HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ. «Մայիսից վերացվել է դաբրոների ինստիտուտը»

Խորհրդարանում քննարկվում է «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2018 թվականի գործունեության մասին» հաղորդումը։ ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանի խոսքով՝ 2018-ի դեկտեմբերի դրությամբ հանրապետությունում գործել է 100 հեռուստաընկերություն և 18 ռադիոընկերություն, դրանք այն հեռուստառադիոընկերություններն են, որոնք արտոնագիր են ստանում ՀՌԱՀ հանձնաժողովի կողմից և գտնվում են հանձնաժողովի կարգավորման ներքո, և ևս յոթ հեռուստառադիոընկերություն գործել են առանց լիցենզիայի։ Հակոբյանի խոսքով՝ 100 հեռուստաընկերություններից 35-ը վերգետնյա հեռարձակողներն են, բացի դրանից կա նաև 65 կաբելային հեռաձակում իրականացնող հեռուստաընկերություն։

«2018-ի արմատական փոփոխություններն անդրադարձան նաև մեդիաոլորտին, նախորդ տարվա մայիսից իսպառ վերացվեց այլ կենտրոնների կողմից կարգավորվող գործողությունները, ավելի ճիշտ՝ կոշտ միջամտությունը հեռուստառադիոընկերությունների և՛ խմբագրական, և՛ կադրային, և՛ ֆինանսական քաղաքականության վրա։ Մայիսից այս ոլորտը կարգավորող միակ մարմինը մեր հանձնաժողովն է, ինչը ավելացրեց մեր ծանրաբեռնվածությունը, բայց հստակություն մտցրեց այդ ոլորտում, մայիսից վերացվել է դաբրոների ինստիտուտը, երբ ցանկացած գործողություն համաձայնեցվում էր»,- ասաց Հակոբյանը։

«Օրենքի համաձայն՝ Հայաստանը պետք է ունենա երկու թվային մուլտիպլեքս, մեկը անվճար մուլտիպլեքսն է, և նախատեսված էր նաև մասնավոր մուլտիպլեքսի կառուցումը, որտեղ պետք է լինեին բոլոր հեռուստաընկերությունները, որոնք տեղ չեն գտել հանրային մուլտիպլեքսում։ Ըստ օրենքի՝ 2015-ից հանձնաժողովը հայտարարում է այդ մրցույթները, սակայն մասնակցության հայտ չի ստանում, դա այն պատճառով է, որ թվային մուլտիպլեքս կառուցելու պայմանները շահավետ չեն, և պարզ է, որ դա արվել է ժամանակին, որպեսզի պահպանվի հանրային մուլտիպլեքսի մենաշնորհը, և որը չէր նախատեսի մրցակցություն երկու մուլտիպլեքսի միջև, և այս սխալը պետք է շուտափույթ վերացվի»,- ասաց ՀՌՀ նախագահը։

Ըստ Հակոբյանի՝ հանձնաժողովը ստիպված է հանրային մուլտիպլեքսում ապահովել նաև օտարերկրյա հեռարձակողների մուտքը։

«Հայաստանը գրեթե միակ երկիրն է աշխարհում, որտեղ նման իրավիճակ կա, ոչ մի երկիր հանրային թվային մուլտիպլեքսում օտարերկրյա հեռարձակողների մուտքը չի թույլատրվում»,- ասաց նա։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, հղում կատարելով օրենքին, հիշեցրեց, որ հեռուստատեսության հիմնադիրներ չեն կարող լինել կուսակցությունները, պատգամավորները և նրանց հետ փոխկապացված անձինք։

«Կարո՞ղ եք այդ ամբիոնից հայտարարել, որ այս նորմը կիրառվում է»,- հարցրեց նա։

«Միանշանակ»,- արձագանքեց Հակոբյանը՝ հավելելով, որ հեռարձակող ընկերությունների հիմնադիրների մեջ չկա որևէ անձ, որը չհամապատասխանի այդ չափանիշներին։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն էլ հեռուստաընկերությունների անկախության հարցը բարձրացրեց։

«Ձեր խոսքում ասացիք, որ հեղափոխությունից հետո հեռուստատեսությունները ազատ են ու անկախ, համաձայն եմ, որ ազատ են, բայց խնդրում եմ պատասխանեք, թե որքանով են ուղղակիորեն կամ անուղղակիորեն անկախ այս կամ այն քաղաքական կենտրոններից»,- հարցրեց նա։

«Երբ ասում էի մայիսիսց անկախ էին ու ազատ, դա վերաբերում է ոչ թե բացարձակ անկախությանն ու ազատությանը, այլ ազատ են իշխանությունների միջամտությունից, ինչը նույն հեռարձակողներին զերծ չի պահում տարբեր տեսակի միջամտություններից, մենք խոսում ենք իշխանության ու մեդիայի հարաբերությունների մասին, բայց դա չի բացառում գովազդատուների և փայատերերի միջամտությունը, որը հանձնաժողովի լիազորություններից դուրս է, այլ բան է, որ հեռուստատեսության ղեկավարությունը գա մեզ մոտ ու ասի՝ միջամտում են իր աշխատանքին»,- ասաց Տիգրան Հակոբյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter