Ամփոփվել են ԱԻՆ Երևանի ստորաբաժանումների 2011թ. կատարած աշխատանքները
Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Երևանի տարածքում գործող ստորաբաժանումների 2011թ. ընթացքում կատարած աշխատանքների արդյունքների ամփոփիչ նիստը, որին մասնակցել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:
ԱԻՆ Երևանի փրկարարական վարչության, Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության, «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայության», Հիդրոմետի, «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի» և «Հատուկ լեռնափրկարար ծառայության» ղեկավարները հանդես են եկել կատարած աշխատանքների վերաբերյալ ամփոփիչ զեկույցներով`նշելով, որ շարունակական աշխատանքներ են տարվում մայրաքաղաքի բնակչության անվտանգության և անհատական պաշտպանության ապահովման ուղղությամբ:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել ԱԻՆ ստորաբաժանումներին՝ քաղաքապետարանի և վարչական շրջանների հետ համատեղ աշխատանքի համար և բարձր է գնահատել աշխատակիցների մասնագիտական պատրաստվածությունն ու ձեռքբերումները` նշելով, որ Երևանի քաղաքապետարանը կշարունակի գործուն աջակցություն ցուցաբերել ոլորտին առնչվող աշխատանքներում:
«Տարեցտարի մեր համագործակցությունն ավելի է ընդլայնվում և ամրապնդվում: 2012 թվականի մեր անելիքնեը շատ են և վստահ եմ, որ սերտ համագործակցության շնորհիվ ծառացած խնդիրները հնարավոր կլինի լուծել առավել արագ և օպերատիվ»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Ամփոփելով և գնահատելով կատարված աշխատանքները` արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը նշել է, որ ոլորտում դեռ շատ անելիքներ կան ծառայությունների որակը բարելավելու և միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու ուղղությամբ և շնորհակալություն է հայտնել քաղաքապետարանին աջակցության համար:
Արտակարգ իրավիճակների նախարարության Երևանի տարածքում գործող ստորաբաժանումների մի շարք աշխատակիցներ 2011 թ. գործունեության ընթացքում ձեռք բերված բարձ ցուցանիշների, արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառում դրսևորած կարևորագույն առաջադրանքների կատարման համար խրախուսվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով և շնորհակալագրերով: Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել