HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Սրտի աշխատանքը գրանցող սարքերը Հայաստանում չեն ստուգվում. ահազանգ

Բանակ զորակոչվելուց առաջ զինծառայողները համալիր ստուգում են անցնում, իսկ սրտի գանգատներ ունեցողները` հոլտեր մոնիտորինգի հետազոտություն: Այդ հետազոտություններն իրականացվում են սարքերով, որոնք չեն ստուգվում Հայաստանում, իսկ սարքերի արձանագրած տվյալները չեն կարող արժանահավատ լինել՝ զինծառայողը հիվա՞նդ է, թե՞ հիվանդ չէ:

Հոլտեր մոնիտորինգը սրտի աշխատանքի երկարատև՝ 24-ժամյա անընդհատ գրանցումն է: Հիվանդի կրծքավանդակի մաշկի վրա տեղադրվում են կլոր փոքր էլեկտրոդներ, որոնք լարերով միացած են փոքր սարքին, որն էլ 24 ժամվա ընթացքում գրանցում է սրտի աշխատանքը: Այս հետազոտությունը բժշկին թույլ է տալիս վերլուծելով սրտի 24-ժամյա աշխատանքը` հասկանալ պացիենտի մոտ օրվա ընթացքում գրանցվող գլխապտույտի, սրտխփոցի կամ սրտի անկանոն աշխատանքի զգացողության, այլ նմանատիպ գանգատների և սրտի աշխատանքի միջև կապը: Սրտի աշխատանքի անընդհատ գրանցումը թույլ է տալիս հայտնաբերել սրտի ռիթմի և հաղորդականության խանգարումները, ինչպես նաև տրամադրել սրտամկանի թերսնուցման վերաբերյալ օգտակար տվյալներ:

Փաստաբան Տիգրան Գրիգորյանն իր գործունեության ընթացքում պարզել է, որ բժշկական հաստատություններում զինակոչիկների հոլտեր հետազոտությունների մեծ մասն իրականացվում է տարբեր տարեթվերի արտադրության /մինչև 10 տարի/, տարբեր տեխնիկական բնութագրեր ունեցող, առանց գործարանային փաստաթղթերի հոլտեր մոնիտորինգ սարքերով:

«Դրանց մի մասն իրենց հնության և մաշվածության պատճառով ակնհայտորեն չեն համապատասխանում ոչ մի միջազգային ստանդարտի, սակայն դրանցով ստացված հետազոտության արդյունքներով կատարվում են բժշկական նշանակումներ, կամ ստացված հետազոտության արդյունքները քրեական գործերով հիմք են հանդիսանում և զինակոչիկների համար առաջացնում են այս կամ այն  իրավական հետևանքները, ինչն անթույլատրելի է: Հենց այդ պատճառով էլ մեկ օրվա տարբերությամբ անցկացված հոլտեր հետազոտությունների արդյունքները էականորեն տարբերվում են նախորդ հետազոտությամբ ստացված արդյունքներից, և անհասկանալի է դառնում, թե ո՛ր սարքն է ճշգրիտ աշխատում, և արդյո՞ք ստացված տվյալն ամբողջական և ճիշտ արտացոլում է զինակոչիկի հիվանդությունը, թե՝ ոչ»,- նկատում է փաստաբանը:

Կատավարության 2018թ. 404-Ն որոշումը սահմանում է զինծառայողների պիտանիությունը որոշող հիվանդությունների ցանկը: Սա այն ցանկն է, որտեղ առկա հիվանդություններն ունեցող քաղաքացիներն ազատվում են զինվորական ծառայությունից կամ մեկնում են ծառայության որոշակի սահմանափակումներով: Որոշման մեջ նշված է, որ սրտի ռիթմի և հաղորդականության խանգարում ունեցող անձինք պետք է հետազոտվեն պարտադիր 24-ժամյա հոլտեր-մոնիտորինգի կատարումով: Որոշումից բերենք մի օրինակ՝ եթե ըստ հոլտեր-մոնիտորինգի առկա է հաճախակի մոնոմորֆ փորոքային և վերփորոքային էքստրասիստոլիա, ապա զորակոչիկներին տրվում է տարկետում մինչև 12 ամիս: Այսինքն` սրտային հիվանդությունները պարզելու համար հոլտեր-մոնիտորինգի դերը կարևոր է:

Փաստաբանը, փորձելով հասկանալ խնդրի պատճառները, հարցումներ է ուղարկել «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲ և «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերություններ՝ հոլտեր սարքի և հոլտեր մոնիտորինգ հետազոտության վերաբերյալ ամբողջական տեղեկություն ստանալու համար: Ստացված պատախանների համաձայն՝ հոլտեր մոնիտորինգ սարքն ունի չափագիտական բնութագրեր և ենթակա է պարբերաբար և պարտադիր ստուգաչափման: «Ամենազավեշտալին այն է, որ 2013թ. հունվարի 1-ից մինչև 2018թ. նոյեմբերի 1-ի դրությամբ,  Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բուժհաստատությունների կողմից ընդամենը ստուգաչափվել է 3 միավոր սարք, որոնցից 1 միավորը՝ 27.06.2016թ. և 2 միավորը՝ 25.01.2018թ.»,- նշեց Տիգրան Գրիգորյանը:

Սրտի հոլտեր մոնիտորինգ հետազոտություններ ապահովող հոլտեր մնիտորինգ սարքերին կամ բուն հետազոտությանը վերաբերող ազգային ստանդարտներ «Ստանդարտների ազգային իսնտիտուտ» ՓԲԸ-ն չի ընդունել: Այս մասին մեր գրավոր հարցման ի պատասխան` հայտնել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության «Ստանդարտների ազգային իսնտիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն Մեսրոպ Բզնունին: Այսինքն, չկա այնպիսի ստանդարտ, որին պետք է համապատասխանի հոլտեր մնիտորինգի սարքը: Կառավարությունը 2016թ. «113-Ն» որոշմամբ սահմանել է չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցների ցանկը: Այդ ցանկում որևէ նշում չկա սրտի աշխատանքը ստուգող հոլտեր մոնիտորինգի սարքի մասին:

Մինչդեռ «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ն ազգային ստանդարտի բացակայության պայմաններում վերջին 3 տարվա ընթացքում ստուգել է հոլտեր մոնիտորինգի ընդամենը 3 սարք: Մեկը եղել է Կապանի բժաշկական կենտրոնում, 2-ը՝ «Էրեբունի» ԲԿ-ում: Թե ինչ հիմքով են չափագիտության ենթարկել այդ սարքերը, «Չափագիտության ազգային ինստիտուտ»-ի տնօրենի պաշտոնակատար Հայկ Ստեփանյանը տալիս է հետեւյալ բացատրությունը. «Հոլտեր մոնիտորինգը համընդհանուր ձևակերպում է, որը ներառում է էլեկտրոֆիզիոլոգիական և գործիքային ախտորոշումը, հոլտերը սրտի աշխատանքի, սրտագրման երկարատև գրանցում կատարող սարքավորում է, որն անվանում են նաև էլեկտրասրտագրման ամբուլատոր մոնիտորինգ, ունի չափագիտական բնութագիր»:

Փաստաբանի խոսքով, ստացվում է, որ Հայաստանի տարածքում գործող այդքան մեծ քանակի բժշկական հաստատություններում փաստացի եղած մեծաթիվ հոլտեր մոնիտորինգ սարքերը երբևէ չեն ստուգաչափվել, չեն վերահսկվել: «Մյուս ցավալի հարցն այն է, որ մինչ օրս սրտի հոլտեր մոնիտորինգ հետազոտություններ իրականացնող սարքերին կամ բուն հետազոտությանը վերաբերող ազգային ստանդարտներ չեն ընդունվել, իսկ բուժհաստատությունները փաստացի հոլտեր հետազոտություններն անցկացնում են ինչ-որ մեթոդիկայով, որի վերաբերյալ չկա ընդունված ոչ մի իրավական ակտ: Հոլտեր մոնիտորինգ սարքերի վերաբերյալ ազգային ստանդարտների բացակայությունը, մասնավորապես` տվյալ սարքերի համար տեխնիկական հստակ բնութագրերի պահանջների բացակայությունը, անցկացվող հոլտեր հետազոտության հստակ կարգի բացակայությունը առաջացնում են մի իրավիճակ, երբ հետազոտությունները փաստացի անցկացվում են անհայտ արտադրության, անհայտ տեխնիկական բնութագիր ունեցող, ստուգաչափում չանցած սարքերով, որոնցով իրականացված հետազոտությունների արդյունքները չեն կարող լինել ճշգրիտ և արժանահավատ»,- ասում է Տիգրան Գրիգորյանը՝ հավելելով, որ խնդրի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter