HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրի այցելած ԱՄԷ արտակարգ եւ լիազոր դեսպանին հետաքրքրում են գյուղատնտեսության եւ բուհական ոլորտի ծրագրերը

ՀՀ-ում ԱՄԷ արտակարգ եւ լիազոր դեսպան Մուհամմադ Իսա Ալ Զաաբի եւ դեսպանության 2-րդ քարտուղար Ահլամ Ռաշեդ Ալ Սալամի Գյումրի կատարած ճանաչողական այցին հնարավոր է հետեւի ավելի գործնական ծրագրերի իրականացում: Ամեն դեպքում նման հույսեր փայփայում են Գյումրու քաղաքապետարանում եւ Շիրակի պետական համալսարանում, որտեղ ԱՄԷ դեսպանության ներկայացուցիչներն ապրիլի 19-ին հանդիպումներ ունեցան:

Քաղաքապետարանում կայացած հանդիպման ժամանակ քաղաքապետ Սամվել Բալասանյանը դեսպան Մուհամմադ Իսա Ալ Զաաբիին առաջարկել է աջակցել համայնքին՝ ձերբազատվելու տնակային մանկապարտեզից: Սամվել Բալասանյանը նշել է, որ քարաշեն մանկապարտեզի կառուցման ծրագրով իրենք դիմել են նաեւ նախորդ դեսպանին: Առաջարկ է եղել տուրիզմի ոլորտն առավել ակտիվացնելու նպատակով օգտագործել նաեւ «Շիրակ» օդանավակայանի պոտենցիալը: Դեսպանն էլ իր հերթին առաջարկել է գյուղատնտեսական ծրագրերի իրականացում համայնքապատկան հողատարածքներում:

Գյումրու Շիրակի պետական համալսարանում ուսանողների եւ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով «Հետք»-ի՝ երկու երկրների միջեւ առկա ապրանքաշրջանառության եւ որոշակի ոլորտների վերաբերյալ հետաքրքրվածության վերաբերյալ հարցերին, դեսպան Մուհամմադ Իսա Ալ Զաաբին նշեց, որ հիմնականում հետաքրքրված են գյուղատնտեսության ոլորտով, արտահանման հետ կապված դրական կողմերից մեկը համարում են երկու երկրների միջեւ առկա օդային կարճ ճանապարհը:

Տուրիզմի ոլորտում եւս կան գրանցված զգալի ցուցանիշներ: «2017թ-ին 250 մլն դոլարի ապրանքաշրջանառություն է եղել երկրների միջեւ, 2018թ-ին՝ 180 մլն դոլար է կազմել: Անցած տարի 11,500 էմիրաթցի այցելել է Հայաստան, շաբաթական 16 չվերթ է իրականացվում երկու երկրների միջեւ»,- նշեց Մուհամմադ Իսա Ալ Զաաբին: Դեսպանի փոխանցմամբ, իր երկիրը հետաքրքրված է նաեւ մշակույթի ոլորտում իրականացվող ներդրումներով: Որպես ապացույց, դեսպանը հիշատակեց Շարժայի կառավարիչ Շեյխ Սուլթան Ալ Կասիմի կողմից 2012թ-ին Հաղարծինի եկեղեցու նորոգումը:

Դեսպանության 2-րդ քարտուղար Ահլամ Ռաշեդ Ալ Սալամին ՇՊՀ-ում ուսանողների համար կարճ դասախոսություն կարդաց հանդուրժողականության թեմայով՝ ԱՄԷ-ն 2019թ.-ը հայտարարել է հանդուրժողականության տարի: «2019թ-ի մարտի 14-21-ը ԱՄԷ-ն հյուրընկալեց Հատուկ օլիմպիական խաղերը Աբու Դաբիում, որին մասնակցում էր շուրջ 7500 հաշմանդամ մարզիկ 200 երկրից: Նրանք հավաքվել էին հանդուրժողականության հողի վրա,- նշեց Ահլամ Ռաշեդ Ալ Սալամին,- Հայաստանից եւս կային մասնակիցներ, երկու մարզիկ արժանացան մեդալի»:

ՀՀ-ում ԱՄԷ արտակարգ եւ լիազոր դեսպան Մուհամմադ Իսա Ալ Զաաբին, որ ընդամենը երկու ամիս է պաշտոնավարում, հայտնեց, որ այցը Գյումրի ճանաչողական է, եւ շատ հարցերի չի կարող պատասխանել, առայժ ուսումնասիրում են մարզերի պոտենցիալը: Դեսպանը նշեց, որ ունեն համագործակցություն Երեւանի պետական համալսարանի հետ եւ ցանկություն ունեն համագործակցել նաեւ մարզային բուհերի հետ՝ որպես առաջին քայլ ընտրել են Գյումրին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter