HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գագիկ Բաղդասարյան. «Ես եմ իրենց հեռացրել «Օրինաց երկրից», ոչ թե իրենք ինձ»

«Հետքի» հարցերին պատասխանում է քիչ առաջ պատգամավորի մանդատը վայր դրած, ՕԵԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Բաղդասարյանը:

Ձեր եւ «Օրինաց երկիր» կուսակցության միջեւ կա՞ն քաղաքական տարաձայնություններ:

Իմ եւ «Օրինաց երկիր» կուսակցության տարաձայնությունները սկսվեն են Երեւանի քաղաքի ընտրություններից առաջ՝ ՕԵԿ-ի բռնած դիրքից եւ վարած քաղաքականությունից: Սա նոր բան չէ:

Կմանրամասնե՞ք, թե ինչի մասին է խոսքը:

Կարող եմ նշել այն, թե ինչու այսօրվա 3 նախարարները «Օրինաց երկրի» քվոտայով դարձան նախարարներ: Ինչո՞ւ, ի՞նչ գործ ունեն ՕԵԿ-ի հետ, եթե Ազգային ժողովի ամբողջ պայքարը կրել են մարդիկ, ովքեր այսօր «Օրինաց երկիր» կուսակցությունում ընդհանրապես չկան: Մարդիկ, որոնք մեծամասնական ընտրակարգով առաջադրվել էին եւ պայքարում էին համամասնականի տեղերի համար: Նրանց 90 տոկոսն այսօր ՕԵԿ-ում գոյություն չունի, իսկ Արմեն Երիցյանը, Մանուկ Վարդանյանը, Սերգո Կարապետյանը ի՞նչ կապ են ունեցել ՕԵԿ-ի հետ 2007թ. ընտրությունների ժամանակ: Չէ՞ որ ուրիշ մարդիկ էին պայքարում, ընտրողները նրանց են վստահել, իրենց են քվե տվել, որ գնան Ազգային ժողով եւ իրենց խոստումները կատարեն եւ ոչ թե մարդկանց, որոնք չգիտես որտեղից հայտնվեցին ու դարձան նախարարներ, վարչության պետեր եւ այլ պաշտոնյաներ:

Հենց սրանք են եղել իմ ու ՕԵԿ-ի անհամաձայնությունը: Ես պաշտոնյա դառնալու ցանկություն չեմ ունեցել, խնդիրն այն է, թե ինչու է այս երկրում սկզբունք դարձել անազնվությունը, անպարկեշտությունը, որ այսօր էլ ՕԵԿ-ի հաղորդագրության մեջ մի տերմին են օգտագործել՝ «անպարկեշտություն», բայց այդ բառն ինձնից են սովորել «Օրինաց երկրում»: Հիմա այդ «անպարկեշտ» արտահայտությունը չոր կեղտի նման ինչքան էլ քսեն իմ վրա, չի կպնի: Անպարկեշտն իրենք են:

Ես այսօր էլ եմ «Օրինաց երկիր», բայց ոչ թե կուսակցությունից, այլ այդ գաղափարի կրողն եմ, իսկ իրենք դառնում են լրիվ, 100 տոկոսանոց Հանրապետական: Անկեղծ ասած՝ ես եմ իրենց հեռացրել «Օրինաց երկրից» ոչ թե իրենք ինձ:

Կարո՞ղ ենք ասել, որ պատգամավորական մանդատը վայր դնելով՝ հրաժեշտ եք տալիս քաղաքականությանը:

Չէ, ինչո՞ւ եմ հրաժեշտ տալիս, հակառակը՝ միգուցե ես նոր եմ սկսում քաղաքականությամբ զբաղվել: Գիտեմ՝ դժվար է լինելու, բայց կապ չունի: Ես 2007-ին էլ Աջափնյակում, որպես մեծամասնական թեկնածու, անարդարությունների դեմ էի պայքարում, որ այսօր «Օրինաց երկրում» է տեղի ունենում: Ես միշտ էլ պայքարել եմ մեր երկրի պայծառ ապագայի համար, որպեսզի մեր երկիրը մի քիչ դառնա օրենքի երկիր, ոչ թե «Օրինաց երկիր» կուսակցությունը դառնա իշխանության տեր եւ թռնի այս երկրի շալակը:

Այսինքն՝ առաջիկա ընտրություններին մասնակցելո՞ւ եք:

Դժվարանում եմ ասել՝ կմասնակցե՞մ, թե՞ ոչ: Քաղաքականությունն ինձ համար դարձել է անհրաժեշտություն, թթվածնի նման մի բան, եւ դժվար է քաղաքականությունից հետ կանգնելը:

Այսօր նայեցի «Ժամանակի միտք» թերթը եւ ինձ համար հետաքրքիր հայտնագործություն էր, որ սոցիոլոգիական հարցումներ է կատարել եւ Հայաստանի քաղաքական գործիչների 20 հոգուց բաղկացած ցուցակ էր հրապարակել, որը գլխավորում էր Սերժ Սարգսյանը, իսկ 20-րդ տեղում ես էի: Սա ինձ համար զարմանալի էր եւ հաճելի: Դա նշանակում է, որ ես ինչ-որ մի բան արել եմ իմ երկրի, հայրենիքի համար, որ իմ անունը հայտնվել է այդ ցուցակում, որտեղ չկա ոչ Բիշարյանը, ոչ էլ այսօրվա ՕԵԿ-ական կոչվող որեւէ մեկը: Թող ընտրողը դրանից եզրակացություն անի, թե ով է «Օրինաց երկիր» եւ ով ում է հեռացրել:

Այսօր ես իմ անհամաձայնությունը հայտնեցի խմբակցության ղեկավար «Էգ առյուծին» եւ գիտեք ի՞նչ է ասում՝ «ինչո՞ւ ես դու երեկ դեմ քվեարկել խմբակցության որոշմանը»: Ասում եմ՝ ի՞նչ խմբակցություն, ինչի՞ մասին ես խոսում, եթե դու խմբակցություն ունես, դա ուրիշ բան, բայց ի՞նչ խմբակցության մասին ես խոսում, երբ ոչ մի քննարկում ու խոսակցություն չի եղել: Ես քվեարկել եմ իմ խղճի ու համոզմունքների համաձայն, ինչպես պարտավոր է անել յուրաքանչյուր պատգամավոր, ոչ թե քո հրահանգներով, տիկին Բիշարյան: Դու ո՞վ ես, որ ինձ հրահանգ տաս:

Դրա համար երեկվա ամսաթվով ինչ-որ բաներ են գրել եւ արագ տեմպերով ինձ հեռացրել են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter