HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչներին

Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 19-ին այցելել է Սանկտ Պետերբուրգի Սբ. Կատարինե եկեղեցի, այնուհետեւ շրջայց կատարել հայկական կիրակնօրյա դպրոցում եւ ջերմ հանդիպում ունեցել համայնքի ներկայացուցիչների հետ:

Ինչպես տեղեկացնում է ԱԺ-ն, Արարատ Միրզոյանը համայնքին ներկայացրել է թավշյա հեղափոխության սկզբունքներն ու արժեքները, որոնց հավատարիմ է իշխանության եկած քաղաքական ուժը, երկրի առաջնահերթությունները, կիսվել առկա խնդիրներով: Անդրադառնալով Սփյուռքի հետ հարաբերություններին՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ այդ հարաբերությունները չափազանց կարեւոր են իրենց համար եւ տարիներ ի վեր Սփյուռքին միայն օգնության հասնող ձեռք դիտարկելու դիրքորոշումը պետք է փոխարինվի հավասար համագործակցության մոտեցմամբ:

Ազգային ժողովի նախագահն ու պատվիրակության անդամները պատասխանել են համայնքի ներկայացուցիչների՝ կրթությանը, առողջապահությանը, տնտեսությանը, դատական համակարգին, արտաքին քաղաքականությանն ու հասարակական կյանքի այլ ոլորտներին վերաբերող ամենատարբեր հարցերին:

Հաջորդ օրը խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը ծաղիկներ է խոնարհել Կոմիտասի հուշարձանին եւ շրջայց կատարել Սանկտ Պետերբուրգի Գլխավոր հյուպատոսությունում:

Պատվիրակության կազմում են եղել Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Գոռ Գեւորգյանը եւ Անուշ Բեղլոյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter