HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ցածր նշաձող սահմանելու իրավունք չունենք». շինարարություն կազմակերպելու նոր չափորոշիչներ կսահմանվեն

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ կենսապահովման ոլորտում գործունեություն իրականացնող «Վեոլիա Ջուր», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Գազպրոմ Արմենիա» ընկերություններին հանձնարարվել է վթարավերականգնողական աշխատանքների ժամանակ տարածքներում տեղադրել անհրաժեշտ նշաններ, գիշերային ժամերին լուսավորել, ինչպես նաև հատուկ ցուցատախտակի վրա նշել, թե որ ընկերությունն է իրականացնում աշխատանքները։ Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ «Վեոլիա Ջուր» ընկերությունը Երևանի քաղաքապետին է ներկայացրել կահավորման իր տարբերակը: Սա, ի դեպ, պայմանագրային պարտավորություն է:

«Ինձ դուր է գալիս, որ մենք գնում ենք այն ճանապարհով, որ մեր քաղաքը սիրուն կահավորած և, ամենակարևորը, անվտանգ լինի: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ շինարարությունների առումով Երևանը դարձնենք եվրոպական մակարդակի անվտանգ ու կահավորված քաղաք: Մենք դրանից ցածր նշաձող սահմանելու իրավունք չունենք, որովհետև արժանի ենք և պետք է ապրենք այդպիսի քաղաքում»,- նշել է քաղաքապետը:

Մայրաքաղաքում աղբահանության կազմակերպման ներկա վիճակը հնարավորինս շտկելու նպատակով տեղերում ինքնաթափ մեքենաներ են վարձվել, որոնք հնարավորին չափով մաքրում են այն աղբը, որը չի հասցնում մաքրել «Սանիթեք»-ը: Զեկուցվել է, որ Նոր Նորք և Աջափնյակ վարչական շրջաններում աղբահանությունն ապահովելու նպատակով Վաղարշապատի քաղաքապետարանից սանմաքրման 5 մեքենա է ուղարկվել Երևան, ևս 3-էլ տրամադարել է «Դավարս» ընկերությունը:

Մայրաքաղաքում միջազգային վարկային ծրագրերով իրականացվող աշխատանքների վերաբերյալ քաղաքապետին զեկուցել են, որ դրանք շարունակվում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Մասնավորապես՝ Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրով ընթացքում է Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարությունը: Արդեն իսկ կայացել է Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի շինարարության մրցույթը. ներկայումս հայտերը գնահատման փուլում են: Քաղաքային լուսավորության ծրագրով երկու փողոցներում առաջիկայում նախատեսվում է սկսել շինարարական աշխատանքները: Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրով Նուբարաշենի և Աջափնյակի աղբավայրերի փակման և Նուբարաշենում նոր աղբավայրի կառուցման մրցույթը հայտարարված է: Երևանի էներգաարդյունավետության ծրագրով ևս աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն. համայնքային շուրջ 48 մանկապարտեզ ամբողջովին կնորոգվի, իսկ մոտ 100 նախակրթարաններում կիրականացվեն էներգաարդյունավետության միջոցառումներ:

Պատրաստ է նաև ապրիլի 27-ին նշվող քաղաքացու օրվա միջոցառումների ծրագիրը: Քաղաքապետին զեկուցվել է, որ մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում կլինեն համերգային ծրագրեր, իսկ Սարյանի անվան պուրակում կկազմակերպվի նաև ծառատունկ: 

Զեկուցվել է նաև, որ, ապրիլի 24-ին ընդառաջ, միջոցներ են ձեռնարկվել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից տարածքի բարեկարգման, մաքրման, ինչպես նաև կանաչ գոտիները խնամելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter