HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաստացի կրպակներ՝ շարժական կետերի անվան տակ. քաղաքապետարանը խստացնում է վերահսկողությունը

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարությամբ գույքագրվել են մայրաքաղաքում առկա շրջիկ առևտրի կետերը:

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ Երևանում գործունեություն է ծավալում նմանատիպ 47 մեքենա: Հարկ է նշել, որ քաղաքապետարանը շրջիկ մեքենաների անվտանգության նորմերի պահպանման, ջրահեռացման, էլեկտրաէներգիայի սնուցման լարանցումների օրինականությունը, ինչպես նաև դրանց համապատասխանությունն ու կահավորանքն ստուգելու նպատակով դիմել է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական հրդեհային անվտանգության, ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմիններին, ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը, ՀՀ ՃՈ-ը, ՀԷՑ-ին, ինչպես նաև «Էլեկտրատրանսպորտ» և «Երքաղլույս» ընկերություններին: Գույքագրման և համատեղ ստուգայցերից հետո առաջացել են հիմնավոր կասկածներ առ այն, որ շրջիկ առևտրի կետերն իրենց գործունեությունն իրականացնում են տեխնիկական անվտանգության և բնապահպանական նորմերի խախտմամբ: Զեկուցվել է նաև, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն արդեն իսկ ապամոնտաժել է անօրինական լարանցումները: 

«Մենք մի կողմից փորձում ենք ամբողջ քաղաքում կրպակները հանել, որոնք փաստացի խանգարում են Երևանի բնականոն զարգացմանը, մարդկանց տեղաշարժին, հիմա էլ այդ նույն կրպակներից դնում են մեր ավտոկայանատեղիների վայրերում: Շարժական առևտուրը հենց նրանով է շարժական, որ ամեն օր տարբեր վայրերում ես առևտուր իրականացնում: Եվ շարժական մեքենան, այո, որևէ լարանցում չպետք է ունենա: Այդ պարագայում ևս ստացվում է, որ եկել են կայանել երկարատև գործունեության համար: Ես լսել եմ, որ դժգոհություն կա տնտեսվարողների կողմից, բայց այդ դժգոհությունն ամենևին էլ տեղին չէ, որովհետև մենք թույլ չենք տալու, որ նոր կրպակներ առաջանան՝ այն էլ արդեն ավտոկայանատեղիներում: Ոչ մի տարբերություն չկա կցորդի և կրպակի միջև, որն ուղղակի անիվներ ունի: Մենք քաղաքը տանում ենք առաջ, չենք տանում հետ՝ 90-ականների, որ ով, որտեղ, ինչ ուզում, դնում էր և սկսում էր վաճառել»,- ընդգծել է Հայկ Մարությանը: 

Երևանում շրջիկ առևտրի կետերի գործունեությունը կանոնակարգելու նպատակով քաղաքապետարանը հանդես է եկել օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ: Օրենքի ընդունումից հետո ավագանին կտա բոլոր չափորոշիչները և գոտիավորումը, ինչպես նաև ժամերը և օրերը: 

Շրջիկ առևտրով զբաղվող տնտեսավարողներից մի քանիսն այսօր՝ խորհրդակցությունից հետո հանդիպել են առևտրի և սպասարկումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանին:

Անդրադառնալով շրջիկ մեքենաների լարանցումների ապամոնտաժմանը՝ տնտեսվարողները հետաքրքրվել են գործընթացի իրավաչափությամբ, նաև հարց բարձրացրել՝ արդյո՞ք հնարավոր չէր այն հետաձգել մինչև օրենսդրական փոփոխությունների կարգավորումը: Հովիկ Սաֆարյանն ընդգծել է, որ քաղաքապետարանը պատրաստակամ է աջակցել փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացմանը, սակայն ոչ անօրինական գործողությունների հաշվին, որոնք կարող են վտանգել քաղաքացիների կյանքն ու առողջությունը: 

Քաղաքապետարանը կոչ է անում ձեռնպահ մնալ շրջիկ առևտրի մեքենասարքավորումներ ձեռք բերելուց և գործունեություն ծավալելուց, քանի որ օրենքի փոփոխությունից հետո դրանք կարող են չհամապատասխանել նոր չափանիշներին և դրանք շահագործողները գործունեություն ծավալելու իրավունք չստանան, ինչի հետևանքով տնտեսվարողները, հնարավոր է, վնասներ կկրեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter