HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյուլագարակ համայնքի բնակավայրերում շարունակվում է թռչունների անկումը

Գյուլագարակ համայնքի բնակավայրերում շարունակվում է թռչունների անկումը: Կուրթանցի Վահե Խաչիկյանը ապրիլի 15-ին ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է Կուրթանում հավերի համատարած անկման մասին։ «Իմացա, որ ոչ միայն մեր հավերն են սատկում, այլ գրեթե ամբողջ գյուղինն են վախճանվել։ Ասում են՝ կողքի գյուղերում էլ է այս հիվանդությունը տարածված»,- հայտնել է Վահեն։  

Ապրիլի 22-ին Կուրթանում Վահեի հայրը՝ Վահագն Խաչիկյանը, մեզ պատմեց, որ մեկ ամիս առաջ է սկսվել իրենց հավերի անկումը, սակայն այսօր էլ նույն ձևով Կուրթանի հավերը սատկում են: «Մեր գյուղում մոտ 500 տնտեսություն կա: Սա բազմապատկի ամենաքիչը 10 անգամ: Հա, Կուրթանը 5 հազար հավի անկում է ունեցել: Մեր 48 հավն է սատկել, հարևանինը՝ մի 30 հատ: Անասնաբույժը եկել, տեսել է: Սատկած մեր երկու հավը վերցրեց, տարավ»,- պատմեց Վահագն Խաչիկյանը:

Վահեի մայրը՝ Օվսաննան, պատմեց, որ Կուրթանում թռչունների անկումը սկսվել է Նոր տարուց առաջ: «Անկախության տարիներին մի անգամ են մեր հավերին պատվաստել: Մտածում էինք, որ ձյուն կգա, հավերի անկումը կվերանա, բայց դե ձյունն էլ չօգնեց: Կուրթանի գերեզմանների մոտ գտնվող թաղում հավերի մեծամասնությունը սատկել է»,- պատմեց Օվսաննան:

«Իմ կարծիքով Կուրթանի ամեն տունը ամենաքիչը միջինը 10 թռչունի անկում կունենա: Մեր հավերից 18-ը սատկել են: Մեր հավերի անկումը սկսվել է մի 15 օր առաջ: Հիմա էլի շարունակվում է: Մեր թաղումը էլ հավ չկա»,- ասաց Նելլի Սինդոյանը: Վարչական ներկայացուցիչ Նարեկ Նալբանդյանի խոսքով՝ Կուրթանում ամեն տարի գրանցվել է թռչունների անկում, սակայն այս տարի թիվը շատ մեծ է:

Ն. Նալբանդյանը դա բացատրեց գյուղի անասնաբույժի պարտականությունների նվազմամբ: «Նրանք միայն վակցինաներով են զբաղվում: Հիմա ինչ-որ բան փոխվել է, անասնաբույժները վճարվում են համայնքապետարանի կողմից, սակայն շարունակում է նրանց պարտականություններից դուրս մնալ թռչունների վտանգավոր հիվանդությունների բուժումն ու դրանց վտանգների մասին գյուղացիների իրազեկումը»: Նարեկ Նալբանդյանն առաջարկում էր հավերի այս հիվանդությունը ընդգրկել թռչունների՝ պետության կողմից պատվիրակված հիվանդությունների բուժման ցանկում: Լոռու մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի պաշտոնակատար Արտյոմ Շահվերդյանը «Հետքին« հայտնեց, որ Լոռու մարզում թռչունների անկման մասին մեկ շաբաթ առաջ են տեղեկացել:

Ա. Շահվերդյանի խոսքով` այդ մասին գրավոր տեղեկացրել է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Լոռու մարզային կենտրոնի պետ Կամո Սողոյանին: Մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունում ասացին հավերի անկման մասին այլ տեղեկություն չունեն: Կուրթան համայնքը ընդգրկված է խոշորացված Գյուլագարակ համայնքի կազմում: Այստեղ էլ համայնքի ղեկավարի տեղակալ Ռաֆիկ Վարդանյանը մեզ բացատրեց, որ թռչունների անկումը սկսվել է բնակչության կողմից թռչուններին չպատվաստելու պատճառով: «Ամեն տարի էլ թռչունների անկում է լինում, մեր լեզվով ազար են ասում: Եթե այդ սրսկումները գյուղացիները ժամանակին կատարում են, լավ է լինում: Օրինակ, ժամանակ լինում է՝ բժիշկը ուզում է միջոցառում անի, թռչունի տերը չի համաձայնում: Ասենք հավերի ձու ածելու շրջանում ասում են, որ հավերին սրսկում են՝ ձվակտրվում են»,- բացատրեց Ռ. Վարդանյանը:

Վերջինս նաև հայտնեց, որ օրենքով հավերի անկման դեպքում գյուղացին ինքը պետք է դիմի, որ համայնքապետարանից մարդ գնա, տեսնի ու ծխագրքից սատկած հավերին հանի: Ռ. Վարդանյանի ասելով՝ հավատերերը զլացել են, իրենց սատկած հավերի մասին համայնքապետարանին չեն տեղեկացրել: Համայնքապետարանի ծխագրքի գրանցումների համաձայն՝ Գյուլագարակում այս պահին 4136 թռչուն է հաշվառված: Դրանցից 3599-ը ձվատու հավեր են:

Անասնաբույժ Մարտուն Դավոյանի ասելով՝ թռչունների անկում է տեղի ունեցել ոչ միայն Գյուլագարակում, այլ խոշորացված համայնքի մյուս բնակավարերում: Անասնաբույժը հայտնեց, որ Գյուլագարակում թռչուններին պատվաստել է միայն ժանտախտի դեմ: Անասնաբույժը պատմեց, որ թռչունների անկման պատճառը պարզելու համար երկու սատկած հավ են ուղարկել Երևան՝ լաբորատորիա, այնտեղից ուղարկած պատասխանում հավերի ժանտախտը բացառվել է:

Ախտանատոմիական հետազոտությունները տվել են հետևյալ արդյունքները. «Հավերի կատարները կապտած են: Գեղձային, մկանային ստամոքսի կուտիկուլայի տակ, աղետրակտի լորձաթաղանթում և կույր աղիքի նշիկներում կան արյունազեղումներ: Աղիներում հայտնաբերվել են կլոր որդեր: Հավերի մոտ հայտնաբերվել է նաև դեղնուցային պերիտոնիտ»:

Մարտուն Դավոյանի խոսքով՝ Գյուլագարակում թռչունների անկումը շատ չի եղել, մոտավորապես՝ 500-600 թռչուն: Մ. Դավոյանի ասելով՝ լաբորատոր հետազոտությամբ հավերի բացահայտված հիվանդության համար ինքը պարտավորություն չի ունեցել պատվաստում անելու, որովհետև իրեն դեղորայքով չեն ապահովել: «Թռչնատերերը գնացել են, ինչ-որ վիտամիններ են առել: Հիմա այս պահին չկա թռչունների անկում»,- ասաց նա:

Գյուլագարակում և համայնքի մյուս բնակավայրերում թռչունների անկումը կանխելու համար անասնաբուժական որևէ միջոցառում չի ձեռնարկվում նաև այսօր: Անահիտ Մեսրոպյանի ասելով՝ առաջներում հավերի անկումը 1 -2 ամիս տևում ու անցնում էր: Նա ասում է, որ հավերի անկումն ավելի շատ է, քան ներկայացնում է անասնաբույժը:

«Մեր գյուղացի Հովիկ Շահինյանը 300 հատ ճուտ էր պահում, արդեն երևի 2 ամսական ճուտեր էին, դեն գցելու բաներ դարձան, ոչ ուտելու էր, ոչ էլ՝ պահելու: Հովիկի 300 ճուտերը լրիվ սատկեցին: Հովիկը մոր հետ է ապրում, որոշել էր, որ էդ ճանապարհով իրեն համար եկամուտ ստեղծի: Մեր հարևաններից Մուրադյան Գևորգը 50 հատ հավ է կորցրել: Եվ այդպես գյուղում շատ մարդիկ կան: Հիմա շարունակվում է հավերի անկումը: Այս հիվանդությունը կանխելու ելքը պետք է գտնվի: Անասնաբույժները պետք է միջոցներ ձեռնարկեն, որ մարդիկ չտուժեն: Գիտեք՝ ընտանիք կա, որ հավերի ձուն հավաքում, տանում է խանութ՝ այդ օրվա իր ընտանիքի սնունդը ձեռք բերելու համար փոխանակելու: Այ, էդ ընտանիքները շատ են տուժում: Անկման արդյունքում կորցնում են և՛ ձուն, և՛ հավը»,- ասում է Անահիտ Մեսրոպյանը: Գյուլագարակցի Հերիքնազ Մինասյանը 23 հավ ունի, գարնան սկզբին նա իր հավերին սրսկել է տվել: «Տեգրս էր առել դեղերը, չգիտեմ՝ ինչ դեղեր էր»,- պատմեց Հերիքնազը:

Գյուլագարակի համայնքապետարանում հստակ չգիտեն, թե որքան հավ է սատկել համայնքի բնակավայրերում: Ամրակից գյուղի վարչական ներկայացուցիչ Արթուր Ներկարարյանը մեզ հայտնեց, թե տեղեկություն չունի հավերի անկումից: Պուշկինո գյուղի վարչական ներկայացուցիչ Սուրիկ Ավետիսյանի ասելով՝ մարտ ամսին շատ հավեր են սատկել Պուշկինոյում, բայց թվերից ինքը տեղյակ չէ: Հոբարձի գյուղի վարչական ներկայացուցիչ Գագիկ Ղարաջյանի ասելով՝ մոտ 70 հավ է սատկել իրենց գյուղում: Գարգառի վարչական ներկայացուցիչ Կարեն Զալինյանի խոսքով՝ հատուկենտ հավեր են սատկել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter