Տարոն Մարգարյանը հանդիպել է Ասիական Զարգացման բանկի ներկայացուցիչներին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Ասիական Զարգացման բանկի ներկայացուցիչները քննարկել են «Քաղաքաքային կայուն զարգացման» ծրագրի ընթացիկ հարցերը, որոնք մասնավորապես վերաբերում են Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխմանն ուղղված ճանապարհաշինական ծրագրի առաջին փուլին։ Այն ներառում է Արգավանդի տրանսպորտային հանգույցից Շիրակի փողոց և Արշակունյաց-Շիրակի փողոցներից Արտաշատի խճուղի ուղղությունների շինարարությունը:
Արդյունավետ գնահատելով համագործակցությունը Ասիական զարգացման բանկի հետ՝ քաղաքապետը նշել է, որ մեծ կարևորություն է տալիս մասնավորապես ճանապարհաշինական ծրագրերին, որոնք ուղղված են Երևան համայնքի տրանսպորտային համակարգի բարեփոխումներին:
«Մեզ համար առաջնային խնդիրը ճանապարհաշինության աշխատանքները օր առաջ սկսելն է և մեր ամենամեծ խնդրանքն է, որ դուք հնարավոր բոլոր միջոցները գործադրեք աշխատանքները հնարավորինս շուտ սկսելու համար»,- շեշտել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
«Քաղաքաքային կայուն զարգացման» ծրագրի ղեկավար Առնո Դոֆինը ևս կարևորել է Ասիական Զարգացման բանկի և Երևանի քաղաքապետարանի համագործակցությունը՝ նշելով, որ ծրագրի շրջանակում շատ արդյունավետորեն են աշխատել քաղաքապետարանի աշխատակազմի հետ և հույս է հայտնել, որ ծրագրի հետագա իրականացումը ևս հաջող ընթացք կունենա:
Կողմերը պայմանավորվել են նախապատրաստական աշխատանքները և փաստաթղթային ձևակերպումներն իրականացնել նախատեսված ժամանակացույցի համաձայն՝ մինչև տարեվերջ շինարարիների մրցույթային ընտրության գործընթացն սկսելու ակնկալիքով:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ծրագրի ղեկավար Առնո Դոֆինը քննարկել են նաև համագործակցության այլ խնդիրներ՝ բանկի աջակցությամբ իրականացվելիք քաղաքային տնտեսության առաջնահերթությունների վերաբերյալ: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել