Պատվո շքանշան՝ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ «Ռոսատոմ» ատոմային էներգիայի հարցերով պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոյին:
Հանդիպմանն անդրադարձ է եղել տարբեր ոլորտներում դինամիկ զարգացող հայ-ռուսական տնտեսական համագործակցությանը: Կարևորվել է հատկապես էներգետիկայի ոլորտում, այդ թվում՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) նոր էներգաբլոկի կառուցման ուղղությամբ փոխգործակցության զարգացումը:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ նոր էներգաբլոկի կառուցումը կարող է դառնալ խոշոր ծրագրերի շուրջ հայ-ռուսական համագործակցության նախագծերից մեկը:
Սերգեյ Կիրիենկոն ՀՀ նախագահին տեղեկացրել է, որ Հայաստանում արդյունավետ հանդիպումներ է ունեցել, այցելել է նաև Մեծամորի ատոմակայան, դիտել գործող էներգաբլոկի, ինչպես նաև նոր էներգաբլոկի համար նախատեսվող տարածքը:
«Մենք կարծում ենք, որ այն աշխատանքը, որն այժմ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունն իրականացնում է, բաց է և ՄԱԳԱՏԷ-ի, և Եվրամիության, և Ատոմակայանների օպերատորների համաշխարհային ասոցիացիայի համար: Սա շատ ճիշտ մոտեցում է և գործող կայանի աշխատանքի, և նրա անվտանգության լրացուցիչ միջոցների, և նոր շինարարության տեսանկյունից»,- ասել է «Ռոսատոմ» ատոմային էներգիայի հարցերով պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն:
Ս. Կիրիենկոն բարձր է գնահատել նաև ՀԱԷԿ-ի աշխատակիցների մասնագիտական պատրաստվածության աստիճանը և նշել, որ մշակված է հետագա համագործակցության հստակ աշխատակարգ:
Սերժ Սարգսյանը հանդիպման ընթացքում «Ռոսատոմ» ատոմային էներգիայի հարցերով պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոյին պարգևատրել է Պատվո շքանշանով՝ ՀՀ և ՌԴ միջև տնտեսության ոլորտում համագործակցության ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել