
Հայաստան ուղարկվող մարդասիրական օգնությունը նվազել է. որ երկրներից և ինչ է առաքվում
2018 թվականին մարդասիրական օգնության կարգով Հայաստան է ներմուծվել 87.4 մլն դոլարի (կամ 42.2 մլրդ դրամի) ապրանք։ Ինչպես վկայում են Վիճակագրական կոմիտեի տվյալները, 2017 թվականի համեմատ ստացված օգնության ծավալները նվազել են 13.1 %-ով։
Հայաստան ուղարկվող մարդասիրական օգնության կեսից ավելին դեղորայքն է։ Այն դասվում է «քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք» ապրանքախմբին, որի գծով նախորդ տարի ստացվել է 44.4 մլն դոլարի օգնություն։ Թեև Վիճակագրական ծառայության տվյալներում ապրանքների բացվածքը ներկայացված չէ 2018 թվականի կտրվածքով, սակայն նախորդ տարիների վիճակագրությունը փաստում է, որ այս ապրանքախմբի ներքո պետք է հասկանալ հիմնականում դեղորայքը։ Կրկին նախորդ տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանին մարդասիրական օգնության կարգով դեղորայք են ուղարկում Կանադան, Շվեյցարիան, Միացյալ Նահանգները, Միացյալ Թագավորությունը, Սինգապուրը, Գերմանիան, Հնդկաստանը և այլն։
Նշված 44.4 մլն դրամը 2017 թվականի համեմատ կրճատվել է 46.3 %-ով։ Հենց այս նվազմամբ է պայմանավորված մարդասիրական օգնության ընդհանուր ծավալի կրճատումը։
2018 թվականի տվյալներով Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ծավալում համեմատաբար մեծ է նաև տրանսպորտային միջոցների և տարբեր սարքերի ու ապարատների կշիռը։ Ընդ որում՝ տրանսպորտային միջոցների ծավալը 2017 թվականի համեմատ 36.1 անգամ աճել է ու հասել 13.5 մլն դոլարի։ Նույնքան է նաև սարքերի ու ապարատների ծավալը, որի պարագայում էլ աճը կազմել է 4.3 անգամ։ Նշենք, որ «սարքեր ու ապարատներ» ապրանքախումը ներառում է բազմատեսակ՝ օպտիկական, լուսանկարչական, կինոմատոգրաֆիական, չափիչ, վերահսկիչ, ճշգրիտ, բժշկական կամ վիրաբուժական սարքեր և ապարատներ։
Եվ մյուս՝ համեմատաբար խոշոր ապրանքախումբը «մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ» խումբն է։ Նախորդ տարի մարդասիրական օգնության կարգով այս ապրանքախմբի գծով Հայաստան է ներմուծվել 5.4 մլն դոլարի ապրանք՝ 31.9 %-ով ավելին, քան 2017 թվականին։
Հայաստան է ուղարկվել ևս 10.6 մլն դոլարի մարդասիրական օգնություն, որը ներառում է ինչպես սնունդ ու հագուստ, այնպես էլ՝ տարբեր արդյունաբերական ապրանքներ։
Օգնության մոտ 40 %-ը Միացյալ Նահանգներից է
Հայաստան ուղարկվող մարդասիրական օգնության 13.3 %-ը, 2018 թվականի տվյալներով, ԵՄ երկրներից է, 0.7%-ը՝ ԱՊՀ-ից և մնացած 86 %-ը բաժին է ընկել այլ երկրների։
Ամենամեծ ծավալի մարդասիրական օգնությունն ուղարկել է Միացյալ Նահանգները։ Ծավալը կազմել է 34.3 մլն դոլար կամ Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ամբողջ ծավալի 39.3 %-ը։ 2017-ի համեմատ ԱՄՆ-ից Հայաստան ուղարկվող մարդասիրական օգնության ծավալն աճել է 3.7 անգամ։
Զգալի աճել է նաև Չինաստանից ուղարկվող օգնության ծավալը՝ 3.5 անգամ և կազմել 19.7 մլն դոլար կամ Հայաստան ուղարկված օգնության ընդհանուր ծավալի 22.6 %-ը։
Եվ երրորդ ամենազգալի կշիռ (15.4) ունեցող երկիրը Շվեյցարիան է, որտեղից նախորդ տարի Հայաստան է ուղարկվել 13.5 մլն դոլարի մարդասիրական օգնություն՝ 57.1 %-ով ավել, քան 2017 թվականին։
Ինչպես տեսնում եք, այս երեք երկրների կշիռը միասին Հայաստան ներմուծված մարդասիրական օգնության ծավալում 77.3 % է:
Այս ցանկում կարելի է առանձնացնել նաև Գերմանիան (5.7%) և Հնդկաստանը (4.1%)։
Մարդասիրական օգնության ծավալները կրճատվել են նաև այս տարի
Ինչ վերաբերում է այս տարվան, ապա ըստ Վիճկոմիտեի վերջին տվյալների՝ հունվար-փետրվարին Հայաստան է ներմուծվել 5.8 մլն դոլարի մարդասիրական օգնություն, որը 2018 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ կրճատվել է 4.6 անգամ։ Այն մեծ մասամբ պայմանավորված է քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքի և սարքերի, ապարատների ծավալների նվազմամբ։
Կտրուկ պակասել է ԱՄՆ-ից ուղարկվող մարդասիրական օգնության ծավալը, ինչպես նաև՝ Շվեյցարիայից, Հնդկաստանից ու Չինաստանից։
Վերջին՝ առնվազն տասը տարիներին Հայաստան ուղարկվող մարդասիրական օգնության ծավալների դինամիկան անկայուն է։ Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2017 թվականին։ Այդ տարի օգնության ծավալները հասել են 100.5 մլն դոլարի՝ 2016 թվականի համեմատ աճելով 2.2 անգամ։
Մեկնաբանել