HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նորից վավերագրական կինոյի մասին (մինչև ոլորտն առողջանա)

Մի քանի տարի Հայաստանում քննարկվում էր կինոարտադրական գործընթացների առողջացման հարցը՝ կինոյի մասին օրենք, պետական ֆինանսավորում Հայաստանում արտադրվող ֆիլմերին, մասնավոր հատվածի նկարահանած ֆիլմերի քննարկումներ և այլն: Բայց զարմանալիորեն, ինչպես նայում եմ՝ Հայաստանում կինոարվեստ/կինոարտադրություն ասելով՝ հասկանում են միայն խաղարկային ֆիլմը: Գուցե որոշում կայացնողների համար անակնկալ լինի, բայց կինոյի երեք տեսակներն են՝ խաղարկային, վավերագրական, անիմացիոն, ու երեքն էլ իրենց բնույթով գեղարվեստական են:

Վերջին տարիներին կինոյի շուրջ քննարկումների արդյունքները, թվում է, թե պետք է երևային այս տարվա սկզբում. հաստատվել էր Կինոկենտրոնի՝ նոր, արտադրողների համար համեմատաբար ավելի ընդունելի կանոնակարգը: Նոր կարգով պետության ներկայացուցիչը՝ Կինոկենտրոնը, այլևս արտադրելու իրավունք չուներ, իսկ մինչ այդ՝ ուներ: Այսինքն՝ մասնավոր ֆիլմարտադրողը մրցում էր պետության հետ: Այժմ Կինոկենտրոնը միայն պետական միջոցները բաշխող մարմին է՝ մրցութային կարգով: Վերջին տարիներին շրջանառության մեջ դրված թեզը, ըստ որի՝ վավերագրական կինոյի ֆինանսավորման ընթացակարգերը ևս պետք է դառնան թափանցիկ, մրցութային կարգով՝ սպասվում էր, որ կլուծվի այս տարի, Կինոկենտրոնի և «Հայկ» ստուդիայի միացմամբ: Սակայն 2019-ի սկզբում, երբ հրապարակվեց Կինոկենտրոնի՝ ֆինանսավորման մրցույթի հայտարարությունը, պարզվեց, որ նրանք իրավունք չունեն վավերագրական ֆիլմեր նկարահանելու: Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա ՊՈԱԿ-ը պետությունից շարունակում է ստանալ վավերագրական ֆիլմերի նկարահանման դրամական միջոցները և Կինոկենտրոնն իրավունք չունի կրկնվող գործառույթ իրականացնելու: Իսկ թե ինչպես է տարիներ շարունակ «Հայկ» կինոստուդիայում տեղի ունեցել համագործակցող ռեժիսորների ընտրության «մրցույթը»՝ կարող է բնութագրվել այս տարվա սկզբում կինոստուդիայի ժամանակավոր պաշտոնակատարի հետ իմ ունեցած հեռախոսազրույցով, որի ժամանակ նա տեղեկացրեց, որ իրենց գեղարվեստական խորհրդի կազմը վերջին մի քանի տարում չի փոխվել, մրցույթները հայտարարվում են բանավոր. հայտարարությունը ոչ մի տեղ չի հրապարակվում, որովհետև, դե բոլոր ռեժիսորներն էլ գիտեն դրա մասին:

2019-ի փետրվարին շուրջ 30 կինոգործիչներ և վավերագրական կինոյին առնչվող շուրջ 10 կազմակերպություն նամակ ուղարկեցին ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանին և ՀՀ Ազգային Կինոկենտրոնի տնօրենի պաշտոնակատար Շուշանիկ Միրզախանյանին: Վերջինից պատասխան այդպես էլ չստացվեց: Նազենի Ղարիբյանի հետ հանդիպմանը գնացինք նամակը ստորագրածներից 3-ով. եղան պարզաբանումներ ու տպավորություն ստեղծվեց, որ նախարարությունը շահագրգռված է իրավիճակի կարգավորմամբ, սակայն լուծումը կլինի հաջորդ տարվանից. նախորդ դեկտեմբերին արդեն հաստատել են «Հայկ» կինոստուդիայի 2019-ի գործունեության բյուջեն:

2019թ. մարտի 5-ին «Հայկ» կինոստուդիան անակնկալ հայտարարություն տարածեց իր ֆեյսբուքյան էջում՝ գեղարվեստական խորհրդի նոր կազմի ձևավորման մասին: Առանց այն էլ ոլորտին տրամադրվող փոքր հանրային միջոցների հնարավոր արդյունավետ ծախսման նպատակով որոշեցի դեմել և ընդգրկվեցի գեղարվեստական խորհրդի կազմում:

Առաջին նիստին զրույցի ժամանակ ասացի, որ ո՛չ «Հայկի» մրցութային ընթացակարգը, ո՛չ էլ տեսանելիությունը մինչև այժմ բավարար չեն ապահովվել և ավագ գործընկերներիս կողմից արժանացա «քո արտասահմանյան ձևերը մի փաթաթիր մեր վզին» տրամաբանությամբ պատասխան: Սակայն, բարեբախտաբար, գեղարվեստական խորհրդի նոր նախագահը Արա Շիրինյանն է, որի առաջարկով որոշվեց անցնել հստակ ձևաչափերով մրցույթի: Այսինքն, այն գումարը, որ արդեն իսկ ստացված ֆիլմերի ընտրությունից հետո կմնա՝ կբաշխվի այլ մրցութային կարգով: Հայտադիմումի կազմման աշխատանքը վերցրեցի ինձ վրա, ու այն հավանությամբ ընդունվեց:

Խոսեցինք նաև պետական վավերագրական կինոստուդիայի գոյության պարտադիր առկայության մասին, քանի որ այն ռազմավարական նշանակություն ունի: Սա, թերևս, այս պահին եղած ամենակարևոր հարցն է, որի շուրջ ՀՀ մշակութային քաղաքականությունը որոշող նոր նախարարությունը լավ կլինի հանրային քննարկումներ կազմակերպի: Վավերագրական կինոն, հատկապես մեզ պես փոքր ու մարդկային ռեսուրսով հարուստ երկրի համար, այո, ռազմավարական նշանակություն ունի, և պետությունը պետք է իսկապես հատուկ վերաբերմունք ունենա ոլորտի նկատմամբ: Սակայն այն, ինչ արվում է այսօր՝ առկա հսկայածավալ ստեղծագործական ու բիզնես ռեսուրսների վատնում է, փոշիացում: Պետությունը հանգիստ է, քանի որ գումար է հատկացնում այդ կարևոր ոլորտը կենդանի պահելու համար, բայց այդ գումարով ստեղծվում են վավերագրական ֆիլմեր (կամ վավերագրական ֆիլմ ձևացող ռեպորտաժներ ու վիզուալ դասախոսությունններ), որոնց զգալի մասը կարելի է որակել, որպես «ստեղծագործական ավելորդաբանություն». խոսքը ոչ թե ֆիլմերի թեմաների մասին է, այլ գեղարվեստական ձևի: Խնդիրն այն է, որ հաշվետվությունները գնահատողը ֆինանսների նախարարությունն է իր՝ «տալիս ենք 100 միլիոն դրամ, դրա դիմաց 30 րոպեից երկար 15 ֆիլմ ապահովեք» տրամաբանությամբ: Իսկ թե նկարահանված ֆիլմը քանի անգամ որտեղ է ցուցադրվել, տեսանելիությունն ինչպես է ապահովվել, ինչ մրցանակներ է ստացել, որքան եկամուտ է բերել, հանրության մեջ ինչ կրթական կամ գեղարվեստական նշանակություն է ձեռք բերել՝ կարծես թե այդքան էլ շատ մարդկանց չի հետաքրքրել՝ (արդյունքներից դատելով): Այժմ խոսվում է միջազգային համագործակցության մասին. ծանրակշիռ կառույցների հետ համագործակցելիս 3 միլիոն դրամով նկարահանվող վավերագրական ֆիլմը լուրջ չի ընդունվի (հիմնականում հենց այդքան է հատկացվում «Հայկի» հետ համագործակցող կինոգործիչներին), ոչ էլ այդ գումարը՝ որպես մասնաբաժին: Իսկ «Հայկի» այն ֆիլմերը, որոնք կարելի է համարել հաջողված՝ որպես կանոն հեղինակների էնտուզիազմի արդյունք են, կամ նախկին ղեկավարության մտերիմներ: Ստեղծագործական ոլորտը ՊՈԱԿ-ներով կառավարելը, իմ կարծիքով, ամենաանհաջող տարբերակներից է, քանի որ հաջողված պրոդյուսերին քաղծառայողի «շապիկ հագցնելն» ու համապատասխան քննությունների միջով անցկացնելը գրավիչ չի լինի:

Ինչ վերաբերում է պետության ներսում կատարվող կարևոր իրադարձությունների տարեգրության վիդեո արխիվի հավաքմանը՝ դրա համար ևս կարելի է մրցույթ հայտարարել մասնավոր ֆիլմարտադրողների շրջանում: Դա կարող է հանգեցնել գեղարվեստական և տեխնիկական ավելի կատարելագործված տեսանյութերի հավաքագրմանը: Պետության սեփականություն դարձած արխիվային նյութերն էլ հետագայում պետք է բաց լինեն ստեղծագործողների և ուսանողների առջև, դրա համակարգողը կարող է լինել Հայաստանի ազգային արխիվի կինո, ֆոտո և ֆոնո փաստաթղթերի և ապահովագրական պատճենների մասնաճյուղը: Ի դեպ, «Հայկ» կինոստուդիայի գեղարվեստական խորհրդի նիստից առաջ այս հարցի մասին ևս խոսեցինք. հետաքրքրվեցի՝ նախորդ տարիներին, օրինակ, հանքարդյունաբերական ոլորտին առնչվող հանրային կարևորություն ունեցող իրադարձություններից որևէ մեկը նկարահանվել ու արխիվացվե՞լ է: Պատասխանն ինձ համար անակնկալ էր՝ ընդդիմադիր գործունեության վերաբերյալ նյութեր հավաքելը պարտադիր չեն համարել:

Ստեղծված իրավիճակում տեսնում եմ երկու լուծում. կամ վավերագրական կինոյի ֆինանսավորմամբ սկսում է զբաղվել Կինոկենտրոնը, կամ ստեղծվում է վավերագրական կինոյի հիմնադրամ, որի գործառույթը կլինի ոլորտին հատկացվող ֆինանսների բաշխումը, ոչ թե արտադրությունը: Առաջին տարբերակի դեպքում սկզբունքորեն կարևոր է, որ վավերագրական ֆիլմերի հանձնաժողովը չլինի խաղարկայինի և անիմացիոնի նույն կազմը, քանի որ թե՛ արտադրական, թե՛ ֆինանսական և թե՛ ֆիլմարտադրության կառավարման տեսանկյունից խաղարկայինն ու վավերագրականը կարելի է համարել իրարից տարբեր մասնագիտություններ: Երկրորդ տարբերակի դեպքում Կինոկենտրոնում «խաղարկային-վավերագրական» անվանակարգով տրվող ամբողջ գումարը պետք է հատկացվի Վավերագրական կինոյի հիմնադրամին, որը կորոշի՝ դրա որ մասը տալ վավերագրական ֆիլմերին, որ մասը՝ խաղարկային տարրերով վավերագրական ֆիլմերին: Երկու դեպքում էլ անձնակազմը պետք է շատ փոքր լինի՝ արդյունավետ մասնագետներով համալրված:

Վերջում միանգամից պատասխանեմ այն հարցին, թե ինչու մինչև հիմա չեմ խոսել այդ մասին: Վավերագրական կինոյի խնդիրների մասին սկսել եմ խոսել դեռ ուսանող տարիներից. այլ հարց է, որ բարձրաձայնում եմ միայն այն դեպքում, երբ դա իմաստ ունի: Մի քանի տարի առաջ, երբ ինձ առաջարկվում էր դառնալ Մշակույթի նախարարության կամ դրա ենթակայությամբ ՊՈԱԿ-ի աշխատակից՝ համաձայնեցի իրենց տված փոքր աշխատավարձով աշխատել, եթե թույլ տային մասնակցություն ունենալ ոլորտի առողջացման քաղաքականության մշակմանը (որն առաջարկվող պաշտոնի մաս էր), ոչ թե թուղթ լրացնող լինեմ. բնականաբար երկու դեպքում էլ ամեն ինչ ավարտվեց այդ խոսակցությամբ: Իսկ պաշտոնյաներից մեկը նույնիսկ ասաց, նախ պետք է ինչ-որ արժեք՝ ՊՈԱԿ ստեղծեմ, հետո քննադատեմ այլոց ստեղծածի անբավարար գործունեությունը:

Անկախ նրանից, թե «Հայկ» կինոստուդիայի միջանկյալ կարգավիճակը որքան կտևի՝ պատրաստ եմ իմ ժամանակից տրամադրել դրա՝ գոնե վերջում, հնարավորինս թափանցիկ ու արդյունավետ գործունեությանը: Այս խնդրի լուծման ուղիները հասկանալուց հետո կարիք կլինի ուշադրությունն ուղղել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կողմը, որը, իմ տպավորությամբ, տարիներ շարունակ ղեկավարվել է Հայաստանի հիմնական բուհերի սկզբունքով՝ ուսանողին դիտարկել առավելապես որպես փողի աղբյուր, իսկ կրթական ծախսերի վրա՝ անհավատալի կերպով կարողանալ խնայել:

Սեգ Կիրակոսյան

Կինոգիտության ասպիրանտ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter