՛ք ԼՌԵԼՈՒ, պաշտպան ունենալու երկու ամենակարևոր իրավունքների մասին: Գործը սարքվում է առաջին րոպեներին, զգոն եղե՛ք: Շա՛տ ուշադիր կարդացեք այն փաստաթղթի ամեն բառը, որի տակ պետք է ստորագրեք: Անպայման նայե՛ք, որ տողերն իրար կպած գրված լինեն, չլինեն նույնիսկ մեկ բառի համար ազատ մնացած տարածքներ, իսկ եթե կան նոր պարբերություններ, ապա մեկ-երկու գիծ քաշեք այդ դատարկ հատվածի վրա: Սա անհրաժեշտ է, որպեսզի հետո, առանց ձեր իմացության, չավելացնեն և ոչ մի բառ: Եթե ինչ-որ բան կասկածում եք, առհասարակ հրաժարվեք ստորագրելուց ու գրեք ձեր դիտողությունների մասին:

Ոստիկանության բաժնում, հետագայում մեկուսարանում հայտնվելու ժամանակ ձեզ կտրամադրվի հանրային պաշտպան, կամ ձեր հարազատները այս ու այն կողմ ընկած փորձելու են գտնել գրագետ փաստաբան: Այդ իրավիճակում թվում է, որ պաշտպանը միակ փրկարար օղակն է: Այդպես է, եթե պաշտպանը ազնիվ է և իրապես գրագետ մասնագետ: Եթե վստահ չեք, որ ձեր հարազատները չեն ուղարկել պաշտպանին, հրաժարվեք նրա ծառայություններից: Իրավապահների հետ համագործակցող փաստաբաններ 1990-ականներին շատ կային:

«Նուբարաշեն» բանտի պատերին, հատկապես «բոքսեր» կոչված խցերում, որտեղ մինչ դատարաններ տանելը և դատարաններից բերելիս պահում են ազատազրկվածներին, պատերին տարբեր գրառումներ կան: Դրանք բացի հայերենից, նաև վրացերեն և պարսկերեն են: Օրինակ` գրված է կոնկրետ փաստաբանի անուն և «... չվստահե՛ք, համագործակցում ա քննիչների և դատախազների հետ» կամ «…աֆերիստ ա` փողը վերցնում ու քցում ա», կամ «…ախպերնե՛ր, էտի տուժողից էլ ա փող վերցնում…»: Հիմա «Նուբարաշենում» վերանորոգման աշխատանքներ են, պատերի գրառումները ջնջվում են...

Ներկայիս իշխանությունները բազմիցս պնդել են, որ դատավորները տարիներ շարունակ հրահանգներ էին կատարում, կոռումպացված էին, զանգային արդարադատություն էին իրականացնում: Այս հայտարարության տրամաբանությունից բխում է, որ պետք է վերանայվեն նախկինում կայացված բազմաթիվ դատավճիռներ: Հենց սա կնշանակի` խոսքի և գործի համապատասխանություն: Հենց սա կնշանակի` դատաիրավական համակարգի հեղափոխություն: Բայց մինչև չընդունեն նախկինում կատարած դատական սխալները, հեղափոխություն չի կարող տեղի ունենալ:

Անցումային արդարադատությունը ենթադրում է նախևառաջ հենց անցյալի գործերի վերաբացում, վերանայում: Սակայն մինչ օրս որևէ դատավոր, դատախազ, քննիչ պատասխանատվության չի ենթարկվել ռեժիմի օրոք կատարած հանցանքների համար, և նրանք շարունակում են նստած մնալ իրենց բարձր աթոռներին: Այդ նույն համակարգը, նույն դատավորները կարո՞ղ են արդյոք արդարադատություն իրականացնել:

Մեկնաբանություններ (1)

Anna
Մհեր ջան Աստված քեզ հետ։ Քո բախտը դատավորների հարցում չի բերել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter