HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաստանի Բիրկիանի գյուղում տեղացի ցուցարարները կանխել են «Խադորի 3» հէկի շինարարական աշխատանքները

Ապրիլի 21-ին Վրաստանի հյուսիսում գտնվող Ալազան գետի վրա կառուցվող «Խադորի 3» հէկի շինարարական աշխատանքների դեմ բողոքի էին դուրս եկել տեղացի բնակիչները՝ կիստերը (կամ պանկիսյան չեչեններ), որոնց մեծ մասը սունի մահմեդական է:

Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ ոստիկանության և մի քանի հարյուրի հասնող ցուցարարների բախման հետևանքով տարբեր վնասվածքներ են ստացել 38 ոստիկան և 17 ցուցարար։ Ի պատասխան շինարարությունը կանգնեցնելուն ուղղված ցուցարարների գործողությունների՝ ոստիկանությունը նրանց դեմ կիրառել է ռետինե փամփուշտներ ու արցունքաբեր գազ։ Ցուցարարներն իրենց հերթին վնասել և այրել են ոստիկանության մի քանի մեքենա։ Բախումների արդյունքում 7 ցուցարար բերման է ենթարկվել։

 

Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան ժամանեց դեպքի վայր և փակ հանդիպում ունեցավ Պանկիսիի ավագանու հետ։ Հանդիպումից հետո Վրաստանի տնտեսության նախարարությունից հայտարարեցին, որ որոշում է կայացվել դադարեցնել շինարարական աշխատանքները քանի դեռ համաձայնության չեն եկել տեղի բնակիչներն ու հէկը կառուցող ընկերությունը։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ իր իրավասության շրջանակներում կապահովի պետության, ինչպես նաեւ յուրաքանչյուր անհատի բոլոր օրինական շահերի պաշտպանությունը։

Նույն օրը երեկոյան Թբիլիսիում խորհրդարանի դիմաց կազմակերպվեց ակցիա, որի ժամանակ հավաքվածները զորակցություն և աջակցություն հայտնեցին Բիրկիանիի ցուցարարներին։ Թբիլիսիում ակցիայի ժամանակ որոշները կոչ արեցին Տնտեսության նորանշանակ նախարար Նաթի Տուրնավային հրաժարական տալ՝ նշելով նրա նախորդ կապերը Վրաստանի էներգետիկ սեկտորի հետ։

 

Ալազանի գետի վրա արդեն կա գործող երկու հէկ, իսկ «Խադորի 3» հէկի կառուցումը շինարարության պահից սկսած՝ (2018 մայիս) լարված իրավիճակ է ստեղծել տեղի բնակիչների և Alzany Energy-ի միջև։ Այս ընկերության ներկայացուցիչներն ու վրացի պաշտոնյաները հանդիպումներ են ունեցել տեղացիների հետ՝ խոստանալով տնտեսական զարգացման նոր հնարավորություններ և հարյուրից ավել նոր աշխատատեղերի ստեղծում։ Սակայն բնակիչները պնդում են, որ արդեն գործող երկու հէկերն անդառնալի վնասներ են պատճառել, և թույլ չեն տա նորի կառուցումը։

Բողոքների արդյունքում շինարարական աշխատանքները մի քանի անգամ ժամանակավոր դադարեցվել, այնուհետև վերսկսվել են։ Ըստ հէկի դեմ դուրս եկած բնակիչների և բնապահպանական այլ խմբերի, նոր հէկի բացման արդյունքում լուրջ վնաս կհասցվի Պանկիսի կիրճի ամբողջ էկոհամակարգին, կպակասեն գյուղատնտեսության, արոտավայրերին հասնող և անձնական օգտագործման համար նախատեսված ջրերը, կտուժի նաև էկոտուրիզմը, քանի որ գետով անցնող ռաֆտինգի բոլոր ուղիները կդառնան անանցանելի հէկերի պատճառով։

Այսօր երեկոյան Թբիլիսիում պլանավորվում է անցկացնել զորակցության ևս մեկ ակցիա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։