HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մի հողակտորի պատմություն. վեճը 14 տարի է չի հանգուցալուծվում

Լուսանկարում պատկերված կիսակառույցը լուսանկարվել է 3 տարի առաջ: Այդ ժամանակ ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ շինթույլտվությունն առ ոչինչ ճանաչելու պահանջով դատական վեճ էր գնում վարչական դատարանում: Այդ վեճն այսօր էլ է շարունակվում և դատավորների թողտվությամբ կիսակառույցը դարձել է շինություն: Այն գործող գրասենյակ է, թեև չունի շինության ավարտական ակտ: Իսկ քաղաքացի Նորայր Մակվեցյանն արդեն 14 տարի դատական քաշքշուկների մեջ է և մինչ օրս չի կարողանում դատարաններով ստանալ պարզ հարցի պատասխանը. ինչպե՞ս է հնարավոր փողոցի կարմիր գծի սահմանները խախտելով՝ շինություն կառուցել փողոցի մայթի հատվածում: «Հետք»-ն այս դատական վեճին անդրադարձել է դեռևս 2016թ-ին, սակայն 3 տարի անց, պատկերը գրեթե նույնն է:

Նշենք, որ Նորայր Մակվեցյանը, մասնակցելով Երևան քաղաքի Գրիբոյեդով փողոցին հարող տարածքի 1550 քմ մակերեսով հողի աճուրդ վաճառքին, 2003թ. փետրվարին ճանաչվել է հաղթող: Նույն ամսում Մակվեցյանի և քաղաքապետարանի միջև կնքվել է հողամասի առուվաճառքի պայմանագիր, ինչից հետո հողամասի նկատմամբ գրանցվել է քաղաքացու սեփականության իրավունքը: Հետագայում Գրիբոյեդով փողոցի` իրեն պատկանող հողատարածքի սահմաններում Ն. Մակվեցյանը ստացել է նաև բնակելի տուն կառուցելու շինթույլտվություն: 2003թ. մայիսին Նորայր Մակվեցյանի հողամասի և Գրիբոյեդով փողոցի մայթի միջև ընկած հատվածում տեղադրվել է անօրինական տաղավար: Հենց այդ տաղավարից էլ սկսվել է ամբողջ դատական քաշքշուկը:

Երևանի քաղաքապետարանը ժամանակին տաղավարներով զբաղեցրած ընդհանուր հողամասը 2012թ. մայիսին օտարել է քաղաքացի Արմեն Բադալյանին: Ավելին՝ օգոստոսին նույն տարածքում առևտրի սրահ կառուցելու համար տվել է շինարարության թույլտվություն, ինչով էլ խախտել է Նորայր Մակվեցյանի սեփականության իրավունքի անարգել իրականացման, բնակելի տան պատշաճ օգտագործման իրավունքը: Քաղաքապետարանն անտեսել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը, որոնց համաձայն՝ նշված հողամասը սահմանափակումներով է և չի կարող օտարվել: Բացի այդ, քաղաքապետարանը իր տարբեր գրություններով, այդ թվում՝ դատարան ներկայացրած հիմնավորումներով, ևս հաստատել է, որ վիճելի տարածքը սահմանափակումով հողամաս է և օտարման ենթակա չէ:

Պատմությունը սկսվել է դեռևս 2005թ-ին, երբ Նորայր Մակվեցյանն ընդդեմ Ռազմիկ Բադալյանի և մի խումբ քաղաքացիների և կադաստրի Արաբկիրի տարածքային ստորաբաժնման դիմել էր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարան` պահանջելով սեփականության վկայականները, գործարքները ճանաչել անվավեր և տարածքը բերել նախկին տեսքին: Նույն գործի շրջանակում Երևանի քաղաքապետարանն ընդդեմ նույն անձանց հայցադիմում էր ներկայացրել` պահանջելով վաղաժամկետ լուծել հողի վարձակալության պայմանագիրը, ինչպես նաև անվավեր ճանաչել գործարքները և սեփականության իրավունքի պետական գրանցումները: Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի վճռով քաղաքապետարանի հայցը բավարարվել էր: Սակայն, դրանից հետո քաղաքապետարանը արգելված գոտին վաճառել է և տվել շինթույլտվություն: Վաճառված հողը ծանրաբեռնված է գազատարով ու էլեկտրական մալուխներով:

Վարչական դատարանը Նորայր Մակվեցյանի հայցը 2018թ. փետրվարին բավարարել է մասնակի: Արմեն Բադալյանին 02.08.2012թ.-ին տրված շինարարական թույլտվությունը ճանաչել է անվավեր: Սակայն, մերժել է, որպես հետևանքների վերացման ածանցյալ պահանջ՝ հասարակական նշանակություն ունեցող օբյեկտը քանդելուն պարտավորեցնելը: Կողմերը դատական ակտը բողոքարկել են վերաքննիչ վարչական դատարանում: Վճռի հրապարակման օր էր նշանակվել այս տարվա մարտի 3-ը: Մինչդեռ դատարանը, (նախագահող դատավոր՝ Ա. Բաբայան, դատավորներ՝ Հ. Բեդևյան, Ա. Թովմասյան) վերադառնալով խորհրդակցական սենյակից, հայտարարել է, որ որոշում է կայացվել գործի դատաքննությունը վերսկսելու մասին: Նիստի օր է նշանակվել ապրիլի 26-ը:

Նորայր Մակվեցյանը կարծում է, որ գործի վերսկսումը արհեստածին է, դատավորները անհասկանալիորեն ժամանակ են ձգում: Նրա կարծիքով վեճը չի հանգուցալուծվում նաև դատարանների «մեղքով», քանի որ ինչ-ինչ շահերից ելնելով՝ չեն ցանկանում վերջնական դատական ակտ կայացնել: Մակվեցյանի համար անհասկանալի է, երբ փորձագետի եզրակացության առկայության պարագայում էլ դատարանները վարանում են: Ավելին, հենց դատարանների թողտվության հետևանքով է կիսակառույցը դարձել շինություն: Ըստ նրա՝ բազմիցս գույքի վրա արգելանք դնելու միջնորդություններ է ներկայացվել, սակայն դատարանները միշտ լուսանցք են թողել, ինչից էլ օգտվել է դատավարական հակառակորդը:

Մեկնաբանություններ (1)

Armine
Հեթքի խմբագրություն,խնդրում եմ հետեւողական ներկայացնել,այսպիսի թարախակալվսծ գործեր շատ կան դատարաններում, կա հաշվետվություն, թե շատ են զբաղված դատավորները, դրա համար է այս վիճակը։ Մեղավորներ չկ՞ան,թե գրեցիք,կարդացինք անցավ գնաց.չգիտես խնդաս թե լաս, ասում են դատարաններում գործերը շատ են,շատ են որովետեւ ոչ կարկուտը ,ոչ ել ցրտահարությունը բերքին վնաս չեն տալիս, շատ լավ ցանցապատված,զրահապատված են,ուրիշ բան ման մի եկեք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter