«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի Կենտրոն կայանն ամբողջությամբ արդիականացվել է
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն այցելել են Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի Կենտրոն կայան և ծանոթացել 2011թ. ընթացքում կատարված արդիականացման ծրագրի աշխատանքների արդյունքներին:
Քաղաքապետն ու նախարարը նախ ծանոթացել են մեքենաների պարկին, որից հետո նրանց ներկայացվել է գծային և վերակենդանացման համար անհրաժեշտ բժշկական սարքավորումներով հագեցած և ամբողջովին նորացված մեքենաների աշխատանքային հնարավորությունները:
«Շտապօգնության ծառայության սպասարկման որակի բարձրացումը մեր առաջնահերթություններից է, և մենք շարունակելու ենք այս օղակում բարելավման ու արդիականացման աշխատանքները: Վստահ եմ՝ ակտիվորեն համագործակցելով արտակարգ իրավիճակների նախարարության հետ՝ մենք էլ ավելի արդյունավետ կդարձնենք այս օղակի աշխատանքը»,- նշել է քաղաքապետը:
Այնուհետ Տարոն Մարգարյանն ու Արմեն Երիցյանը շրջել են կայանի ամբողջությամբ վերանորոգված և վերազինված սենյակներով: Այստեղ հյուրերին ծանոթացրել են «1-03» օպերատիվ ծառայության արդիականացման ուղղությամբ արդեն ձեռնարկված ու կիրառվող ժամանակակից հնարավորություններին, այդ թվում՝ շտապօգնության մեքենաներում GPS համակարգի տեղադրման, դրանց տեղաշարժի առցանց վերահսկման, ինչպես նաև շտապբուժօգնության ծառայության և ենթակայանների միջև համակարգչային կապի ապահովման ծրագրերին:
Նշվել է նաև, որ վերջին մեկ տարվա ընթացքում բուժանձնակազմի ավելի քան 400 աշխատակիցներ, այդ թվում՝ բժիշկներ, բուժքույրեր, վարորդներ ու կարգավարներ, անցել են մասնագիտական վերապատրաստման դասընթացներ: Բուժանձնակազմն ապահոված է նաև ձմեռային և ամառային հատուկ համազգեստներով:
Քաղաքացիների կանչերի արագ սպասարկման նպատակով վերջերս Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շտապօգնության ծառայության հենակետային կայաններ բացվեցին նաև Ավան և Նուբարաշեն վարչական շրջաններում: այս մասին հայտնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել