HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի ճեպազրույցը լրագրողների հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 104-րդ տարելիցի օրը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էր այցելել նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: ԱԳՆ լրատվական ծառայությունը ներկայացրել է նախարարի ճեպազրույցը լրագրողների հետ:

Զոհրաբ Մնացականյան: Ամենակարևոր պատգամն այն է, որ արդարությունը վերականգնելու վճռականությունը երբեք չի կորչում, առավել ևս, երբ արդարությունը ժխտված է:

Հարց: Պարոն Մնացականյան, 100-տարի անց ինչո՞վ եք բացատրում Անկարայի ժխտողականությունը։

Զոհրաբ Մնացականյան: Ամենաբարդ հարցն եք տալիս, որովհետև ուղղակի չի տեղավորվում, թե որքանով է անհնար  այդ քայլն անելը, որքանով է պատմության հետ առերեսվելը, այդ համարձակությունն ունենալը, մարդկության հանդեպ այդ պատասխանատվությունն ունենալը խոչընդոտ իշխանությունների համար: Դա ամենամեծ խնդիրն է, ամենամեծ հարցն է. եթե որևէ մեկն այդ պատասխանն ունի... Բայց սա նաև ցեղասպանությունը հաղթահարելու պատգամ է, մենք որպես ժողովուրդ ցեղասպանությունը հաղթահարել ենք։

Հարց: Պարոն նախարար, միջազգային ճանաչման պրոցեսը կարծես թե կանգ է առել:

Զոհրաբ Մնացականյան: Ինչպե՞ս կարող է կանգ առնել: Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը ոչ միայն ուղղակի քայլ է մեր արդարությունը ճանաչելու, այլ նաև քայլ է ցեղասպանությունները կանխարգելելու ուղղությամբ, որովհետև դա պատգամ է, որ անպատժելիությունը չի աշխատելու:

Հարց: Հաշվի առնելով Հայաստանի միջազգային այս աննախադեպ բարձր հեղինակությունը, լեգիտիմությունը՝ հնարավո՞ր է Երևանը հաշտեցման նոր գործընթաց սկսի, պարտադրի Անկարային բացել սահմանները։

Զոհրաբ Մնացականյան: Դժբախտաբար, վստահ եմ՝ լսում եք և հետևում եք այն ամենին, ինչ գալիս է պաշտոնական Անկարայից, և դրանք շատ հուսադրիչ չեն, ավելին` քննադատության են արժանի։

Հարց: Նախապայմա՞ն է Հայոց ցեղասպանության ճանաչումն այդ հարցում։

Զոհրաբ Մնացականյան: Մենք երբևէ չենք ասել, որ դա նախապայման է։

Հարց: Պարոն Մնացականյան, Նիդեռլանդներում կարծես օրինագիծ ընդունեցին, որտեղ ցեղասպանությունները ժխտելու գործընթացը քրեականացվում էր, բայց այնտեղ խոսք չկար Հայոց ցեղասպանության մասին:

Զոհրաբ Մնացականյան: Ես, ճիշտն ասած, չեմ տիրապետում նման տեղեկատվության, բայց ժխտողականության դեմ պայքարը եղել և մնում է մեզ համար ամենամեծ գերակայություններից մեկը: Եվ մենք արդեն 21 տարի է, ինչ միջազգային օրակարգում առաջ ենք տանում  ցեղասպանության կանխարգելման օրակարգը: Ցեղասպանություն կանխարգելելը միջազգային պարտավորություն է: Եվ միջազգային համակարգում այդ գործիքները, այդ կարողություններն ամրապնդելը, իրավական և գործնական հնարավորությունները զարգացնելը մշտական մարտահրավեր  և գործառույթ է: Դա շարունակական գործընթաց է, և մենք շարունակաբար աշխատելու ենք այդ ուղղությամբ: Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցավ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ գլոբալ ֆորումը: Դուք գիտեք, Հայաստանի նախաձեռնությամբ էր, որ դեկտեմբերի 9-ը հռչակվեց որպես ցեղասպանությունների զոհերի հիշատակի և ցեղասպանությունների կանխարգելման օր ՄԱԿ օրակարգում: Սա նույնպես Հայաստանի նախաձեռնությունն է: Դուք գիտեք, որ Հայաստանը մշտապես նորոգում է բանաձևերը, որոնք զարգացնում են կանխարգելմանն ուղղված միջազգային համագործակցության իրավական հիմքը: Եվ սա շարունակական գործընթաց է, որը երբևէ կանգ չի առնելու:

Ամեն անգամ մարդկությունը կանգնում և ասում է «այլևս երբեք», սակայն «այլևս երբեք»-ը նորից կրկնվում է: Մենք ուղղակի պարտավորված ենք մենք գիտենք գինը ցեղասպանության, մենք գիտենք, թե որքան ծանր է դա: Մեր ժողովրդի արդեն չորորդ-հինգերորդ սերունդ իր մեջ կրում է այդ ցավը, այդ դժբախտությունը: Եվ դա ի հայտ է բերում ամենակարևոր պատգամը, որ ժխտված, մերժված արդարությունը չի կարող կորել, անպատժելիությունը չի կարող ընդունելի լինել:

Հարց: Բաքվից տեղեկություններ են գալիս, որ Ալիև-Փաշինյան հանդիպումը տեղի է ունենալու Վաշինգտոնում։ Շտապե՞լ են, թե՞ սուտ է դա։

Զոհրաբ Մնացականյան: Ո՛չ, ներողություն, նման տեղեկություն չի եղել, չի հայտարարվել Ալիև-Փաշինյան հանդիպման մասին։ Գիտեք, որ մենք Մոսկվայում հանդիպել ենք ամսի 15-ին և քննարկել ենք, թե հաջորդ քայլն ինչպես է լինելու, և մոտավորապես ընդգծել ենք, թե որտեղ և երբ կարող է լինել։ Հիմա մենք քննարկել ենք։ Սա համանախագահներին և երկու նախարարներին է վերաբերում: Յուրաքանչյուրը պետք է ճշտի հանդիպումից հետո, թե ինչպես է հնարավոր ֆիքսել այդ ժամկետները, և հետո կհայտարարենք։ Գիտեք, որ հանդիպումները տեղի են ունենում տարբեր մայրաքաղաքներում՝ ներառյալ համանախագահ երկրների մայրաքաղաքները։ Բոլոր տարբերակները բաց են. ճիշտ կլինի, որ բոլորս պայմանավորվենք և հետո միասին հայտարարենք:

Հարց: Պարոն նախարար, Զախարովան ասում է, որ Ռուսաստանի առաջարկներով տարբերակն է հիմա բանակցային սեղանին, ենթադրաբար Լավրովի պլանը:

Զոհրաբ Մնացականյան: Այն, ինչ որ մենք ներկայացրել ենք հայտարարության մեջ, արտահայտում է այն, ինչը մենք ունենք: Լրացուցիչ մեկնաբանություն անելու կարիք չեմ ունեցել, որովհետև ամենն արտահայտված է փաստաթղթում, որի շուրջ մենք միասին համաձայնել ենք, և այս հայտարարությունը մեր միասնական սեփականությունն է: Այնտեղ ամենն ասված է, որ մենք քննարկել ենք կողմերի տարբեր մոտեցումները, դիրքորոշումները: Սա բնական է, սա փաստ է: Բայց որևէ փաստաթուղթ այսօր, այս փուլում չենք քննարկում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։