HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զելենսկին բացարձակ առավելությամբ հաղթում է Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

Դերասան և շոումեն Վլադիմիր Զելենսկին բացարձակ առավելությամբ հաղթանակ է տանում Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում: Ինչպես վկայում են ազգային էքզիթ փոլի արդյունքները՝ Զելենսկին ստացել է ընտրողների ձայների 73,2%-ը, իսկ գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ 25,3%:

Զելենսկու օգտին ամենից շատ քվեարկել են երկրի արևելյան հատվածում՝ մոտ 87,7%, իսկ երկրի արևմտյան շրջաններում նա ստացել է ձայների 57%-ը: Պորոշենկոն արևմուտքում ստացել է 41,3%:

Ազգային էքզիթ փոլը ֆինանասավորվում է միջազգային կազմակերպությունների կողմից և կախված չէ քաղաքական ուժերից կամ թեկնածուներից: Հարցումը կատարվել է յուրաքանչյուր 12-րդ ընտրողի հետ, որը դուրս է եկել ընտրատեղամասից: Հարցումներ չեն կատարվել միայն հատուկ ընտրատեղամասերում, օրինակ՝ հիվանդանոցներում, բանտերում, զորամասերում և այլն: Հատուկ ընտրատեղամասերը կազմում են ընդհանուր թվի 5%-ը:

Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը ընտրախախտումների վերաբերյալ 1245 ահազանգ է ստացել, հարուցվել է 17 քրեական գործ, սակայն ինչպես հաղորդում է գերատեսչությունը, այս խախտումները չեն ազդում ընտրությունները արդյունքների վրա:

Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 62,26%-ը:

Պյոտր Պորոշենկոն արդեն հայտարարել է, որ ընդունում է Զելենսկու հաղթանակը: Գործող նախագահն ընդգծել է, որ էքզիթ փոլի արդյունքները իրեն տալիս են բոլոր հիմնավորումները զանգահարելու և շնորհավորելու մրցակցին: Միևնույն ժամանակ Պորոշենկոն շեշտել է, որ չնայած երկրի ղեկավարի պաշտոնը թողնելուն՝ չի պատրաստվում հեռանալ քաղաքականությունից:

Էքզիթ փոլի արդյունքների հրապարակումից հետո Վլադիմիր Զելենսկին ուղիղ եթերում ունեցած ելույթում նշել է, որ երբեք հուսախաբ չի անի քաղաքացիներին: Հաղթած թեկնածուն հայտարարել է նաև, որ իր առաջին անելիքը լինելու է 2018-ի նոյեմբերի 25-ին Կերչի նեղուցում Ռուսաստանի կողմից ձերբակալված ուկրաինացի նավաստիների վերադարձը հայրենիք: Զելենսկին հայտարարել է նաև, որ ուժգին տեղեկատվական պատերազմ կվարի՝ Դոնբասում խաղաղություն հաստատելու համար:

Վլադիմիր Զելենսկին, շնորհակալություն հայտնելով Պորոշենկոյին շնորհավորանքի համար, նշել է, որ եթե «հանրությունը խնդրի, ապա Պորոշենկոյին ինչ-որ պաշտոնի կնշանակի»:

Հիշեցնենք, որ մարտի 31-ին կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլին մասնակցում էր 39 թեկնածու: Մինչև վերջին պահը հայտնի չէր, թե որ թեկնածուները կանցնեն երկրորդ փուլ: Զելենսկու և Պորոշենկոյի հետ մեկտեղ ֆավորիտ էր համարվում նաև Ուկրաինայի նախկին վարչապետ, «Բատկիվշինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն: Ի վերջո Զելենսկին ստացավ ձայների 30,24%-ը և 15,95% ստացած Պորոշենկոյի հետ անցավ երկրորդ փուլ, իսկ Տիմոշենկոն ստացավ ձայների մոտ 13%-ը:

Լուսանկարը՝ РИА Новости / Стрингер

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։