Հայկական աստղագիտությունը բարձր հորիզոնականում է
Շվեյցարիայի Ռոլ քաղաքում հունվարի 31-ից փետրվարի 2-ը տեղի է ունեցել Եվրոպական աստղագիտական ընկերության խորհրդակցություն (ԵԱԸ): Հայկական աստղագիտական ընկերությունը ևս դրան մասնակցել է: ՀԱԸ-ն ԵԱԸ-ին անդամագրվել է 2001թ., ներկայումս նրա կազմում կա 18 աստղագետ:
Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը լավ տպավորություններով է վերադարձել Եվրոպական աստղագիտական ընկերության խորհրդակցությունից: 21 երկրներից ժամանած 35 գիտնականներ ներկայացրել են վերջին 4 տարիներին աստղագիտության բնագավառում իրենց կատարած աշխատանքները: Աստղագետ Միաքայելյանի խոսքով՝ ԵԱԸ անդամ երկրների շարքում կատարած աշխատանքի ծավալով Հայաստանն առաջին տասնյակի վերին հորիզանականում է՝ 5-ից 6-րդ տեղումում:
«Եվրոպական աստղագիտությունը, եթե միացյալ վերցնեք, ապա այսօր շատ ավելի ուժեղ է, քան ամերիկյանը»,- համոզված է Ա. Միքայելյանը: Նրա կարծիքով՝ աստղագիտության բնագավառում այլ երկրների հետ համագործակցությունը թույլ է տալիս ավելի լավ ծրագրեր իրականացնել: Այդ պատճառով նա շատ է կարևորում, որ հայ գիտնակաները մեկնեն գործուղումների: Սեփական փորձից ելնելով՝ նա համոզվել է՝ եթե մեկ տարի գործուղուների չես գնում, ինքնաբերաբար հետ ես մնում մասնագիտական աճից: Իսկ չգնալու պատճառը հաճախ սեփական երկրի համապատասխան միջոցների բացակայությունն է:
Աստղագետի խոսքով՝ Եվրոպական աստղագիտական ընկերության խորհրդակցության ժամանակ իրենց զեկուցումներով աչքի ընկած պետություններն էին Մեծ Բրիտանիան և Գերմանիան: Իսկ Ռուսաստանի մասին մասնագետն ասում է. «Քանակապես վատ չի, քանի որ մեծ երկիր է և բազմաթիվ աստղադիտարաններ կան (ՌԴ-ում), բայց որակական առումով ցավալի վիճակ է»:
Եվրոպական աստղագիտական ընկերության խորհրդակցության ժամանակ քննարկվել է համագործակության արդյունավետությանը վերաբերող մի շարք հարցեր: Որոշվել է ավելացնել ԵԱԸ տարեկան համաժողովների բյուջեն և գիտնականների մասնակցության թիվը:
Սերբիան, Լեհաստանը, Չեխիան, Բուլղարիան ԵԱԸ անդամ այն երկրներն են, որոնք զիջում են մնացյալներին: Նրանք պարզապես ներկայացրել են իրենց երկրներում աստղագիտության վիճակը. «Նախկին սոցիալիստական ճամբարի երկրները զգալի զիջում են մնացած երկրներին: Կարծես թե քաղաքական կողմնորոշվածությունը ուղղակի ազդեցություն է ունեցել նաև նրանց գիտական վիճակի վրա»,- կարծում է Ա. Միքայելյանը:
Հայաստանում աստղագիտության խնդիրներից Ա. Միքայելյանին մտահոգում է պետական ֆինանսավորման չափը:
«Մի բան է գիտության որևէ ճյուղը զրոյից ֆինանսավորելը, ուրիշ՝ եղածին մի քիչ ավելի շատ ուշադրություն դարձնելը,- նշում է աստղագետն ու շարունակում,- գիտությանը հատկացվող ֆինանսներ աշխարհում շատ կան: Օրինակ՝ դրամաշնորհներ, որոնք նպատակ ունեն գիտությունը հանրամատչելի ու մասսայական դարձնել երկրում: Պարզապես պետք է ինքներս էլ պասիվ չլինենք»:
Հայկական աստղագիտական ընկերության ապագա ծրագրերը շատ են: Կարեւորներից մեկը, ըստ Միքայելյանի, Բյուրականի աստղադիտարանը աստղագիտության տարածաշրջանային կենտրոն դարձնելն է:
Նունե Հովսեփյան
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել