HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Անակնկալ այց ոստիկանությունից կամ «Վարկ նույնիսկ սև ցուցակով»

Այսօրվա նյութիս «հերոսներից» մեկը ես եմ, բայց ոչ իմ կամքով: Իմ անձնագրի պատճենն օգտագործվել է մի գործարքում, որի հետ ամենևին կապ չունեմ: Քաղաքացու ահազանգով ոստիկանությունը զբաղվել է դրանով, սակայն ոչինչ չի բացահայտել:

Ապրիլի 1-ին մեր տան դուռը թակում է ոստիկանի համազգեստով մի տղամարդ և ներկայանում ոստիկանության Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկան: Նա ինձ էր հարցնում: Տեղեկանալով, որ ճիշտ է եկել, ներս մտնելու թույլտվություն է խնդրում: Ոստիկանը միանգամից մեղադրական տոնով հարցնում է. «Էս ի՞նչ վարկային պատմություն է»: Անակնկալի եմ գալիս, իսկ նա շարունակում է նույն տոնայնությամբ հարցեր ուղղել: «Անահիտ Հովսեփյանին ճանաչու՞մ ես, ու ի՞նչ կապ ունես «Վարկ նույնիսկ սև ցուցակով» կազմակերպության հետ»,- ասում է ոստիկանը: Զգալով, որ հարցերն անտեղի են, քանի որ թեման ինձ անհասկանալի է, բացատրեց, որ կատարում է հանձնարարական՝ ոստիկանի Արտաշատի բաժնում նախապատրաստվող նյութերի շրջանակներում, իսկ ես պետք է բացատրություն ներկայացնեմ:

Պարզվեց, որ մարտի 27-ին Արարատի մարզի Նշավան գյուղի բնակիչ Անահիտ Հովսեփյանը ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ներկայացրել, որ «Վարկ նույնիսկ սև ցուցակով» անվամբ գրանցված ֆեյսբուքյան էջի միջոցով իրեն են փոխանցել «Իդրամ» վճարային համակարգում բացված հաշվեհամար և նշել, որ գումար փոխանցելուց հետո Անահիտին կհանեն վարկային «սև ցուցակից»: Օնլայն հարթակում Անահիտի զրուցակիցը ներկայացել է որպես տնօրեն Արմեն Վիրաբյան և վստահություն շահելու համար ուղարկել է իր անձնագրի պատճենը և իմ՝ Գրիշա Բալասանյանիս նույնականացման քարտի պատճենը:

Եղանք Նշավան գյուղում: Անահիտ Հովսեփյանը «Հետք»-ին պատմեց, որ մարտի 15-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում իրեն ընկերության հայտ է ուղարկել «Վարկ նույնիսկ սև ցուցակով» օգտատերը: Անահիտին էջի անունը գրավել է, քանի որ ինքն իրականում ունեցել է դասակարգված վարկային պատմություն: Անահիտը օնլայն հարթակում հետաքրքրվել է, թե ինչպես կարող է վարկ ստանալ՝ լինելով «սև ցուցակում»: Պատասխանել են, որ առաջին հերթին իրենք օգնում են քաղաքացուն դուրս գալ բանկային «սև ցուցակից»: Անահիտից պահանջել են հանրային համարանիշի տվյալները, որպեսզի ճշտեն, թե նա որ բանկում ունի վարկեր և ինչու է «սև ցուցակում» հայտնվել:

«Ինձ մի քիչ հավատ ներշնչեց, որ իրենք ինձ ուղարկեցին տվյալներ, թե ես որ բանկում ինչ խնդիր եմ ունեցել»,- ասում է Անահիտ Հովսեփյանը:  Այնուհետև Անահիտից պահանջել են 60.000 դրամ՝ «Իդրամ» համակարգում գրանցված հաշվին փոխանցում կատարելու եղանակով:

«Իրենք հեռախոսահամար տվեցին: Զանգեցի, աղջիկ պատասխանեց, ու այդ աղջիկն ասաց, որ ինքն ընդամենը գործը կատարողն է, իսկ հիմնական զրույցները պետք է տեղի ունենան մեսինջերի զանգի միջոցով՝ տնօրենի հետ: Տնօրենն ինձ ուղարկեց Ձեր և մեկ ուրիշ քաղաքացու կապույտ անձնագրի նկարները, իբր թե իր անձնագրի տվյալներն են: Ձեր նույնականացման քարտի նկարը փակ էր, իմ մտքով չանցավ, որ դրանք կարող են տարբեր մարդկանց անձնագրեր լինել: Հետո եմ իմացել, որ նույն մարդու անձնագրերը չեն»,- նշում է Անահիտը:

Դարձյալ օնլայն հարթակում զրույցների միջոցով Անահիտին հավաստիացրել են, որ իրենք կօգնեն դուրս գալ «սև ցուցակից» և նոր վարկ վերցնել: Սակայն, Անահիտն ասել է, որ 60.000 դրամ չունի: Պատասխանել են տիկնոջը, որ նա կարող է կեսը հիմա ուղարկել, մյուս մասը՝ հետո:

«Փոխանցում կատարելու օրը ինձ ուղարկեցին «Իդրամի» հաշվեհամարը: Այդ օրն իմ մոտ այդքան գումար էլ չկար, պայմանավորվեցինք, որ 20.000 դրամ փոխանցեմ: Այդպես էլ արեցի, 20.000 դրամը փոխանցեցի իրենց ասած հաշվին: Դրանից հետո պահանջեցին իմ անձնագիրը և սոցիալական քարտը նկարեմ և ուղարկեմ իրենց, որ իրենք ձևակերպումներն անեն»,- պատմում է Անահիտ Հովսեփյանը:

Տիկնոջ ասելով՝ իրեն խոստացել էին մի 2 ժամից կապ հաստատել, որպեսզի աշխատակցի հետ իբր առավոտյան գնան «Յունիբանկ» կամ «Արդշինբանկ» նոր վարկ ձևակերպելու համար: Վարկը լինելու էր 300.000 դրամի շրջանակում: Սակայն, այդ խոսակցությունից 3 ժամ հետո Անահիտը «Վարկ նույնիսկ սև ցուցակով» էջին նամակ է ուղարկել, թե ինչ նորություն կա: Անահիտի նամակին չեն պատասխանել և անմիջապես արգելափակել են նրա ֆեյսբուքյան էջը, որպեսզի չկարողանա գրել:

«Իրենց հետ բոլոր կապերը խզվեց, այդ աղջկա համարն արդեն անհասանելի էր, և այդպես էլ չկարողացանք գտնել»,- ասում է Անահիտը: Նա դրանից հետո վախեցել է, որ իր անձնագրի տվյալները կարող են օգտագործվել այլ նպատակներով և դիմել է ոստիկանություն: Անահիտն ասում է, որ ոստիկանությանն է հանձնել իրենց խոսակցությունների պատճենները, ուղարկված անձնագրերի նկարները: Սակայն, հեռախոսահամարը, որով ընդամենը մեկ անգամ էր զանգել «Վարկ նույնիսկ սև ցուցակով» էջի աշխատակից ներկայացած աղջկան, հեռախոսից ջնջվել էր:

Այդ դեպքից հետո Անահիտը ամուսնու հետ զննել է իրեն ուղարկված անձնագրերի պատճենները և նկատել, որ ուղարկված նույնականացման քարտում անուն չի երևում: Այն, որ այդ անձը հաստատող փաստաթուղթը պատկանում է ինձ՝ Գրիշա Բալասանյանիս, պարզել են ոստիկանությունում:

«Մեջս միշտ կասկած կար: Նույնիսկ իրենց գրեցի՝ կարո՞ղ է սա խաբեություն է: Պատասխանեցին, թե իրենք մեծ ընկերություն են, և վիրավորում եմ իրենց աշխատակիցներին, քանի որ 20.000 դրամի խաբեությամբ չեն զբաղվում»,-ասում է Անահիտ Հովսեփյանը:

Անահիտն ասում է, որ ունի մանկահասակ երեխա: Ոստիկանությունում քաշքշուկները շատ էին, իրեն տանում-բերում էին, ինչն անհարմարություն էր պատճառում, ապրիլի 5-ին դիմում է գրել ոստիկանությունում, որ իր հաղորդումը թողնեն անհետևանք: Մինչ օրս նա չգիտի, թե ով է իրեն խաբել: Արմեն Վիրաբյանը, որի անձնագրի պատճենը ևս ուղարկվել էր Անահիտ Հովսեփյանին, դարձյալ բացատրություն է տվել, որ ինքը տեղյակ չէ, թե ինչպես է իր անձնագրի պատճենը հայտնվել տիկնոջ մոտ:

«Ինչու դիմումս հետ վերցրի, որովհետև անընդհատ տանում-բերում էին, ու հետն էլ ասացին, որ քրեական գործ չի հարուցվի, որովհետև օրենքով մինչև 30.000 դրամը չի համարվում խարդախություն: Միայն ես էի քաշքշուկի մեջ ընկնում: Իմ մտահոգությունն այն է, որ հետագայում իմ անձնագրի պատճենով որևէ գործարք չանեն»,- ասում է Անահիտ Հովսեփյանը և հավելում, որ ոստիկանության աշխատակիցը նույնիսկ նշել է, որ իրեն խաբած անձը գուցե դատապարտյալ է, քրեակատարողական հիմնարկից հաճախ են նման արարքներ կատարում, ինչը բացահայտելը շատ դժվար է:

Ոստիկանության Արտաշատի բաժնի ՀՈԲ տեսուչ Ա. Հարությունյանը 05.04.2019թ. որոշում է կայացրել քրեական գործ հարուցելը մերժելու մասին, ըստ որի՝ «ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով դեռևս հնարավոր չի եղել պարզել, թե «Վարկ նույնիսկ սև ցուցակով» կայքէջը ում է պատկանում, և ով է Ա. Հովսեփյանին հաղորդագրություններ ուղարկել, պարզվել է միայն, որ Ա. Հովսեփյանը 27.03.2019թ. այդ կայքէջի կողմից ուղարկված հաշվեհամարին փոխանցել է 20.000 ՀՀ դրամ գումար»:

Զավեշտ է այն, որ ոստիկանությունն, ունենալով «Իդրամ»-ի հաշվեհամարը՝ 553491884, որին էլ փոխանցվել է 20,000 դրամը, չի կարողացել պարզել խաբեությամբ զբաղվող մարդկանց ինքնությունը: Քանի որ փոխանցված գումարը 30,000 դրամից քիչ է եղել, որոշում է կայացվել նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժել:

Չի բացառվում, որ նույն եղանակով այլ անձինք ևս տուժած լինեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter