HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեխաների մուտքը մանկատներ կանխելու համար պետությունը կհամագործակցի «Բարի մամա» կազմակերպության հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի, Առողջապահության նախարարությունները և «Բարի մամա» հասարակական կազմակերպությունն այսօր ստորագրել են համագործակցության եռակողմ հուշագիր, որն ուղղված է մանկատներ երեխաների մուտքը կանխելուն և ընտանիքում ապրելու նրանց իրավունքի ապահովմանը: Այս մասին տեղեկացնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

«Այս հուշագրի ստորագրումը վերահաստատում է մեր և մեր գործընկերների պատրաստակամությունը՝ համատեղ ջանքերով նպաստել առողջական խնդիրներ ունեցող երեխաների մուտքը հաստատություններ կանխարգելելուն և երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովմանը: Կանխարգելումը չափազանց կարևոր է, որովհետև մանկատանը հայտնվելուց հետո երեխայի վերադարձն ընտանիք կրկնակի բարդանում է»,- եռակողմ հուշագրի ստորագրման ժամանակ ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Նախարարը նշել է, որ այս հարցում համագործակցությունը շատ կարևոր է, քանի որ պետությունը և հասարակության գերակշիռ մասը կարևորում են երեխայի՝ ընտանիքում, համայնքում ապրելու իրավունքը, ինչը, սակայն, շատ դեպքերում խոչընդոտվում է մի շարք դժվարություններով, որոնց հաղթահարումը հնարավոր կլինի միայն համատեղ ջանքերով՝ վերապատրաստումների, կարողությունների զարգացման, համայնքային ծառայությունների որակի բարելավման միջոցով:

«Այս հուշագրի ստորագրմամբ մենք սկսում ենք բարդ ու դժվարին գործընթաց: Մենք հանդիպելու ենք բազմաթիվ խոչընդոտների, բայց ես համոզված եմ՝ համատեղ ջանքերով մենք կկարողանանք հասնել շատ ավելի լուրջ, հիմնավոր արդյունքների, քան մեզանից յուրաքանչյուրը՝ առանձին-առանձին: Մեր կողմից ուզում եմ նշել, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն աստիճանաբար ավելացնելու է ընտանիքներին տրամադրվող աջակցության ծավալները, տրամադրվող ծառայությունների տեսակները, որպեսզի ընտանիքն իրեն միայնակ չզգա՝ իր խնդրի հետ առերեսվելիս»,- ասել է նախարարը:

Նա նաև նշել է, որ այս գործընթացում կարևոր է հասարակական կազմակերպությունների և անհատների կուտակած փորձը, որի կարող է դառնալ պետական քաղաքականության հիմք:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ քաղաքակիրթ աշխարհը ձգտում է ձերբազատվել հատուկ տիպի խնամքի հաստատություններից՝ հատկապես մանկատներից:

«Ես կարծում եմ, որ մեր պետական քաղաքականությունը ևս պետք է ուղղված լինի այն հեռանկարին, որ մեր երկրում չպետք է լինեն երեխաներ, ովքեր զրկված կլինեն ծնողական խնամքից: Այս հուշագրի շրջանակներում մենք փորձելու ենք սկիզբ դնել մի գործընթացի, որ երկար տարիներ թերացել է: Խոսքը ծննդատներում երեխաներից հրաժարվելու դեպքում ընտանիքներին աջակցության տրամադրումն է՝ հոգեբանական, սոցիալական և առողջապահական, որպեսզի նրանք վստահ լինեն, որ բավարար ուժեղ են՝ իրենց երեխային չլքելու համար: Հուշագրի շրջանակներում, «Բարի մամա» ՀԿ-ի աջակցությամբ վերապատրաստելու ենք բուժաշխատողներին, որպեսզի նրանք, ծնողների հետ ուղիղ աշխատանքի միջոցով, կարողանան օգնություն ցուցաբերել՝ որոշում կայացնելու գործընթացում: Բացի այդ, փորձելու ենք լուծել ժամանակավոր կացարանի հարցը, որպեսզի այն ծնողները, ովքեր այս կամ այն պատճառով չեն կարողանա վերադառնալ ընտանիք, կացարան ունենան»,- ասել է Արսեն Թորոսյանը:

«Բարի մամա» հասարակական կազմակերպությունը վերջին հինգ տարիներին կարողացել է կանխել 107 երեխաների մուտքը մանկատուն: Կազմակերպության ջանքերով ստեղծված «Բարի տնակում» այսօր ապրում է 4 կին՝ 6 երեխաների հետ: Նախարարներ Բաթոյանի և Թորոսյանի կարծիքով, այս թիվը չափազանց տպավորիչ է, իսկ կազմակերպության նման փորձը կարող է դառնալ պետական քաղաքականության լավ հիմք:

«Վերջին 5 տարիներին մեր կազմակերպությունը զբաղվել է երեխաների մուտքը մանկատներ կանխարգելելու, ընտանիքներին և երեխաներին աջակցելու գործով, սակայն այդ ամենն արվել է բացառապես կամավորական հիմունքներով: Այսօր՝ այս հուշագրի ստորագրմամբ, մենք թղթին ենք հանձնում բազմաթիվ կյանքեր, որ արդեն փոխվել են, և շատ երեխաների պատմություններ, ովքեր կարող են և պետք է ապրեն ընտանիքներում: Սա նշանակում է, որ մենք այլևս միայնակ չենք՝ այս ճանապարհին: Սա նաև նշանակում է, որ երեխաներն ու ընտանիքները կարող են հույս դնել պետության աջակցության վրա»,- ասել է «Բարի մամա» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Ադուլյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter