HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Փառանձեմ Մեյթիխանյանը հիշեց, որ ամբաստանյալ Խաչիկ Կոսյանի պաշտպանն ամուսնու սպանությունից հետո եղել է իր տանը

Նուբարաշենի խճուղում Եղիշե Խաչատրյանի սպանության գործով ամբաստանյալ Խաչիկ Կոսյանի համար գործում նոր պաշտպան է ներգրավվել՝  Սուսաննա Սարգսյանը: Եղիշե Խաչատրյանի կինը՝ Փառանձեմ Մեյթիխանյանը, նրան տեսնելով, հիշեց, որ ամուսնու սպանությունից որոշ ժամանակ անց Սարգսյանը դստեր գիտելիքները ստուգելու նպատակով այցելել է իրենց տուն, ասել, որ փաստաբան է, խոսել ամուսնու սպանության գործի մասին, իրավաբանական խորհրդատվություն տվել իրեն ու հարց բարձրացրեց, թե արդյոք դատարանը նման հանգամանքների առկայության պայմաններում նպատակահարմար գտնո՞ւմ է Սարգսյանին ներգրավել իբրև Խաչիկ Կոսյանի շահերի պաշտպան:

Մեյթիխանյանի խոսքով՝ իր և Սուսաննա Սարգսյանի միջև ծավալուն խոսակցություն է տեղի ունեցել և վերջինս բավականաչափ տեղեկությունների է տիրապետում: Ըստ  տուժողի՝ Սուսաննա Սարգսյանն ասել է նաև, որ ճանաչում է Կոսյանի ընտանիքին, հավատում է, որ նա կատարել է իրեն վերագրվող հանցանքը: Դեպքից հետո Խաչիկ Կոսյանի հայրը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտարարել է, որ եթե ապացուցվի, որ որդին կատարել է իրեն վերագրվող արարքը, ապա ինքը կհրաժարվի նրանից:

Սուսաննա Սարգսյանն, ըստ Փառանձեմ Մեյթիխանյանի, անգամ այս հանգամանքն է մեկնաբանել ու նշել, որ Կոսյանի հայրն այդ հայտարարությունն արել է՝ իրենց պարտապաններին ասելու համար, որ եթե որդին դատապարտվի, իրենից ակնկալիք չունենան:

Փառանձեմ Մեյթիխանյանի ներկայացուցիչ Ինեսսա Պետրոսյանն էլ նշեց, որ Սուսաննա Սարգսյանը որոշակի ճշտումներ է կատարել գործի վերաբերյալ, և կարծիք հայտնեց, որ այստեղ նաև առերևույթ առկա է «Փաստաբանության մասին» օրենքի խախտում:

«Նա ասել է, որ փաստաբան է, տեղեկություններ է ստացել ու այժմ ցանկանում է պաշտպանել Կոսյանի շահերը»,- ասաց Ինեսսա Պետրոսյանը:

Սուսաննա Սարգսյանը չհերքեց, որ եղել է Փառանձեմ Մեյթիխանյանի տանը, սակայն պնդեց, որ ինքը իրավական խորհրդատվություն չի ցուցաբերել Փառանձեմ Մեյթիխանյանին, անգամ հորդորեց իրեն չզրպարտել:

«Ես հիշում եմ, որ Փառանձեմ Մեյթիխանյանը դժգոհում էր ամբաստանյալների պաշտպաններից, և ես նրան ասացի, որ դա պաշտպանական տակտիկա է»,- պատմեց Սուսաննա Սարգսյանը՝ նշելով, որ, ըստ էության, իրենց միջև բուն գործի հանգամանքների վերաբերյալ խոսակցություն չի եղել:

Ամբաստանյալների պաշտպաններից Լիպարիտ Սիմոնյանը հավանական չհամարեց, որ Ինեսսա Պետրոսյանի պես պրոֆեսիոնալ ներկայացուցիչ ունեցող Փառանձեմ Մեյթիխանյանը կարիք կունենար որևէ այլ փաստաբանի խորհրդատվության դիմելու:

Մեղադրող դատախազներից Հայկ Պետրոսյանը, Քրեական դատավարության օրենսգրքի համապատախան հոդվածին հղում տալով, նշեց, որ, պաշտպանը, ինչպես նաև տուժողի, քաղաքացիական հայցվորի և քաղաքացիական պատասխանողի ներկայացուցիչը չի կարող պաշտպանյալի կամ վստահորդի կողմից մասնակցել քրեական գործով վարույթին, եթե նա տվյալ գործով իրավաբանական օգնություն է ցույց տալիս կամ ցույց տվել այն անձին, որի շահերը հակասում են պաշտպանյալի կամ վստահորդի շահերին: Դատավոր Աննա Դանիբեկյանը հիշեցրեց, որ վերը նշված հիմքով պաշտպանին վարույթից հեռացնելը թույլատրվում է միայն պաշտպանյալի համաձայնությամբ: Կոսյանը, սակայն, պնդեց, թե ցանկանում է, որ իր շահերը ներկայացնի Սուսաննա Սարգսյանը:

Այսպիսով, դատարանը որոշեց պաշտպանին վարույթից չհեռացնել:

Նիստի ավարտից հետո մեզ հետ զրույցում Փառանձեմ Մեյթիխանյանը պատմեց, որ երբ Սուսաննա Սարգսյանը գնացել է իրենց տուն, ինքը չի իմացել, որ նա փաստաբան է, Սարգսյանն է ներկայացել:

«Ինքը ներկայացավ ու շատ անմիջական ասաց՝ ես քաջ ծանոթ եմ ձեր գործին, ես քաջ ծանոթ եմ այդ ընտանիքին: Երբ ինձ մոտ բերում են երեխա, ես երեխայի գիտելիքներն եմ ստուգում, իսկ երբ նա ասաց, որ փաստաբան է, շատ լավ ճանաչում է այդ ընտանիքին, հավատում է, որ Կոսյանը կկատարեր իրեն վերագրվող արարքը, ինձ համար հետաքրքիր էր լսել, թե ինքն ինչ է ասում, ու ես էլ եմ պատմել որոշ հանգամանքներ»,- ասաց Փառանձեմ Մեյթիխանյանը՝ շեշտելով, որ ինքն ընդամենը բարձրաձայնել է տեղի ունեցածի մասին, ու Խաչիկ Կոսյանը պետք է որոշի, թե որքանով է իր համար նպատակահարմար, որ իր շահերը պաշտպանի մի անձ, ով եկել է իր տուն և ասել այն ամենն, ինչի մասին ինքը դատարանում խոսեց:

«Ես առաջին օրվանից ազնիվ ու անաչառության մեծ հավատով հետևում և մասնակցում այս գործընթացին: Ես կորցրել եմ մի փայլուն մարդ, հայր, որդի ամբողջ մեր ընտանիքի համար, ու այո,  գուցե ես գործի բերումով շատ շատերին հանդիպած լինեմ, բայց նպատակը միայն մեկն է, որ իմանամ՝ իրականում ինչ է եղել ու ինչպես»,- մեզ հետ զրույցում ասաց Փառանձեմ Մեյթիխանյանը:

Նշենք, որ այսօրվա դատական նիստին Խաչիկ Կոսյանի պաշտպան Սուսաննա Սարգսյանը նրան կալանքից ազատելու միջնորդություն ներկայացրեց՝ առաջարկելով մինչև 10 մլն դրամ գումարի չափով գրավ:  Մեղադրող կողմն առարկեց միջնորդության դեմ՝ պատճառաբանելով, որ գործով բազմաթիվ վկաներ դեռևս չեն հարցաքննվել, և առկա է նրանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու վտանգ: Տուժողի ներկայացուցիչ Ինեսսա Պետրոսյանը ևս առարկեց՝ նշելով, որ անգամ հիմա, երբ ամբաստանյալները կալանքի տակ են, իրենք կարծում են, որ գործով վկաների վրա որոշակի ազդեցություն կա: Դատարանը, խորհրդակցական սենյակից վերադառնալով, մերժեց միջնորդությունը:

Եղիշե Խաչատրյանը սպանվել է 2016թ. հուլիսի 4-ին: Գործով մեղադրվում է 5 անձ՝ Արտաշես Չիչոյանը, Արարատ Նիկողոսյանը, Խաչիկ Կոսյանը, Արթուր Զաքարյանն ու Յուրի Հակոբյանը: Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ մասերով (սպանություն մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով) և 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով):

Ըստ մեղադրանքի` սպանված Եղիշե Խաչատրյանը երթևեկության կանոնները խախտելու համար նկատողություն է արել ամբաստանյալներ Յուրի Հակոբյանին, Արտաշես Չիչոյանին ու Արարատ Նիկողոսյանին, որից հետո վերջիններս նրան հայհոյել են, ծեծել, ապա դեպքի վայր են եկել Արթուր Զաքարյանը, Խաչիկ Կոսյանը և ինքնությունը չպարզված ևս մեկ անձ, ու ծեծկռտուքը շարունակվել է այնքան, մինչև Եղիշե Խաչատրյանը սպանվել է: Ըստ գործի նյութերի՝ դեպքի ժամանակ Եղիշե Խաչատրյանի հետ մեքենայում է եղել նաև նրա մայրը՝ Էմմա Աբրահամյանը, և միջադեպը տեղի է ունեցել մոր աչքի առաջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter